Ի ՊԱՏԻՎ ՊՐՈՖ. ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՍԵԴԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Լոնդոնի Հայ տանը Թեքեյան խնամակալ մարմինը (թրասթ) կազմակերպել էր երաժշտության եւ պոեզիայի երեկոՙ նվիրված Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի ծննդյան 75-ամյակին: Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու եւ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, Լոնդոնի հայ համայնքի ականավոր գործիչներ, ԹՄՄ «Կոմիտաս» երգչախմբի անդամներ, այլ հյուրեր: Ձեռնարկին ելույթով հանդես եկավ ԹՄՄ Լոնդոն թրասթի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը: Ողջունելով ներկաներին, նա շնորհավորական ուղերձ եւ բարեմաղթանքներ հղեց պրոֆ. Ղազարյանին տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ ներկայացրեց հոբելյարի գործունեությունն ու նվաճումները: Մասնավորապես նշվեցին հայ երաժշտարվեստի զարգացման գործում հոբելյարի ունեցած ծանրակշիռ ավանդի եւ երկարամյա մանկավարժական գործունեության համար պրոֆ. Ղազարյանին շնորհված պարգեւները: 1970թ. Դավիթ Ղազարյանն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության եւ դիրիժորության ֆակուլտետը: 1992թ. ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թ.-ից նախագահում է Հայաստանի երաժշտական ընկերությունը: Նա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է. պատրաստել 45 խմբավարներ, որոնք աշխատում են Հայաստանում եւ արտասահմանում: Նա հեղինակ է մի շարք երաժշտական տեսական աշխատությունների, ինչպես նաեւ երգչախմբային ժողովածուների: Հայ Տանը երեկոն շարունակվեց մշակութային ծրագրով. հյուրերը հաճույքով լսեցին Լոնդոնի հայ համայնքում ճանաչված ասմունքող, դերասանուհի Ժենյա Ներսիսյանին (հատվածներ Հ. Թումանյանի «Անհաղթ Աքլորը» եւ «Անուշ» ստեղծագործություններից) եւ Տաթեւ Պողոսյանին (Հ. Թումանյանՙ «Լոռեցի Սաքոն»): Ծրագրի երաժշտական մասն ապահովեցին «Կոմիտաս» երգչախմբի դաշնակահարուհի Էլլա Բաբայանը եւ «Կոմիտաս» երգչախմբի կատարումների տեսաձայնագրությունը: Ձեռնարկի երաժշտական մասից հետո պրոֆ. Ղազարյանը երախտիքի խոսք հայտնեց Թեքեյան խնամակալ մարմնին Լոնդոնում նման հիշարժան երեկո կազմակերպելու համար: Բարեմաղթանքներ հղեց նաեւ «Կոմիտաս» երգչախմբին, մասնավորապես խմբավար Սիփան Հակոբյանին, ով եղել էր իր ուսանողը: Ելույթի վերջում պրոֆ. Ղազարյանը Հայաստանի երաժշտական ընկերության բարձրագույն պարգեւըՙ «Կոմիտաս» հուշամեդալը հանձնեց Վարդան Ուզունյանին իր բազմամյա ազգանվեր գործունեության եւ մասնավորապես Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը ստեղծելու համար: Այնուհետեւ, ժամանակն էր պարգեւատրելու հոբելյարին. Վարդան Ուզունյանը ԹՄՄ Խնամակալ մարմնի անունից հայ երաժշտական արվեստի զարգացմանը մեծապես նպաստելու համար պրոֆ. Դավիթ Ղազարյանին հանձնեց իր 75-ամյակի առթիվ փորագրված արծաթե պնակ: Արեն վարդապետ Շահինյանը, շնորհավորելով Դավիթ Ղազարյանին եւ բարձր գնահատանքի արժանացնելով նրա երկարամյա բեղմնավոր գործունեությունըՙ մաղթեց նրան նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ: Հանդիսությունն ավարտվեց հյուրասիրությամբ: |