RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 03-04-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-04-02 23:14:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 1810, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐԴՅՈ՞Ք ԱՎՐՈՐԱՆ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Ազգի» մարտի 20-ի համարում տեղ գտած «Մեծ եղեռնը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունըՙ մարտ ամսվա գիրք» նյութում նշված է. «Նույն թվականին (1918-ին - Ա. Բ.) էկրան է բարձրանում բարեգործական նպատակներով նկարահանված «Հոշոտված Հայաստան» («Հոգիների աճուրդ») համր ֆիլմը, որտեղ Ավրորային վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը եւ դառնալու առաջին հայ կինոդերասանուհին » (ընդգծումը մերն է:Խմբ.):

Այս փաստը շրջանառվում է համացանցի տարբեր էջերում եւս:

Իրականում առաջին հայ կինոդերասանուհին Ավրորա Մարտիկանյանը չէր (հայերենով ճիշտ է նրա անունն այսպես գրելը, ոչ թե արեւմտահայերենից անգլերեն տառադարձված ձեւը պատճենելը):

Առաջին հայազգի կինոդերասանուհին, ում անունը մեզ հայտնի է, եղել է 1910 թվականից հոլիվուդյան «Փարամաունթ փիքչըրզ» կինոստուդիայում աշխատած Նուրեսա Հաթչինսոնը (1888-), որի ծննդյան անունը եղել է Նուրիցա Ջալթամազյան: Ծնվել է Քեսաբում, աշխատել ամերիկյան թատրոնում, գլխավոր դերեր է կատարել համր կինոնկարներումՙ 1910-ից մինչեւ 1923 թվականը: Ամուսնացած է եղել կինոդերասան Չարլզ Բրինքլիի (1880-1946) հետ, որը նկարահանվել էր 160-ից ավելի ֆիլմերում (հատկապեսՙ վեսթերն ժանրի): Զավակ չեն ունեցել: Նուրեսան վախճանվել է Լոս Անջելեսի «Արարատ» ծերանոցում: Միշըն Հիլզի (Քալիֆորնիա) «Արարատ Էսկիճյան թանգարանում» ցուցադրվում է նրա լուսանկարը, թանգարանի արխիվում կան այլ լուսանկարներ եւս, սակայն տարօրինակորեն ոչ մի կինոնկարում նրա անունը հիշատակված չենք գտել: Ի դեպ, Նուրեսա Հաթչինսոնի լուսանկարն ընդգրկվել է շուտով էկրան բարձրանալիք Գարին Հովհաննիսյանի եւ Ալեք Մուհիբյանի «1915» կինոնկարում, Լոս Անջելեսի թատրոնում կատարվող տեսարաններից մեկում:

1912-ին կինո մուտք է գործել ռուսական նախախորհրդային կինոյի հայազգի աստղ Մարիա Գորիչեւան (Կազանջիեւա, 1887-1967), որ հետագայում նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում:

1913 թվականին հայ թատրոնի դերասանուհի Ժասմենը (Մարիամ Գրիգորյան, 1894-1978) Կիեւում նկարահանվել է Յակով Պրոտազանովի եւ Վ. Գարդինի «Երջանկության բանալիները» ֆիլմումՙ Սոնյա Գոռլենկոյի դերում:

1914 թվականին առաջին անգամ կինոյում նկարահանվել է ամերիկյան թատրոնի ժամանակի սիրված դերասանուհիներից մեկըՙ Ֆլորա Զաբելը (Իզաբել Մանգասարյան, 18801968), որ ամուսնուՙ Ռայմոնդ Հիչքոքի հետ մասնակցել է մի քանի կինոկատակերգությունների:

1914-ին ռուսական «Փախստականը» եւ «Իսմայիլ բեյ» ֆիլմերում նկարահանվել է հայ թատրոնի ճանաչված դերասանուհի Եկատերինա Դուրյան-Արմենյանը (18851971):

Հավանաբար հայուհի է եղել նաեւ ռուսական գավառական թատրոնների դերասանուհի Մարգարիտա Խալատովան (Խալաթյան), որ կինոյում հանդես է եկել 19141915 թթ.ՙ խաղալով հիմնականում մայրերի դերեր:

1916-ին իտալական կինոյումՙ Վիտալե դե Ստեֆանոյի «Սերՙ որ լռում է» ֆիլմում նկարահանվել է երգչուհի-դերասանուհի Մարուսկա Սիրվարդը (Սիրվարդ Տեր-Մկրտչյան), որ մինչեւ 1920-ը համագործակցել է իտալական «Տեսպի», «Տիբեր» եւ «Կարեն» կինոստուդիաների հետ:

Նույն 1916-ին Կոստանդնուպոլսում նկարահանված ռեժիսորներ Ֆուաթ Ուզքինայի եւ Զիգմունդ Վայնբերգի «Հիմմեթ աղայի ամուսնությունը» կինոնկարում գլխավոր դերերը կատարել են պոլսահայ թատրոնի դերասանուհիներ Լյուսի Գարագաշը եւ Արուսյակ Պալթազարը:

1917-ին թուրք բեմադրիչ Սեդաթ Սիմավիի «Ճիրանը» կինոնկարի դերակատարուհին էր Պոլսի հայ եւ թուրքական թատերախմբերի համբավավոր դերասանուհի Էլիզ Պիննեմեճյանը (Գովան, 18901981):

1918-ին ամերիկյան «Էդիսոն» ֆիրմայի երկու ֆիլմում նկարահանվել է ծնունդով թիֆլիսեցի Մարգարիտ Սարգսյանը (Շաքարյան), ծնված 1892-ին:

Նույն թվականին Ավստրիայում Ֆրից Ֆրայզլերի «Մանդարին» ֆիլմում նկարահանվել է հայազգի երգչուհի Նեկտար Ֆլոնդորը (1890-1985):

Ինչպես տեսնում ենք, Ավրորա Մարտիկանյանից առաջ եւ նրա հետ միեւնույն թվականին տարբեր երկրների կինեմատոգրաֆում հանդես էին եկել արդեն առնվազն տասներկու հայ եւ հայազգի դերասանուհիներ: Ուստիեւ սխալ է նրան առաջին հայ կինոդերասանուհին անվանելը, եթե անգամ նա, ի տարբերություն բոլոր վերոնշյալ դերասանուհիների, էկրանին հանդես է եկել հայուհու դերով...

Նկար 1. Էլիզ Պիննեմեճյան

Նկար 2. Նեկտար Ֆլոնդոր

Նկար 3. Ժասմեն

Նկար 4. Մարիա Գորիչեւա

Նկար 5. Ֆլորա Զաբել

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ