ՆՐԱՆՔ, ԻՐՈՔ, ՕՐՀՆՅԱԼ ԾՆՈՒՆԴՆԵՐ ԵՆ ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ Երեւանի «ՎՄՎ-Պրինթ» հրատարակչությունը 2014 թ. տպագրել է «Օրհնյալ ծնունդներ Լոռի աշխարհի» խորագրով գիրքը, որի հեղինակը ճանաչված հրապարակագիր, վաստակավոր լրագրող Վանիկ Սանթրյանն է, խմբագիրըՙ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխ. խմբագիր Տիգրան Ֆարմանյանը : Հիշյալ գրքում ըստ արժանվույն բնութագրվում ու գնահատվում են հայոց թատրոնի եւ կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ եւ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը , Խորհրդային Հայաստանի կուսակցական եւ պետական երեւելի գործիչ, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ (1952-1966 թթ.), Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1966-1974 թթ.) Անտոն Քոչինյանը : Գրախոսվող գրքի «Նվիրումով» վերնագիրը կրող առաջնախոսքում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը նշում է. «Պաշտոնեության բերումով լրագրողը (Վանիկ Սանթրյանը- Ռ.Դ.) ի մի է ժողովել հիշյալ անձանց հետ առնչվող դեպքեր, իրադարձություններ, որոնց անմիջական մասնակիցն է եղել եւ դրանց որոշ մասը լուսաբանել է..... «Հայաստանի Հանրապետություն» պարբերականի էջերում» (էջ 4): Եվ ապաՙ «Հեղինակը գիրքը գրել է նաեւ իրենից հետո եկողների համար, որպեսզի դյուրացնի Սոս Սարգսյանի եւ Անտոն Քոչինյանի մասին տեղեկություններ քաղող ուսումնասիրողների աշխատանքը» (էջ 5): Այսինքնՙ ապագա հետազոտողներն անհրաժեշտ փաստերը կունենան մեկ ընդհանուր գրքով եւ ոչ թե մամուլի տարբեր էջերում կամ այլ հրապարակումներում սփռված հոդվածներով, փաստերով: Գրախոսվող գրքում մեկտեղված են Վանիկ Սանթրյանիՙ Սոս Սարգսյանի եւ Անտոն Քոչինյանի մասին գրած այն նյութերը, որ ներառված են իր «Ուխտագնացություն դեպի անցյալ» անտիպ գրքում եւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տարբեր առիթներով տպագրած հոդվածները: Գրքի հեղինակը միաժամանակ ներկայացրել է Սոս Սարգսյանի եւ Անտոն Քոչինյանի հիշատակին նվիրված գնահատանքի այն խոսքերը, որոնք հնչեցրել են արվեստի, մշակույթի եւ այլ ոլորտների բազմաթիվ երեւելի դեմքեր: Գրքի հրապարակումների վեր է հառնում Սոս Սարգսյանի նվիրական կերպարը, մի օրհնյալ ծնունդ, որ կերպավորել է բազմաթիվ հերոսներիՙ հայ, ռուս եւ եվրոպական տարբեր հեղինակների դրամատիկական ստեղծագործությունների բեմադրություններում, նկարահանվել 40-ից ավելի գեղարվեստական կինոֆիլմերում: Սոս Սարգսյանը միաժամանակ գրել է մի շարք գրքեր, բազմաթիվ հոդվածներ, հանդես եկել հարցազրույցներով, որոնք հարստացրել են հայ մշակույթը: Նա հայ թատրոնի եւ կինոարվեստի պատմության հավերժող դեմքերից է: Գրքի 2-րդ բաժնի նյութերըՙ մի մասը հեղինակի, մի զգալի մասն էլ ուրիշների, նվիրված են հայ ժողովրդի պանծալի զավակ Անտոն Քոչինյանին, որ 14 տարի (1952-1966 թթ.) եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահը, 8 տարի (1966-1974 թթ.) Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը: Անտոն Քոչինյանը քաջահմուտ եւ փորձառու ղեկավար էր: Նա Հայաստանի տնտեսության եւ մշակույթի զարգացման համար գնահատանքի արժանի գործ է կատարել: Նա ճանաչում էր Հայաստանի ամեն մի անկյունը, բոլոր գյուղերն ու քաղաքները, փոքր ու մեծ դիրքերի բոլոր ղեկավար կադրերին: Նա արտակարգ հմուտ ու գործունյա պաշտոնյա էր, ժողովրդի ու հայրենի պետության իսկական ղեկավար ու առաջնորդ: Նրա պաշտոնավարության տարիներին մեծ վերելք ապրեցին Հայաստանի արդյունաբերությունըՙ իր բազմաճյուղ տնտեսությամբ, գյուղատնտեսությունը, գիտակրթական, առողջապահական համակարգերը, հայոց բազմաշերտ մշակույթը: Վերափոխվեցին ու վերաշինվեցին Հայաստանի գյուղերն ու քաղաքները: Նրա պաշտոնավարության օրոք են սկսել կառուցվել Արփա-Սեւան ջրատարը, Եղեռնի զոհերի հուշարձանը: Երեւանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը նույնպես պատկանում է Անտոն Քոչինյանին: Գրախոսվող գրքում Ա. Քոչինյանի ծննդյան 90, 95, 100-ամյակների վերաբերյալ կան ուշագրավ նյութեր, որոնք առարկայորեն բնութագրում են հմուտ ղեկավար Անտոն Քոչինյանի վաստակը, ներկայացնում նրա հայրենանվեր գործունեությունը: Գրախոսվող գրքում հիշատակվում են նաեւ պատմաբան Վլադիմիր Պետրոսյանի հեղինակած երկու գրքերըՙ նվիրված ականավոր պետական, քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Դրանցից մեկը վերնագրված է «Անտոն Քոչինյանի ժամանակը» (խմբագիրներՙ Սերգո Երիցյան, Բաբկեն Վարդանյան), երկրորդըՙ «Ժամանակակիցները Անտոն Քոչինյանի մասին» (խմբագիրՙ Սերգո Երիցյան): Երկրորդ գիրքն ավելի քան 60 հեղինակների հուշագրություն է, հեղինակներ, որոնք կենդանի շփումներ, առնչություններ են ունեցել Անտոն Քոչինյանի հետ: Գրախոսվող գրքի փաստարկված շարադրանքին զուգակցված են մի շարք լուսանկարներ, որոնք առավել ուշագրավ են դարձնում Վանիկ Սանթրյանի գիրքը: Քննարկվող գրքի հեղինակի դիպուկ բնութագրմամբՙ Անտոն Քոչինյանը, Սոս Սարգսյանը, իրոք, օրհնյալ ծնունդներ են, քանզի նրանք իրենց կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրաբերել են հայրենի երկրին ու ժողովրդին, ներկա ու գալիք սերունդներին: |