ԱՆԱՆՈՒՆ ԾԱՌԻ ՁԱՅՆԸ. ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Գույժը Բեյրութից էր, տակավ նոսրացողՙ երբեմնի բարգավաճ, մտավորական հզոր լիցք ունեցող մեր գաղթօջախից. 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանաստեղծ, ուսուցիչ, մշակութային եւ կուսակցական գործիչ Պեպո Սիմոնյանը: Նա վերջին մոհիկաններից էր սփյուռքահայ մտավորականների երկրորդ սերնդի: Վավերական գրող, գրականագետ, բազմամյա ուսուցիչ էր, հռչակավոր Սահակյան վարժարանի տնօրեն, Նոր սերունդ մշակութային միության եւ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության կարկառուն ղեկավարներից, միջկուսակցական ու ներգաղութային բանակցությունների վստահելի ներկայացուցիչ: Բայց ամեն բանից առաջ համագաղութային հարգված ու սիրված մտավորական էր, քաղաքակիրթ, բարեհամբույր անձնավորություն, համբերատար լսող եւ հավասարակշիռ եզրակացությունների մարդ: Նրա թողած բացը դեռ երկար զգալի է լինելու բոլորի եւ հատկապես մտավորականությունից հետզհետե զրկվող լիբանանահայ գաղութի համար: Մեր խորազգաց ցավակցությունները նրա կողակցինՙ տիկին Ազատուհի Սիմոնյանին, բոլոր հարազատներին եւ ընկերներին: «ԱԶԳ»
Գրականության մեջ, եւ արվեստի մեջ առհասարակ, միշտ էլ եղել են, ու կան, ստեղծագործողներ, որոնց մուտքը չի եղել շռնդալից եւ ստեղծագործական կյանքն էլ եղել է անաղմուկ: Նույնքան անաղմուկ էլ նրանք դարսում են տարին տարու վրա, գիրքըՙ գրքի վրա, եւ մի օր անդրադառնում ենք, որ մարդը անառարկելի վաստակ ունի եւ ծանրակշիռ գրական ժառանգություն: Զարմանում ես, կարող ես զարմանք արտահայտել, բայց ճիշտը, իհարկե, հիանալն է: ...Ձեռքս առա բանաստեղծ Պեպո Սիմոնյանի նոր գիրքըՙ շատ գեղեցիկ եւ ճաշակով հրատարակված «Ակնթարթներ մարդու եւ կեանքի առօրեայէն» (Բեյրութ, 2012) արձակ էջերի ժողովածուն, եւ ակամա հիշեցի իր նախորդ գրքերը, իր անցած գրական ուղին: Պեպո Սիմոնյանի առաջին գիրքըՙ «Նախերգանք»-ը իսկապես որ նախերգանք էր, նախերգանք ոչ միայն իբրեւ առաջին գիրք, բանաստեղծական առաջին խոսք, «առաջաերգ», ինչպես կասեր մեր երկուսի սիրելի գրողը, այլեւ նախերգանք, սկիզբ, առաջաբան գրողական իմաստավոր կյանքի եւ տպավորիչ ու հարուստ գրական ստեղծագործության: «Նախերգանք»-ը գրական հայտ էր եւ լուրջ ու խոստումնալից հայտ: Եվ պատահական չէ, որ գիրքը նկատեց ու դրվատեց ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Հայաստանի մամուլը: Շատերը ողջունեցին բանաստեղծի ծնունդն ու գրական մուտքը, նույնիսկ դժվարահաճ ու չմահավան Վահե Օշականը, որ, այնուամենայնիվ, առաջին հայացքից շատ աննկատ վերապահությամբ վերաբերվեց բանաստեղծի հայրեներգական շեշտերին: Առաջին այդ գրքում արդեն ուրվագծվում են Պեպո Սիմոնյանի երեք անթաքույց նախընտրություններըՙ խոնարհումը արեւմտահայ բանաստեղծության, սերըՙ բնության գեղեցկության ու հավերժության, եւ անմնացորդ նվիրումի զգացումըՙ հայրենիքի ու Հայաստանի հանդեպ: Նրա հաջորդ ժողովածունՙ «Կանաչներու առասպելը» (1977) արդեն կայացած եւ վերջնականապես ձեւավորված բանաստեղծի գիրք էր: Կենսական ուժերով լեցուն, երիտասարդական զորավոր եռանդով ու ավյունով կյանքին նայող բանաստեղծը այս գրքում լիովին տրվում է դեպի բնության խորհրդի գաղտնարանները տանող ընթացքին, եւ բնությունը այս գրքում դառնում է բանաստեղծի տեսած, զգացած ու ապրած կյանքի եւ իրականության այլաբանությունը: «Կանաչներու առասպելը» գրքում արդեն զատորոշվում է Պեպո Սիմոնյանի ապագա մի այլ գրքի ու երեւի թե իր ամբողջ բանաստեղծության գլխավոր հերոսըՙ ծա՛ռը, անանո՛ւն ծառը: «Ծվեն-ծվեն երիզներ» գիրքը (1980) արձակ ժողովածու էր: Բանաստեղծը չափածո խոսքով իրեն արդեն պարզել էր ընթերցողի առաջ, բայց ըստ երեւույթին իր ներաշխարհում ընթերցողին ասելու դեռ շատ բան կար. բանաստեղծը կարիք էր զգում ընթերցողին հաղորդակից դարձնելու իր ներքին տվայտանքներին, տարակույսներին եւ մանավանդ կյանքի հանդեպ ունեցած պայծառ հայացքին ու հրճվանքին: Բանաստեղծը երկրորդ անգամ էր այցելել Հայաստան: Եվ ոչ միայն գրքում ընդգրկված «Հեքիաթ Հայաստանի մասին» հուզիչ ու անկեղծ գործը, այլեւ Հայաստանի հետ կապված մյուս գրությունները վկայում ու հաստատում էին իր առաջին գրքի մյուս անթաքույց «մեղքը»ՙ սերն ու հրճվանքը Հայաստանի հանդեպ: Թվում էՙ առաջին գրքի իր երկու խոստումներըՙ բնության թեմայի եւ հայրենիքի գաղափարի իր ընդգծումները «Կանաչներու առասպելը» եւ «Ծուէն ծուէն երիզներ» գրքերով բանաստեղծը լիովին իրագործել էր: 1981 թվականին Հայաստանի ընթերցողը, որոնց թվում եւ այս տողերը գրողը, հնարավորություն ունեցավ ծանոթանալու Պեպո Սիմոնյանի բանաստեղծությանը, Երեւանում «Սփյուռքահայ գրողներ» մատենաշարով լույս տեսավ իր «Մարդեղություն» անունը կրող ժողովածուն եւ արժանացավ բացառիկ ուշադրության: Հայաստանը իրական եւ հոգեկան հայրենիք էր, բայց կար նաեւ Լիբանանը, ուր ծնվել, հասակ առել եւ ապրում էր գրողը: Բանաստեղծը, հիրավի բանաստեղծը,- իսկ Պեպո Սիմոնյանը իսկական բանաստեղծ է,- չէր կարող չզգալ ու չապրել Լիբանանի կյանքի եւ բնության գեղեցկությունը, հմայքն ու կախարդանքը մի երկրի, որի անունը մարդկությանը հայտնի է աստվածաշնչյան ժամանակներից: Բայց մեզՙ հայերիս, եւ մանավանդ հայ գրողի, բանաստեղծի, հայ մտավորականի համար Լիբանանը թանկ եւ հարազատ երկիր է ոչ միայն իր պատմականությամբ ու բնական գեղեցկությամբ, այլեւ որ այդ երկիրը եղել է հարյուր հազարավոր հայերի փրկության ափն ու վերջին հանգրվանը, դառնալով երկրորդ հայրենիք տարագիր եւ հայրենազուրկ մարդկանց համար: Եվ Պեպո Սիմոնյանը գեղարվեստական հրաշալի փոխակերպության է վերածել ոչ միայն Լիբանանում աչք բացած, հասակ առած եւ կյանք ապրած հայ մարդու անկեղծ ու անխառն զգացումները, այլեւ Լիբանանի հոգեւոր ու պատմական կյանքի ու ընթացքի կարեւոր իրակություններն ու խորհրդանիշերը: «Լիբանան» բառը ինքը հայ բանաստեղծության եւ հայ երգի կարեւորագույն եւ մշտամնա, անվերջ հոլովվող բառերից մեկն է, որ վաղուց մեր կյանքում վերածվել է գեղեցիկ փոխաբերությանՙ Լեառն Լիբանան եւ իւր մայրեր... Կարծում եմ, որ Պեպո Սիմոնյանի բանաստեղծությունը իր լրումին հասավ «Ծառին ճիչը» (1991) գրքում: Բանաստեղծի այս գրքում առկա էր խռովահույզ ապրումների եւ խոհափիլիսոփայական մտորումների ներդաշնակ միասնություն: Գրքի հիմնական գեղարվեստական պատկեր-կերպարը, իհարկե, ծառն է, իր նախընտիր եւ նախասիրելի կերպար-խորհրդանիշը: Դեռեւս հին հույներն էին արձանագրում մարդկանց եւ բույսերի ճակատագրերի ընդհանրությունը: Պեպո Սիմոնյանը իր այս գրքում ամբողջացնում է իր բանաստեղծական մտածողությունըՙ վերջնականապես ընտրելով ազատ բանաստեղծական ձեւըՙ անհանգ բանաստեղծության թերեւս ամենադժվար կերպըՙ վերլիբր ասվածը: Միեւնույն ժամանակ, բանաստեղծը գնում է դեպի մարդու եւ բնության միասնության, մարդկային կյանքի եւ բնության տարերքի ներքին ընդհանրությունների խոհափիլիսոփայական իմաստավորումը, անցողիկի եւ մնայունի, այժմեականի եւ հավերժականի բանաստեղծական պատկերումները: «Ձեւով մը» «Ծառին ճիչը» գրքի շարունակությունը կարող է համարվել Պեպո Սիմոնյանի բանաստեղծական վերջին հատորըՙ «Միջերկրականի լոյսերուն դիմաց» (2004): Բանաստեղծական այս փառահեղ գրքում գալիս-միանում-ամբողջանում են Պեպո Սիմոնյանի նախորդ գրքերում ու ժողովածուներում արտահայտված տրամադրությունները, իր նախասիրած թեմաները արծարծվում են գեղարվեստական նոր փոխակերպումներով ու նոր փոխաբերություններով: Բանաստեղծի խոսքը այս գրքում մտնում է խաղաղ երգի հուն. խռովահույզ ապրումները, ներքին տագնապներն ու մտահոգությունները, հոգեկան վերելքների եւ վայրէջքների բանաստեղծական արծարծումները տրվում են հանդարտ, ներհուն, երբեմնՙ ներհայեցողական, երբեմնՙ պարզ պատկերագրական, երբեմնՙ բանաստեղծական ներսուզումների, բնազանցական խոհերի ու ապրումների տեսքով: Պեպո Սիմոնյանի բանաստեղծության մեջ տեւում եւ շարունակվում է հայ գրականության հիմնական գծերից մեկըՙ աշխարհի ռոմանտիկական ընկալումը եւ ռոմանտիկական վերաբերմունքը ամեն ինչի հանդեպ: Մեր գրականության այդ առանձնահատկությունը անշուշտ կապվում է մեր ժողովրդի նոր ժամանակների կյանքի եւ պատմության հետ: Կարեւոր հանգամանք է, որ Պեպո Սիմոնյանը մշակել է բանաստեղծության իր արտահայտչաձեւը, որ դասական բանաստեղծական մտածողության եւ տողարձակ ազատ կերպի համադրումն էՙ ներքին կշռույթով, բանաստեղծության տողերը առաջ տանող ուժականությամբ եւ տեղ-տեղ էլ ռոմանտիկական բանաստեղծությանը բնորոշ բարձրաշունչ ու բարձրահունչ ոգումներով: «Ծառին ճիչը» գրքում, քիչ է ասել, թե բանաստեղծի հերոսը ընթանում է դեպի բնության կատարյալ ընկալումն ու պատկերումը, ավելինՙ նա ձուլվում է բնությանը, եւ բանաստեղծի Եսը դառնում է նախնական եւ անաղարտ բնության մարմնավորումը, կերպարը, արտահայտիչը` Ես ծառերու պէս կուզեմ ծառանալ... «Ծառին ճիչը» եւ «Միջերկրականի լոյսերուն դիմաց» ժողովածուները ոչ միայն Պեպո Սիմոնյանի բանաստեղծության, այլեւ սփյուռքահայ գրականության, էլ առավել ճիշտՙ արդի հայ բանաստեղծության նվաճումներ են, բանաստեղծական վավերական երեւույթ: Պեպո Սիմոնյանի բանաստեղծությունը միանգամայն արժանի է գրականագիտական լուրջ եւ հիմնավոր ուսումնասիրության, ինչը, վստահ եմ, մի օր կլինի: *** Պակաս ուշագրավ երեւույթ չէ Պեպո Սիմոնյանի գրականագիտական վաստակը: Գրականագիտությունը մեր սփյուռքահայ գրականության ամենացավոտ տեղն է: Տասնիններորդ դարի վերջին եւ մանավանդ քսաներորդ դարի առաջին տասնամյակում արեւմտահայ գրականության մեջ, եւ առհասարակ մամուլի էջերում, իշխում էր ֆրանսիական գրականությունից, Ռեմի դը Գուրմոնից եւ ուրիշներից սկիզբ առած տպավորապաշտական գրականագիտությունը: Որեւէ գրողից, գրական որեւէ երկից ստացած անձնական զգացումներն ու տպավորությունները մատուցվում եւ ներկայացվում էին իբրեւ գրականության բարձրագույն ճաշակ եւ վերջնական գնահատություն: Գիտական-քննական մոտեցումը գրեթե իսպառ բացակայում է այդ հոդվածներում եւ էսսեներում: Այս հանգամանքը, իհարկե, ամենեւին չի նվազեցնում գրական այդ շարադրանքների արժեքն ու նշանակությունը: Գրական այդ մոտեցումը որդեգրեցին հիմնականում մեր գրողներն ու բանաստեղծները: Տաղանդավոր մարդիկ տվեցին տաղանդավոր գրություններ, իսկ հետո իրենց անխուսափելի բացակայումը բերեց ասպարեզի պարապություն: Ուսումնասիրության գիտական նախահիմքերի եւ գիտական ավանդույթների չգոյությունը ասպարեզը թողեց առանձին անհատների, որոնց թիվը այսօր հուսահատվելու չափ քիչ է: Եվ նրանք, սակավաթիվ այդ անհատները, ունենալով գրական տաղանդ ու բարձր ճաշակ, լավ ծանոթ լինելով եւ գիտենալով, թե ինչ է բանասիրությունը եւ գրականագիտությունը իբրեւ գիտություն, տասնյակ տարիներ զբաղվել են գրականագիտությամբ, ջանալով լինել եւ մնալ գիտական ուսումնասիրության անհրաժեշտ բարձրության վրա: Այդ սակավաթիվ անհատներից մեկը, անշուշտ, Պեպո Սիմոնյանն է, ասվածի լավագույն վկայությունըՙ գրականագիտական ուսումնասիրությունների եւ հոդվածների «Էջեր եւ նիւթեր գրականութեան» խորագիրը կրող երկու հատորը (Ա հատոր. 2007, Բ հատոր, 2009): Պեպո Սիմոնյանը նախընտրություններ ունեցող հեղինակ է: Եվ շատ հետաքրքրական են հայ գրականությունից իր նախընտրած ժամանակները, գրողներն ու գրքերը: Իր մեծագույն սերը, անշուշտ, քսաներորդ դարի սկզբի արեւմտահայ գրականությունն է: Դարասկիզբը իր վերելքով ու հարստությամբ, բացառիկ ժամանակ է թե՛ արեւմտահայ եւ թե՛ արեւելահայ գրականության պատմության մեջ: Այդ շրջանը, հիրավի, մեր գրականության արծաթե դարն է: Եվ այդ շրջանի գրականության ուսումնասիրությամբ զբաղվելը արդեն ինքնին ինչ-որ բան նշանակում է: Երկու հատորի բազմաթիվ նյութերՙ գրական դիմանկարներ ու գրախոսություններ, նվիրված են սփյուռքահայ գրականությանը: Թվում էՙ չկա մի ուշագրավ բան, մի ուշագրավ գրական երկ կամ երեւույթ, որ վրիպած լինի Պեպո Սիմոնյանի ուշադրությունից: Եվ նա կարողանում է ամեն մի հեղինակի, ամեն մի գրողի համար գտնել նրան բնորոշող ճիշտ խոսքերը, ցույց տալ գրական երեւույթի էությունը, արժեւորել այն: Պեպո Սիմոնյանը արդարացիորեն սփյուռքահայ գրականությունը համարում է միասնական ու ամբողջական երեւույթ, այդ միասնականության նախահիմքը տեսնելով մեր ժողովրդի պատմական ճակատագրի եւ սփյուռքահայությանը վիճակված տարագիր կյանքի հանգամանքի մեջ: Գրականագետը նույն սիրով ու համոզումով է խոսում ե՛ւ Բեյրութում ու Սիրիայում, ե՛ւ Ֆրանսիայում ու Ամերիկայում, ե՛ւ Պոլսում ու Արգենտինայում մշակվող հայ գրականության մասին: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Պեպո Սիմոնյանի գրականագիտական այս երկու հատորը կարող են սփյուռքահայ արդի գրականության ուղեցույց ձեռնարկ կամ դասագիրք դառնալ ընթերցողի համար: Այս երկու հատորում առանձին տեղ ունի Հայաստանն ու հայաստանյան գրականությունը: Եվ Պեպո Սիմոնյանի պարագային դա չէր կարող չլինել: Ինձ համար դժվար է այսօր մատնանշել սփյուռքահայ մի այլ գրողի, որ տասնյակ տարիներ այդքան նվիրումով կապված լինի Հայաստանի կյանքին ու Հայաստանի գրականությանը: Պեպո Սիմոնյանը հոգեւին կապված է Հայաստանին թե՛ իր բանաստեղծությամբ եւ թե՛ իր գրական-գրականագիտական հոդվածներով: Այստեղ էլ նա մնում է հավատարիմ համախոհն ու արժանավոր սանը Հայաստանի մեծ զավակիՙ Կոստան Զարյանի: Գաղտնիք չէ, որ, ի վերջո, Հայաստանի գաղափարը, Հայաստանի զորավոր էությունն է ստեղծել Կոստան Զարյանի մեծ գրականությունը: Պեպո Սիմոնյանը մեծ խոնարհումով եւ երկյուղածությամբ է գրում արեւելահայ դասական գրականության եւ առանձնակի սիրով ու համակրանքովՙ վերջին տասնամյակների արեւելահայ հեղինակների ու գրական երեւույթների մասին: Իր վերաբերմունքը, իր մոտեցումը տեղ չի թողնում կասկածելու, թե Պեպո Սիմոնյանը որքան Սփյուռքի, նույնքան եւ ավելի Հայաստանի զավակն է, Հայաստանի գրողը եւ բանաստեղծը: Նա ինքը քանի անգամ գրել է այդ մասին, ասել է բանաստեղծական խոսքով, ասել է նրբությամբ ու զգացումով, երբեմն այլաբանորեն, երբեմն էլ` փոխաբերությամբ եւ խոսուն ու իմաստավոր պատկերովՙ Իմ ծառս հո՛ն է Մեծ Լերան լանջին... Եվ երբեմն էլՙ այդ մասին ասել է անթաքույց շիտակ խոստովանությամբ. «Երբ հոս եմ, Լիբանանի հողին վրայ, հայրենիքիս կարօտը կը մաշեցնէ զիս: Բայց ամէն անգամ, երբ Լիբանանէն հեռանամ, նոյնի՛սկ եթէ մայր հողիս ջերմութիւնը զգամ քայլերուս տակ, կ՛ապրիմ Լիբանանի կարօտը, Լիբանան վերադարձի բուռն փափաքը, անբացատրելի ցանկութիւնը...» («Երկու հայրենիքներու միջեւ...»): Իր խաչն է, տարագրության մեջ ծնված հայի եւ սփյուռքահայ բանաստեղծի իր ճակատագիրը: Հայոց գիրը եւ հայոց բանաստեղծությունը վաղուց ի վեր սրբագործում են բոլոր տարագիր բանաստեղծների դրաման: *** ...Եվ, անշուշտ, մարդը: Առինքնող ու գրավիչ հրաշալի անձը: Միշտ բարեշնորհ, լուրջ ու ծանրակշիռ անձնավորությունը, ուսուցիչ ե՛ւ իր աշակերտների, ե՛ւ իրենից կրտսերների, ե՛ւ իր ընկերների համար: Եվ մեզ համար ուսուցիչՙ մե՛ր ցանկությամբ ու մե՛ր կամքով: Եվ անկարելի է, որ այդ սրտի ու այդ հոգու տեր մարդը անտարբեր լիներ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում էր իր շուրջըՙ հայկական կյանքումՙ Սփյուռքում կամ Հայաստանում, լիբանանյան իրականության մեջ, ի վերջոՙ ամբողջ աշխարհում: Բանաստեղծի զգայուն սիրտը միշտ արձագանքել է իրեն հուզող հարցերին ու խնդիրներին: Այդպես են ծնվել «Մարդկային իրաւանց հարցեր» (1994) եւ «Ակնթարթներ» (2012) գրքերը, որոնք բացահայտում են գրողի բարոյական դիրքորոշումները մեր ժամանակների կարեւորագույն խնդիրների հանդեպ: Զարմանալի կարող է թվալ, որ հայ գրողը գրում է այնպիսի նյութերի մասին, արծարծում է այնպիսի հարցեր, որոնք անմիջական որեւէ կապ չունեն հայության եւ հայկական իրականության հետ: Ամենատարբեր խնդիրներ են մտահոգում եւ զբաղեցնում գրողին: Նա գրում է մեքենական մեր դարում մարդու բարոյական անկումի եւ արժեզրկման, ցեղային խտրականության, այսօր աշխարհում գոյություն ունեցող զանգվածային հսկա շերտերի անգրագիտության, կենսոլորտի ապականման եւ նման տասնյակ այլ խնդիրների ու հարցերի մասին: Պեպո Սիմոնյանը, իհարկե, շատ լավ գիտի, որ իր գրածը մի բուռ հայերն են կարդալու (Սփյուռքի հեղինակների հատուկենտ գրքեր են հասնում Հայաստան) եւ որ իր գրածով աշխարհում բան չի փոխվելու, իր գրելով աշխարհում ոչ երեխաների սովամահություն կվերանա, ոչ Հարավային Ափրիկեի վերքը կփակվի եւ ոչ էլ մարդկային կյանքը կեղեքող բազում չարիքները կվերանան: Գիտի, բայց, այնուամենայնիվ, գրում է: Եվ գրում է, որովհետեւ չի կարող չգրել: Շատ մարդիկ կան, որոնք կարող են չգրել, որոնք չեն գրում, լռում են եւ կամ անտարբեր են ձեւանում: Բայց եւ կան մարդիկ, որոնց համար լռելը տանջանք է կամ դավաճանություն մարդկության հանդեպ: Ահա նրանք էլ չգրել չեն կարող: Եվ այնուամենայնիվ գրողի գրելով ինչ-որ բան աշխարհում փոխվում է. թեկուզ շատ աննշան, շատ աննկատելի մի բան գրողի բառի ու տողի առջեւ տեղի է տալիս, նահանջում է: Նույնը վերաբերում է եւ «Ակնթարթներ» գրքին, միայն թե այստեղ երեւույթները դիտված են առանց հրապարակախոսական շեշտի, ավելի խոհափիլիսոփայական հայացքով եւ մոտեցումով: Եվ դա է այսօրինակ հրապարակախոսական գրքերի բարոյական բովանդակությունն ու արժեքը: Մահաթմա Գանդիի` արդի հասարակության յոթ մեղքը մատնանշող յոթ կարեւորագույն պատվիրանը իր մի էսսեին բնաբան դարձրած գրողը, դատելով ըստ իր մշակած գրականության, ապրել եւ ստեղծագործել է բարոյական բարձրագույն սկզբունքների հետեւելով: Եվ ստեղծել է վավերական ու արժեքավոր գրականություն... |