ԱԶՆՎԱԿԻՐԹ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Հոբելյանական համերգՙ նվիրված Զավեն Վարդանյանին Երաժշտության դադարից հետո ներսումդ լսվող ձայնը նոր բացված տարածության արձագանքն է, որ ուզում ես երկար պահել, որովհետեւ զգացմունքի հագեցվածությունը ստեղծում է նոր իրականություն, որի ունկնդրումը մերձեցնում է քեզ մեկ այլ ճշմարտության: Երբ դահլիճը լքում է քեզ, երբ երաժիշտներն ու դիրիժորը լքում են բեմն ու գործիքները, քիչ առաջվա ձայները` հնչյունը, մեղեդին ու ժեստը վերապրվում- վերածվում են հիշողության` որպես գեղեցիկի հետ հանդիպման մի անակնկալ: «Գեղեցիկ համերգ էր: Հրաշալի կատարում: Ահա` ինչպես պետք է նշի արտիստը իր հոբելյանը»: Հետո երկար մտորելու առիթ էր տալու Հակոբ Ավետիքյանի այս երկու խոսքը եւ հաջորդող վերաբերմունքը` գովեստաճառային հոբելյանների, մեծարման երեկոների` մեզանում այնքան տարածում գտած այդ երեւույթի եւ դրանց համեմատությամբ Կամերային երաժշտության տան կիրակնօրյա հոբելյանական համերգի ազնիվ տպավորությունից: Եվ իսկապես, ինչն է ամենից ավելի թանկ արտիստի, երաժշտի համար, մարդու, որի ողջ կյանքը ծառայություն է բեմարվեստին` իր եւ իր արվեստի երկրպագուների համար հենց ա՛յդ օրը դարձնել գեղեցիկ ստեղծագործություն, ասել այն խոսքերը, խոսել այն նույն լեզվով, որն իր կյանքը իմաստավորել, դարձրել է նաեւ ուրիշներինը. նվիրում կհամարվի դա, պատասխանատվություն թե սեր, միեւնույն է: Սա ապրելու կերպ է, մտածողություն, դավանանք, երբ սահմանները կյանքային իրականության ու արվեստի մոգական աշխարհի ոչ միայն խաչվում, այլեւ կարծես ձուլվում են, այն հազվադեպ վիճակը, երբ ներսն ու դուրսը դաշնավորված են, ու կամրջողը երաժշտությունն է: Եվ եթե արտիստի կյանքը առանց բեմի քիչ է ասել թե դատարկ է, եւ առավել եւս գրեթե անիմաստ առանց արձագանքի, ուրեմն որքան թանկ պիտի լինեն այն հայացքները, որ դահլիճից յուրաքանչյուր անգամ նայում են իրեն, եւ որքան իմաստավորված համերգային յուրաքանչյուր հանդիպում նրանց հետ: Այնպես որ` ավելի լավ ընծա հանդիսատեսին եւ իրեն, հոբելյարը չէր կարող մատուցել, քան անցած կիրակի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացած համերգն էր` Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Վահան Մարտիրոսյան) եւ Մենակատարների պետական անսամբլի (գեղարվեստական ղեկավար Զավեն Վարդանյան) միացյալ կատարմամբ` դիրիժոր Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Համերգային ծրագրի առաջին մասում հնչեցին Շուբերտի 4-րդ սիմֆոնիան եւ երկու երգ` «Գրեթխենը ճախարակի մոտ» (խոսք`Գյոթեի), «Երիտասարդ միանձնուհին» (խոսք` Կրայգերի)` Սիրանույշ Գասպարյանի կատարմամբ, երկրորդում` Մենդելսոնի թիվ 4-րդ սիմֆոնիան: Համերգը նվիրված էր Զավեն Վարդանյանի ծննդյան 70-ամյակին` նախաձեռնությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի, հովանավորությամբ ՀՀ մշակույթի նախարարության: Զավեն Վարդանյանի բեմական գործունեությունը 40 տարիների պատմություն ունի, իր ծառայությունը հայ երաժշտական արվեստին ոչ միայն որպես կատարողի, նաեւ որպես կազմակերպչի հայտնի է վաղուց, դեռ տարիներ առաջ Էդուարդ Միրզոյանը եւ Ալեքսանդր Հարությունյանը նկատել են, որ նա այն եզակիներից է, որն իր գործունեությամբ զուգորդում է տաղանդավոր կատարողի ու կազմակերպչի հատկանիշները: Նրա կենսագրության հպանցիկ ծանոթությունն անգամ հաստատում է ասվածը` «Հայկական «Վագներյան», «Բախյան», «Շեքսպիրյան», «Գերմանա-ավստրիական երաժշտության բարեկամների ընկերությունների» հիմնադիր-նախագահ, «Ավետիս» երգչախմբի, Երեւանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, բազմաթիվ փառատոների հիմնադիր եւ կազմակերպիչ («Հռենոսից մինչեւ Դանուբ», «20-21-րդ դարերի երաժշտական կամուրջ», «Շեքսպիրյան օրեր», «Սուրբ Զատիկ», «Սուրբ Ծննդյան», «Բախյան», «Ժամանակակից երաժշտության» եւ այլ): Հայտնի է նաեւ նրա մասնագիտական ձեռագրի մեկ հատկանշական կողմ եւս` առավել ուշադրությունը համաշխարհային դասական արվեստի այն արժեքներին, որոնք մեզանում կամ առհասարակ չեն հնչել, կամ հազվադեպ են կատարվել, նպաստել դրանց պրոպագանդմանը, ճանաչողական փորձին, միաժամանակ հարստացնելով հայ կատարողական արվեստի երկացանկը, իր նպաստը բերելով հայ հանդիսականի երաժշտական ճաշակի հղկման, բարձրացման գործում: Նրա այս գործունեությունն ուղղված է ինչպես արեւմտաեվրոպական դասական եւ ժամանակակից, անշուշտ եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, հայտնի են Մոցարտի, Բախի, Վագների, Շտրաուսի, Ստրավինսկու, Շյոմբերգի, Վեբերնի, Լիգետիի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտուն Իսրայելյանի, Աշոտ Զոհրաբյանի, Երվանդ Երկանյանի, Վահրամ Բաբայանի եւ այլոց գործերի նրա ղեկավարությամբ առաջին կատարումները: «Հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումները կամերային երաժշտության ժանրում կապված են Զավեն Վարդանյանի անվան հետ: Այն ինչ արեցին Արտեմի Այվազյանը հայ էստրադային երաժշտության ժանրում, Ավետ Գաբրիելյանը` կվարտետի ժանրում, Թաթուլ Ալթունյանը ժողովրդական երգ ու պարի ժանրում, նույնը արեց Զավեն Վարդանյանը հայ կամերային-նվագախմբային երաժշտության ժանրում», այսպիսի կարծիք են ժամանակին հայտնել Էդ. Միրզոյանը եւ Ալ. Հարությունյանը: Եվ իհարկե իր մասնագիտական փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին, դասախոսական գործունեությունը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում միեւնույն ուղղվածությամբ են եղել, երաժշտական գիտելիքի հմուտ իմացությամբ ու բազմակողմանի մատուցմամբ. այդպիսին է նա նույնիսկ պարզ մակարդակի զրույցներում, որեւէ կոմպոզիտորի, կամ նրա գործի մասին զուտ տեղեկություն տալու, թեկուզ մեկ հարցի իր մեկնաբանության մեջ. նրա խոսքը տպավորիչ է ոչ միայն նյութի իմացական հագեցվածությամբ, նաեւ բանավոր խոսքի բարձր կուլտուրայով, կենդանի, պատկերավոր, արտահայտիչ լեզվամտածողությամբ: Զավեն Վարդանյանի գործունեությունը նախընթաց տարիներին անշուշտ արժանացել է հանրային, պետական ուշադրության. արվեստի վաստակավոր գործիչի կոչման նա արժանացավ 2009 թվականին: Վաստակաշատ դիրիժորի 70-ամյակի առիթով հայ երաժշտարվեստի իր նվիրումը, ազգաշահ գործունեությունը գնահատվեց Մշակույթի նախարարության կողմից, Կամերային երաժշտության տանը, համերգի ավարտին նրան շնորհվեց Ոսկե մեդալ: Զավեն Վարդանյանի դիրիժորական արվեստը արժանիորեն գնահատել են ինչպես հայ, նաեւ արտերկրյա բազմաթիվ երաժշտագետներ, արվեստաբաններ, կոմպոզիտորներ` «Բնական արտիստիզմ, մեկնաբանության խորություն եւ հուզականություն, ֆրազների քանդակային բնույթ, ստեղծագործական ձեւի անթերի ընկալում, ոճային ճշգրիտ զգացողություն». (Էդ. Միրզոյան, Ալ. Հարությունյան), էական մեկ հատկանիշ եւս, ինչի մասին նշել է իսպանացի կոմպոզիտոր, «Ռեալ Մուզիկալ» ընկերության նախագահ Ռամոն Խիմենեսը` դա ներշնչված մեկնաբանությունն է` ի հայտ բերելով ստեղծագործության անտեսանելի շերտերը: Բազմաթիվ կարծիքներից ընտրված այս երկուսը, առավել ամբողջական եւ ըստ էության են բնութագրում Վարդանյանի դիրիժորական անհատականությունը, եւ դա այս վերջին համերգին առավել ակնհայտ էր: Կամերային երաժշտության տան ճարտարապետական ներքին կառույցը ստեղծում է յուրօրինակ մտերմիկ մթնոլորտ եւ ունկնդրին բեմին մերձենալու ավելի հնարավորություն տալիս, եւ ոչ միայն վիզուալ առումով, այլեւ զգացական-հոգեւոր իմաստով, որի շնորհիվ ունկնդրումը կարող է վերափոխվել ներքին զրույցի, մենախոսության, ներապրումային անակնկալի: Այդ երեկո երաժշտությունը, բեմը, կատարողները, դիրիժորը մի ամբողջական կտավի, գունային ներդաշնակ ամպլուայի մեջ իսկապես տպավորիչ էին. դիրիժորը նվագախմբի ու հանդիսականի հետ խոսում էր անմիջականորեն հուզական: Եվ եթե ժեստը մարդու հոգեկան վիճակի անթաքույց արտահայտությունն է, եւ սա` առավելեւս դիրիժորական արվեստում այդպես է` երաժշտական-տեխնիկական ղեկավարում-ուղղորդումից առավել երաժշտության ներքին ոգու, զգացմունքի, հույզի փոխանցման միջոցը, ապա Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ վերոհիշյալ համերգը բացարձակապես այդպիսին էր` բաց գիրք` հոգեվիճակի արտահայտության, ակնհայտ իր ժեստի մեջ, ընթեռնելի` ձեռքի շարժման սահուն ռիթմով` արտահայտիչ ու զգացմունքային, ուստի` հաղորդական, արտիստիկ ու հանդարտ: Անկասկած, անդրադարձի առանձին թեմա է Զավեն Վարդանյանի մարդկային նկարագիրը, բնածին այն ներքին կուլտուրան, այն տագնապը, անհանգստությունը, որ ունի նա ոչ միայն արվեստի, այլեւ սեփական երկրի, բնության, մարդկային կյանքի, անկեղծ ցավը կորսվող արժեքների հանդեպ, կիրթ վերաբերմունքը շրջապատի նկատմամբ, բարեհոգի ուշադրությունը միջավայրին, ընկերներին, հոգեկից մտերիմներին: Մարդու, արվեստագետի այսպիսի նկարագիրը, վերաբերմունքը արմատներից եկող պատմություն ունի` զեյթունցի նախնիներից, մարտերին մասնակցած հորից եկող, ընտանեկան դաստիարակությունից, հետագա կրթությունից, ուսուցիչներից, արիստոկրատ-մտավորական միջավայրից փոխանցված, ինչը կարող էր զարգանալ անհատական, մարդկային բարձր հատկանիշների գոյության եւ շարունակվել անցյալի հանդեպ ունեցած պատկառանքի առկայությամբ միայն: Իր հեղինակային հաղորդումներից մեկում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը Զավեն Վարդանյանին բնութագրեց որպես էլեգանտ դիրիժոր, դիրիժոր-արիստոկրատ, մթնոլորտ ստեղծող արվեստագետ, որին բնորոշում են իբրեւ երաժշտական կյանքի խիղճ: Ճշգրիտ բնութագրում, սակայն, կարծում եմ, ոչ միայն երաժշտական, նաեւ` հանրային կյանքի խիղճ: |