ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳԼՈԲԱԼ ԱՐԺԵՔՆԵՐ. Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ «Ազգ-Մշակույթի» դիրքորոշումը Առաջիկա երեքշաբթի օրը, փետրվարի 16-ը, հոբելյանական է «Ազգ»ի համար: Ճիշտ 25 տարի առաջ, այդ օրը, լույս տեսավ մեր թերթի առաջին համարը: Այդ առիթով ստորեւ ռուսերենից թարգմանաբար հատվածներ ենք հրատարակում վերջերս Մոսկվայում հետխորհրդային մամուլին նվիրված գիտաժողովում Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայ լրագրության ամբիոնի վարիչ, դոկտ. պրոֆ. Դավիթ Պետրոսյանի կարդացած զեկուցումից: 1. Ազգային եւ գլոբալ մշակութային արժեքները «Ազգ-Մշակույթ» շաբաթաթերթի էջերում. երկխոսության վարպետություն Դեռեւս անցյալ դարավերջից գլոբալացման գործընթացների ակտիվացումը հետազոտողների ուշադրությունը սեւեռեց ԶԼՄ-ներում ազգային եւ գլոբալ արժեքների փոխազդեցության խնդրի վրա: Հատկապես հետխորհրդային տարածքում այդ փոխազդեցության հետեւանքները դրսեւորվում են հասարակական գիտակցության բարդ եւ հակասական փոփոխությունների պայմաններում: Մի կողմից` ազգային արժեքների ձերբազատումը խորհրդային գաղափարախոսության շրջանակներից, մյուս կողմից` գլոբալ մշակութային արժեքների անարգել մուտքը համացանցի եւ ԶԼՄ-ների միջոցով. սրանք իրողություններ են, որոնք անհրաժեշտ է լսարանին փոխանցել շրջահայաց քաղաքականությամբ: «Ազգ-Մշակույթ» շաբաթաթերթը այդ առաքելությունն իրականացնող պարբերականներից մեկն է Հայաստանում(1): Ազգային եւ գլոբալ արժեքների հանդեպ «Ազգ-Մշակույթը» իր ստեղծման առաջին իսկ օրվանից (2006 թ.) որոշակի դիրքորոշում է որդեգրել. հավատարիմ մնալ ազգային արքետիպերից սնվող կայուն ավանդույթներին` միաժամանակ տեսադաշտում պահելով համամարդկային արժեք ունեցող մշակութային գործերը: Առաջին պլանում, ինչ խոսք, արվեստի ոլորտներն են` գրականություն, երաժշտություն, նկարչություն, թատրոն, կինո, ճարտարապետություն... Ազգային արժեքները լուսաբանող հրապարակումները գրավում են թերթի հիմնական մասը: Սրանց, ինչպես նաեւ գլոբալ արժեքների մատուցման ձեւերը ժանրային առումով բազմազան են` հոդված, ռեպորտաժ, հարցազրույց, ակնարկ, թղթակցություն, նամակ, գրախոսություն... Ազգային եւ գլոբալ արժեքների փոխհարաբերությունների իմաստային դաշտը լայն է ու բազմաշերտ: Ուզում ենք ներկայացնել ուղղություններից միայն մեկը, որն անմիջականորեն բխում է «Ազգ-Մշակույթի» քաղաքականությունից: Թերթը մշակույթների երկխոսության ջատագովներից է եւ այդ համատեքստում էլ հստակեցրել է իր վերաբերմունքը գլոբալ գործընթացների հանդեպ: Այն առանձնակի ուշադրությամբ հետեւում է մշակույթի տարածքում ընթացող գլոբալ արժեքների տեղայնացման եւ ազգային արժեքների գլոբալացման գործընթացներին: Նրան անհանգստացնողն առաջինն է, քանի որ Արեւմուտքից ներթափանցող արժեքները հատկապես վերջին տարիներին բնորոշվում են շոու-բիզնեսի թելադրանքով հասարակությանը մոլորեցնող ցածրաճաշակ, էժանագին գործերով. «Ամեն օր մեր հեռուստաալիքներով նորանոր, անճաշակության նույն կաղապարից դուրս ելած, մեկը մյուսին գովերգող դրամատուրգներ, դերասաններ, բանաստեղծներ, կոմպոզիտորներ, անվերջանալի ուրախ ժամանցային ու գովազդային խեղկատակներ... ելույթ են ունենում, շուրջօրյա մարաթոնը շարունակվում է, իսկ մշակույթ չկա...»:(2) Հոդվածագրի տագնապը հիմնականում համահունչ է մտավորական լսարանի մտահոգություններին: Իբրեւ լուրջ հակազդեցություն` «Ազգ-Մշակույթի» էջերում հաճախ են տպագրվում գլոբալ մշակութային արժեքների բարձր վարկը պահպանող արեւմտյան արվեստագետների (Գյոթե, Շեքսպիր, Դոստոեւսկի, Ռուբենս, Պիկասո, Պենդերեցկի, Ֆելլինի եւ ուրիշներ) մասին հրապարակումներ(3): 2. Թերթի մշակութային քաղաքականության մեջ ուշագրավ երեւույթ է նաեւ ազգայինը գլոբալացման տանող միտումների լուսաբանման փորձը: 2007 թվականին Ֆրանսիայում «Հայաստանի տարվա» կապակցությամբ կազմակերպված աննախադեպ թվով միջոցառումները (850 միջոցառում 165 քաղաքներում, շուրջ 4000 հոդված մամուլում) գնահատվում են իբրեւ մեծ հաջողություն, քանի որ մեր երկիրը «երբեւէ հնարավորություն չէր ունեցել իր արժեքները նման մակարդակով եւ նման ծավալով ներկայացնել Հայաստանից դուրս»:(4) Ինչ խոսք, փոքր երկրի մշակույթը գլոբալ տարածք դուրս բերելը համեմատության եզր չունի գլոբալացման այն տեսակի հետ, երբ արտահանվողը զանգվածային մշակույթն է, այն էլ` ագրեսիվ քաղաքականությամբ: Ուստի ազգայինի գլոբալացումը լսարանին փոխանցելու մարտավարությունը, որ դրսեւորվում է Ֆրանսիայում «Հայաստանի տարին» լուսաբանող եւ նմանատիպ հրապարակումներով, թերթի մշակութային քաղաքականության անբաժան մասն է: Երկխոսության դիսկուրսը ժամանակի տարածքում Ժամանակի բարդ հոլովույթում մշակույթների երկխոսությունը դուրս է «ներկա, անցյալ, ապագա» պայմանական բաժանումներից, քանի որ «մշակույթը անցյալի, ներկայի, ապագայի տարբեր մշակույթների տեր մարդկանց համաժամանակյա կեցության եւ հաղորդակցման ձեւ է:... Երկխոսության հղացքում մշակույթը դիտարկվում է որպես հնարավոր հաղորդակցման բաց սուբյեկտ»(5): Այս հիմնադրույթի անմիջական դրսեւորումներն են բոլոր այն երկխոսությունները, որոնք տեղի են ունենում Մ. Բախտինի նշած մեծ ժամանակի մեջ եւ որոնք բազմիցս հանդիպում են նաեւ «Ազգ-Մշակույթ» թերթի էջերում: Մենք կանգ կառնենք հիմնականում երկու ուղղությունների վրա` լրագրող (հեղինակ)-պատմական անցյալի արժեքներ եւ լրագրող (հեղինակ)-ժամանակակից մշակույթ եւ մշակութային գործիչներ: Ա/ Լրագրող-պատմական անցյալի արժեքներ Լրագրող-պատմական անցյալ երկխոսությունը նորովի է բացահայտում լրագրողական տեքստի հնարավորությունները: «Ազգ-Մշակույթ» թերթում տպագրված հրապարակումները երկխոսային տարբեր խաղարկումներով «կենդանացնում», ժամանակակից են դարձնում անցյալի մշակութային գործիչներին: Այս համատեքստում ժամանակի մեջ չխամրած նրանց գաղափարները, ստեղծագործությունները կրկին դառնում են քննարկման առարկա: «Ազգ-Մշակույթ» թերթում տպագրված հրապարակումներից կցանկանայինք առանձնացնել Կարպիս Սուրենյանի «Չէ, օ՜ Տոլստոյ, չէ... » էսսեն: Հեղինակն ընտրել է առերես երկխոսության մի տարբերակ, որտեղ զրուցակցի աթոռին Լ. Տոլստոյն է` Շեքսպիրի մասին գրած իր մտորումներով: Սուրենյանը դիմում է նրան «դու»-ով, մեջբերում մտքեր նրա հոդվածից, կրոնական ուսմունքից: Հիմնականում հակադրվում է, մերժում նրա սուբյեկտիվ մոտեցումները: Երբեմն էլ փորձում է արդարացնել. «Մի բան կա, որ անհանգստացնում է ինձ, խռովում: Թվում է, որ այս գրվածքներում քարոզիչ Տոլստոյը ձեւացնում է, թե «մոռացել» է մեծ գրողին իր մեջ...»:(7) Էսսեն գրված է ներքին երկխոսությանը(8) բնորոշ հարցումներով, Տոլստոյի ենթադրյալ-անուղղակի պատասխաններով, ապա նաեւ իր` հեղինակի փաստարկումներով, որոնք իմաստային դաշտում նպատակ ունեն համոզելու ժամանակակից ընթերցողին, որ մեծ արվեստագետներն էլ կարող են սխալվել: Ընդ որում արտաքին լսարանի համար նա կիրառում է ինքնախոստովանության մտերմիկ տոնը («Չեմ հավատում ամբողջ այդ քարոզին», «Ուղիղ տասնչորս ու կես տարեկան էի այդ ձմռանը», «Չէ, գիտեմ` ինչն էր ինձ մղում գրելու այս էջերը»,(9) եւ այլն): Էսսեում Սուրենյանը կիրառել է մի ուշագրավ հնարանք եւս. իր եւ Տոլստոյի երկխոսության ողջ ընթացքում նրանց բանավեճին «հետեւում է» ոչ միայն արտաքին` այսօրվա լսարանը, այլ նաեւ ներքին լսարանը , որտեղ «նստած են», Շեքսպիրից բացի, Տոլստոյի կողմից քննադատված ուրիշ արվեստագետներ եւս` նշանավոր գրողներ, երաժիշտներ: Այս կրկնակի երկխոսայնությունը` հեղինակ-ներքին հասցեատեր-ներքին լսարան, արտաքին հասցեատեր-արտաքին լսարան, նկատելի աշխուժություն է հաղորդում էսսեին` ժամանակի կարճ տեւողության մեջ ներառելով նաեւ երկար տեւողության մեջ ապրող մշակութային մնայուն արժեքները: «Ազգ-Մշակույթ»-ում մեծ ժամանակի մեջ երկխոսային նման խաղարկումների հետաքրքրական տարատեսակներ կան նաեւ Վանուհի Թովմասյանի «Անսկիզբ եւ անավարտ մի նամակի սեւագրություն» (10. 05. 2008, թիվ 9), Գոհար Աճեմյանի «Երկխոսություն Նարեկացիի հետ...», (22.11. 2008, թիվ 22), Ռուզան Զարյանի «Որպես մի «ուղղաձիգ ու մնայուն խաչքար»» (12. 09. 2009, թիվ 9), Թամար Հովհաննիսյանի «Բարեւ Ուսուցիչ», (31. 08. 2013, թիվ 15) եւ բազմաթիվ այլ հրապարակումներում: Եթե ընդհանրացնենք «լրագրող-պատմական անցյալ» երկխոսության ժանրային պատկերը, ապա իբրեւ հիմնական, բնորոշ տեսակ կարող է լինել նամակը, որի մեջ ներառված են նաեւ էսսեի, հոդվածի, հարցազրույցի տարրեր: Լրագրողի զրուցակիցը անցյալի մեջ վերակենդանացող «դու»-ն է` ի դեմս տարբեր դարերում ապրած արվեստագետների, որոնց ներկայությունը ներքին երկխոսության շրջանակներում զգալիորեն նպաստում է տեքստի անմիջական եւ կենդանի մատուցմանը: Բ/ Լրագրող-ժամանակակից մշակույթ եւ մշակութային արժեքներ Ազգային եւ գլոբալ արժեքների մասին երկխոսային դիսկուրսը նոր դրսեւորումներ է ստանում ժամանակակից մշակութային գործընթացներին նվիրված հրապարակումներում: Նախ` մեծանում է այս կամ այն մշակութային հիմնախնդրին արձագանքող լրագրողների, մտավորականների թիվը: Երկրորդ, անցյալի բարձր արժեքների շուրջ հեղինակի գեղագիտական խոհերին հաճախ փոխարինելու են գալիս դատողություններ ու մտորումներ, որոնց մեջ հիմնական տեղ են գրավում զանգվածային մշակույթի տարածման, արվեստի արժեզրկման, արվեստագետի եւ նրա ստեղծագործության քաղաքականացման շուրջ մտահոգությունները: Երրորդ, այդ մտահոգությունները շատ դեպքերում վերածվում են բանավեճերի ու բանակռիվների, որոնց մասնակիցները, բուն խնդիրը մի կողմ թողնելով, երբեմն անցնում են պատշաճ պահվածքի սահմանները: Չորրորդ, թուլանում է երկխոսային կառույցի հիմնաբաղադրիչներից մեկի` ներքին երկխոսության էներգիան: Հեղինակի տեսադաշտում մնում է հիմնականում արտաքին հասցեատերը, որի հետ ուղղակի երկխոսության պահանջը երկրորդ պլան է մղում ներքին երկխոսությանը բնորոշ հնարանքների որոշակի մասը: Այս ամենով հանդերձ, «Ազգ-Մշակույթը» շարունակում է դրսեւորել մշակութային բարձր արժեքների հանդեպ իր առանձնակի վերաբերմունքը: Նրա էջերում հաճախ են հանդես գալիս ճանաչված եւ գործող մտավորականներ (Տիգրան Մանսուրյան, Հակոբ Հակոբյան, Կարպիս Սուրենյան, Երվանդ Տեր-Խաչատրյան, Տ. Հովհաննիսյան եւ այլք), իսկ երկխոսության դիտանկյունից առավել հետաքրքրականը թերեւս այն հարցազրույցներն են, որոնք վարում է լրագրողն իր ժամանակակցի հետ որեւէ մեծ արվեստագետի կյանքի ու գործունեության շուրջ: Անդրադառնանք դրանցից մեկին` հայ հանճարեղ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հարցազրույցին: Զրուցակիցը (Տ. Մանսուրյան) անձամբ ճանաչել է Փարաջանովին, նրա «Նռան գույնը» ֆիլմի երաժշտության հեղինակն է: Հարցազրույցում ակնհայտ է ե՛ւ հարցերի, ե՛ւ պատասխանների արհեստավարժ մակարդակը: Հիշողությունների սյուժետային ընթացքին հաջորդում են ռեժիսորի արվեստին տրվող խորքային գնահատականները: Մեր վերլուծության դիտանկյունից կարեւոր է հատկապես այն, որ առաջին իսկ էջից հառնում է Փարաջանովի կենդանի կերպարը, որն ասես մասնակցում է զրույցին, եւ երկխոսությունը քիչ հետո վերածվում է տրամախոսության: Հարցից հարց հանճարեղ ռեժիսորի ներկայությունը ավելի ակնհայտ է դառնում: Որոշ դեպքերում թվում է, թե հեղինակի հարցն ուղղված է հենց նրան, իսկ իրական զրուցակիցն ընդամենը վերարտադրում է նրա մտքերն ու ապրումները. «...Բոլոր ֆիլմերում ամենամանր իրն անգամ փարաջանովյան հիացմունքի եւ փառաբանության հայացքի ներքո է ապրում: Բովանդակության եւ որոշ անցյալ ունեցող բոլոր իրերի առջեւ նա իր ներսում հիացմունքի դող ուներ»:(11) Երկխոսության այս տեսակի մեջ առանցքայինը, ինչ խոսք, զրուցակիցն է, որը ծնում է իր հերոսին, իսկ եթե հերոսն ավելի ուժեղ անհատականություն է, ապա զրուցակիցը հայտնվում է ստվերում կամ վերածնվում է նրա կերպարի միջով: Մեր օրինակում գործում է երկրորդ տարբերակը: «Լրագրող-ժամանակակից մշակույթ եւ մշակութային գործիչներ» երկխոսության մեջ ժանրային կառույցի առավել ընդհանրական տեսակը կլոր սեղանն է: Այն արտաքնապես չնկատվող եւ խորքային իրողություն է: «Ազգ-Մշակույթի» հոդվածագիրներն այդ «սեղանի» անմիջական մասնակիցներն են, որոնք երկխոսային տարբեր հնարքներով, հաճախ միմյանց ձայնակցելով կամ բանավիճելով, արտաքին լսարանին են փոխանցում ազգային եւ գլոբալ արժեքների հանդեպ իրենց մտորումները(12): Ամփոփում «Ազգ-Մշակույթը» մշակույթների երկխոսությանը նախանձախնդիր պարբերական է եւ այս համատեքստում հստակեցրել է իր վերաբերմունքը ազգային եւ գլոբալ արժեքների հանդեպ: Գլոբալ արժեքների տեղայնացման եւ ազգայինի գլոբալացման գործընթացները ուշագրավ դրսեւորումներ են ստացել թերթի հրապարակումների երկխոսային դիսկուրսում: Երկխոսային տարբեր հնարքների կիրառմամբ անցյալի արժեքները (հայ եւ համաշխարհային) արդիական հնչեղություն են ձեռք բերում մեծ ժամանակի մեջ` դառնալով հեղինակի ներքին երկխոսությունը մտավորական լսարանին կապող հիմնական օղակը: Ժամանակակից մշակութային արժեքներին նվիրված հրապարակումների երկխոսային շերտերը բացում են մեկ այլ իրողություն. «հանդիպավայր» է դառնում կլոր սեղանը` լրագրողի եւ լսարանի անմիջական փոխշփումներով: Հաղորդակցային այս թատրոնը մի կողմից բացահայտում է լրագրողի մասնագիտական վարպետության նրբությունները, մյուս կողմից` հուշում «Ազգ-Մշակույթ» շաբաթաթերթի հոգեւոր ուղղվածությունը: Նրա համար առաջնայինը ազգային եւ գլոբալ զարգացումներում մշակույթի արժեբանական կոդի պահպանումն ու վերարտադրությունն է: 1. Ուսումնասիրության ընթացքում մեր տեսադաշտում եղել է «Ազգ-Մշակույթի» 2007-2013 թթ. հավաքածուն: 2. Բերդ Բաբայան, Ազգային մշակույթը հարկավոր է պահպանել ինչպես երկրի պետական սահմանը, «Ազգ-Մշակույթ», 10. 06. 2007, թիվ 19: 3. Նման հոդվածների թիվը չափազանց շատ է, ուստի անիմաստ է այս կամ այն համարն առանձնացնել: 4. «Հայաստանի մեծարումը», «Ազգ-Մշակույթ», 28.07. 2007, թիվ 15: 5. "Диалог культур", Новая философская энциклопедия, http://iph.ras.ru/elib/ 0958.html 6. Տես М. М. Бахтин, Ответ на вопрос редакции «Нового мира» // М. М. Бахтин Собрание сочинений. Т. 6. М.: 2002, с. 454-457. 7. Կարպիս Սուրենյան, «Չէ, օ՜ Տոլստոյ, չէ», «Ազգ-Մշակույթ», 14. 07. 2007, թիվ 14: 8. Ներքին երկխոսությանը եւ նրան բնորոշ հեղինակ-ներքին հասցեատեր երկխոսային հարաբերությունների մասին տես Петросян Д. В. Журналист и внутренний адресат в медиатекстах. "Журналист. Социальные коммуникации. Периодическое научно-практическое издание", М. 2014, N 2 /14/, стр. 124-130. 9. Կարպիս Սուրենյան, «Չէ, օ~ Տոլստոյ, չէ», «Ազգ-Մշակույթ», 14. 07. 2007, թիվ 14: 10. Նամակը տվյալ դեպքում չպետք է հասկանալ նեղ ժանրային իմաստով: 11. Նաիրի Գալստանյան, Կենցաղի ձայները` պատվանդանի վրա, շրջանակի մեջ (հարցազրույց Տիգրան Մանսուրյանի հետ», «Ազգ-Մշակույթ» 05. 12. 2009, թիվ 15: 12. Այս առիթով թերեւս տեղին է հիշել անցյալ դարի 60-80-ական թթ. Երեւանի մի քանի սրճարաններ, որտեղ հավաքվում էր հայ մտավորականության ընտրանին: Զրույցներն ընթանում էին արվեստի բարձր արժեքների շուրջ, եւ այդ երկխոսությունների ընթացքում ձեւավորվում էր հայ մտավորականի նոր տեսակը: 21-րդ դարասկզբին գրույթի տարածքում «Ազգ-Մշակույթն» ինչ-որ առումով իր վրա է վերցրել այդ կարեւոր առաքելությունը: |