ՓԱԽՈՒՍՏ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻՑ Կոստան Զարյանի կնոջՙ Թագուհի Շահնազար-Եղիազարյանի անձնական օրագրի մի հետաքրքրական հատվածիՙ «Փախուստ» գլխի առաջին երկու մասը տպագրվել է «Ազգ»-ի 2015 թվականին (13 մարտի եւ 28 օգոստոսի): Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում երրորդՙ վերջին մասը: *** 1915, Կրասնո Սելո Աշնանային անձրեւները սկսվեցին: Մեր պարտեզի ծառերը տերեւաթափ եղան, իսկ փոքրիկ առուն ուռչում ու անհանգիստ աղմուկով հոսում էր: Դաշտը չորացել էր, իսկ դեռահաս դժբախտ աղջիկը այլեւս չէր գալիս դարպասի մոտ: Որսորդի մի փամփուշտ դիպվածով սպանել էր իմ փոքրիկ Վահեի ուլիկը: Կոստյան քաղաքից շատ ուշ է վերադառնում, զգույշ, առանց ձայն հանելու, բացում է դարպասի դուռը ու ներս է մտնումՙ մի հովանոց, հետո երկրորդը եւ ապա երրորդ հովանոցը: Ես ճանաչեցի մեր բարեկամի գլխարկը: Ապա ներս են մտնում Կոստյայի գրասենյակը եւ զգուշությամբ դուռը փակում: Կոստյան գալիս է երեխաների սենյակը եւ ինձ ասում. - Լսիր, սիրելիս, մենք գաղտնի ժողով ունենք այս գիշեր այս փոքրիկ տնակում, քաղաքից հեռու, որպեսզի ոչ մեկը չկարողանա կասկածել: Հայերի մեծ բարեկամ դոկտոր Լեփսիուսը այստեղ է, նա նվիրաբերել է իր ամբողջ կյանքը հայկական հարցին: Խնդրեմ, ինքնաեռը գցիր եւ ինձ տուր ու պատուհանից նայիր, քանի որ թուրք գաղտնի ոստիկանությունը մեզ հետեւում է: Ես գիտեի, որ մեր հայ ազգը թողնված է իր ճակատագրին ու գտնվում էր հույժ դժվար վիճակի մեջ: Ահավոր մի վտանգ էր սպառնում նրան: Լեփսիուսը, այդ բացառիկ հոգին, ի գործ էր դրել բոլոր դիվանագիտական միջոցները փրկելու համար գոնե մեր ազգի մի մասին: Կեսգիշերին Կոստյան գալիս է սենյակս եւ ասում. - Սիրելիս, շուտ քնեցրու Արմենին եւ արի մեզ համար նվագիր: Լեփսիուսը այս անգամ շատ հուսահատ է, ինձ զգուշացնում է, որ մի ծանր ողբերգություն տեղի պիտի ունենա, քանի որ Թուրքիան խոցված է ու վրեժխնդիր պիտի լինի: Ես ներս եմ մտնում ու տեսնում գլխիկոր, մտահոգություններով լցված չորս անձանցՙ ծխի մշուշի մեջ: Մոտենում եմ դաշնամուրիս, բացում կափարիչը ու նվագում Pathetique Sonata-ն: Երբ վերջացրի, Լեփսիուսը դեռ բռնած էր իր սպիտակահեր գլուխը ձեռքերի մեջ, մյուսները խորասուզված էին տխրության մեջ: Սարսափի նախազգացումը քարացրել էր իրենց հոգիները: Բոլորը միասին վեր կացան ու ձեռքս համբուրեցին շնորհակալություն հայտնելով: - Բայց ինչի՞ համար,- ասացի: Ապա ամեն մեկը իր հովանոցը առնելով շարժվեց դեպի պարտեզի դուռը: Կոստյայի բարեկամը վերջինն էր, որ ինձ հրաժեշտ տվեց: - Տիկին Զարյան,- ասաց նա,- ես Պոլիս պիտի մեկնեմ, ինձ ընտրեցին, որ գաղտնի լուրը փոխանցեմ մեր այնտեղ մնացած հայրենակիցներին: Ինձ հաջողություն մաղթեք, օրհնեցեք ինձ ձեր աչքերով, ո՞վ գիտի, կվերադառնա՞մ: Կոստյան սեղմում է նրա երկու ձեռքերը, ապա մի ձեռքը ուսին դնելով ասում. - Հաջողություն, Լիպարիտ, դու վերադառնալու ես, վստահ եմ, միայն ուշադիր եղիր քո անձնագրին: Մենք փակեցինք դարպասի դուռը, իսկ դրսում միշտ անձրեւ էր գալիս: Կամաց-կամաց շուքերը լուծվեցին գիշերվա խոնավ մթության մեջ: Մենք որոշեցինք քաղաք վերադառնալ, այլեւս կարելի չէ վստահել, ավելի ապահով կլինենք քաղաքում, քան այստեղՙ գյուղում: Քամին սուլում-անցնում է մերկ ծառերի միջով ու դաշտը կորցնում է իր բազմագույն ծաղիկների երանգը, վերափոխվում սրճագույն հարթավայրի: Կոստյան քաղաքում մի բնակարան է վարձում, մի քանի կարասիներ գնում, ապա դաշնամուրս բարձել է տալիս մի սայլակի վրա, ու ջորին, տարուբերվելով, քաշում, անցնում է հսկա դաշտի միջով Վիտոշի տիրապետող նայվածքի ներքո: Հավաքվում ենք վառարանի տաքուկ կրակի շուրջը: Վահես հագնված է էսկիմոսի պես: Հուսով եմ, որ մեղմ ձմեռ կլինի, որ Կոստյան կարողանա ներշնչումով աշխատել, ինչպես անում էր Կրասնո Սելոյում: Կոստյան այցելում է մտավորական վերնախավին, որ ամփոփված է Սոֆիայում եւ գնալով նոսրանում է: Այցելում է մանավանդ տիկին Բելշեւային, որն ինձ համար գործ գտավ երաժշտական դպրոցում: Պետք է ասեմ, որ Կոստյան անդամալույծի պես է, իր մոտ ընկերը մեկնել է եւ, ո՞վ գիտի, թե նրան ինչ է պատահելու: Իմ փոքրիկ Արմենը իր առաջին քայլերն է անում ու մանկիկ Ստոյկան իրեն պաշտում է, երբեք մենակ չի թողնում: Ես ինձ երջանիկ եմ զգում, կարող եմ նվիրվել իմ արվեստին ու մի համերգ պատրաստել անուշիկ բարեկամուհի Բելշեւայի համար: Մի անկյուն եմ պատրաստում Կոստյայի համար եւ հույս ունեմ, որ վերստին աշխատանքի լծվի, բայց նկատում եմ, որ հուզված է, կորցրել է իր խաղաղությունը: Տխուր լուրեր են գալիս Թուրքիայից, իսկ Բուլղարիայում զորաշարժ է սկսվում, վատ նշան է: Թուրքերը կարող են ազատորեն մտնել Բուլղարիա եւ հալածել հայ փախստականներին: 1915 Ողբերգական թվական, անմոռանալի թվական հայոց պատմության համար: Ի՞նչ աղետալի մրրիկ է սա: Մեզ է հասնում արձագանքը մեր ազգի զարհուրելի ողբերգության: Մեկ ու կես միլիոն տեղահանված ու տարագրված դեպի Տեր-Զորի անապատը: 300, երեք հարյուրը մեր հայ մտավորականներից, Կոստյայի բազմաթիվ ընկերներից, մանավանդ «Մեհեանի» շուրջ համախմբվածներիցՙ կորսված: Կոմիտա՜սը, Կոմիտասը տարագրված: Եվ ես այլեւս չեմ քնում. մի մղձավանջ մյուսի հետեւից: Լիպարիտը վերադարձավ: Պետք է ասել, որ միանգամից տասը տարով ծերացել էր: Նա պատմում է, որ թուրքական ոստիկանությունը գնացել փնտրել է Կոստյային այն տանը, ուր ծնվել էր իմ Արմենս, խուզարկել են ամեն տեղ, նույնիսկ ստուգել են խոհանոցի բուխարիկի ծխնելույզը, ապա բղավել. «Ո՞ւր է ձեր փիլիսոփան, որտե՞ղ է թաքնվում», ու բարկությունից պատռել են պատից կախված Կոստյայի յուղաներկ դիմանկարը, որ վենետիկցի նկարիչ բարեկամն էր նկարել: - Իսկ Կոմիտա՞սը,- հարցնում եմ կիսամեռ: - Նա ողջ է, բայց... - Բայց ի՞նչ: - Կորցրել է իր բանականությունը, պիտի փոխադրվի բուժարան, Փարիզ, հուսալով, որ բուժվի: Նա մի այնպիսի գերզգայուն հոգի էր, որ չդիմացավՙ ականատես լինելով հայ մտավորականների լավագույն ուժերի կոտորածին: *** Կոստյան կորցրել է իր հանգիստը, նորից խելագարի պես է: - Սիրելիս, պետք է դարձյալ փախուստ տալ, ի՜նչ ողբերգական ճակատագիր է հայ լինելը: Սրճարանում, ուր հավաքվում էին ռուս լրագրողները, իզուր փորձում էին նրան հանգստացնելՙ ասելով, որ Բուլղարիան դեռ պատերազմի դաշտ չի իջել, եւ Զարյանի խռովության վրա ժպտում: Կոստյան նրանց պատասխանում էր. «Ինչ ուզում եք արեք, բայց ես վերցնում եմ ընտանիքս ու մեկնելու եմ... Ես վստահ եմ»: Վերջ առաջին փախուստի Ավա՜ղ, մենք լքում ենք մեր սիրուն բնակարանը, հանձնում բանալին, կարասիները ու մեկ տարվա վճարված վարձքի պայմանագիրը հայ փախստականների, որոնք հրաշքով ազատվել էին կոտորածներից, ու մեկնում: Շոգեկառքը սուրում է դեպի Սալոնիկ: - Կոստյա: - Ի՞նչ, սիրելիս: - Ասա, արդյո՞ք մենք անիծված ենք ու երբեք մի բույն պիտի չունենանք, մի օջախ, միշտ պիտի փախչենք մեր երկու նորածիններով: - Բայց մենք Հռոմ ենք գնում, դու, որ Իտալիան այնքան սիրում ես: Պիտի տեսնես, գեղեցիկ գործեր պիտի գրեմ եւ այլեւս նյութական դժվարություններ պիտի չունենանք: Քաջ եղիր, սիրելիս, ես գիտեմ, որ այնտեղ երջանիկ պիտի լինենք: Եթե Պոլսից փախուստի դիմած չլինեինք, հիմա ո՞ւր էինք լինելուՙ երկնքո՞ւմ, թե՞ երկրում: *** Շոգեկառքը զառիկող իջնում է խռովարկու Մարիցայի եզերքով, իսկ պատուհանից հայտնվում ու արագ-արագ անհետանում են վեհապանծ լեռներ: Գրկումս 18 ամսական Արմենը քնել է: *** Սալոնիկ, ի՜նչ կեղտոտ քաղաք, հրեաներով լեցուն: Կոստյան վազում է ճամփորդական ընկերություն, որպեսզի մի խցիկ ապահովի դեպի Իտալիա գնացող նավում: Հյուրանոցի պատուհանից քաղաքին եմ նայում: Եվ ասել, որ Սալոնիկը Հունաստանի պատմության համար եղել է նշանավոր քաղաք, ուր ծնվել է նշանավոր Կիրիլլը` կիրիլյան այբուբենը հնարողը, եւ ավելինՙ օտոմանյան ենթադրյալ պատմությունը ծագում է առել Սալոնիկում: Դարեհի բանակների հարձակումներից ու թալաններից զերծ պահելու համար բյուզանդական խճանկարների մնացորդները վարպետությամբ զետեղվել ու պահպանվել են գյուղական տների պատերի մեջ: Բայց, ավաղ, ավելի ուշ շրջանում դրանք թալանեցին թուրքական նվաճողները: Հնագետները պետք է գերբնական ճիգեր անեն, որպեսզի վերականգնեն քաղաքակրթության ճիշտ ուղին: Կոստյան վերադառնում է: - Ուրե՞մն,- ասում եմ ես: - Florio Rubattino ընկերությունից պատասխանեցին, ասելով, որ երկու օր առաջ ընկերությանը պատկանող նավը ընկղմվել է Պիրեայի առջեւ, գերմանական ականների պատճառով: Ես հարցրիՙ ի՞նչ նավ է մեկնելու շաբաթ օրը. «Մոնթենեգրոն»` պատասխանեցին: Ուրեմն շատ լավ, ասացի ես, ինձ տվեք երկրորդ կարգի մի խցիկ: Հիշո՞ւմ ես, մենք «Մոնթենեգրո» նավում ծանոթացանք: *** Վտանգավոր ճամփորդություն: Մեր նավը, լույսերը անջատած, կույրի պես սահում է ալիքների վրայով: Ահա Ակրոպոլիսը, այնտեղ վերեւում, լուսնին մոտ, քարացած, ականատես լինելով այնքան դժբախտությանց, նա կամաց հեռանում ու անհետանում է թանձր ստվերներում: «Պաշտպանիր մեզ, ով աստվածային դիցուհի»: Ահավասիկ Matapan-ի հրվանդանըՙ Միջերկրականի այն մասը, ուր շրջում են գերմանական սուզանավերը: Ես գիշերը գրեթե չեմ քնում, գրկումս երկու փոքրիկ երեխաներս: Երազումս տեսնում եմ, որ ընկել ենք ծովը, կիսաբաց աչքերով տեսնում եմ խցիկի գիշերային լույսը ու ցույց տալիս թիվ 6-ը: Գրված էՙ վտանգի դեպքում գնացեք թիվ 6 նավակը: Թիվ 6, թիվ 6, գամվում է մտքիս մեջ, եւ դատապարտյալի նման անդադար կրկնում եմ: Նավը շարունակում է սահել կույրի նման: Ահավասիկ Ստրոմբոլին իր հրավառ գագաթով: Մենք հիմա գտնվում ենք իտալական ջրերում, բայց վտանգը դեռ չի անցել: Նկատում եմ մի սուզանավի ուրվագիծը, որ ջրից դուրս է գալիս: Վախեցած նայում եմ, բարեբախտաբար անմիջապես երեւում է իտալական եռագույնը, որ մեզ ողջունում է: Հիմա պաշտպանված ենք: Նա մեզ ուղեկցում է Մեսսինո եւ Կատանիա: Օրհնյալ Տեր Աստված: Նապոլի: Ժամանակ չունենք Նապոլիում շրջելու, երեխաները պետք է հանգստանան: Էքսպրեսը սուրում է դեպի Հռոմ: Հռոմ: Կոստյան առաջին անգամ է տեսնում հավերժական քաղաքը: Նա բռնկված է, իր ամբողջ եռանդը ետ է եկել, երիտասարդացել է, ման է գալիս քաղաքով, կլլում եվրոպական քաղաքի օդը, որ յուրահատուկ բույր ունի, դա առկա է քաղաքակրթյալ յուրաքանչյուր փողոցում: Մտնում է խանութ ու իր փոքրիկ տղաների համար գնում ինչ որ ուզում է` հագուստներ, քաղցրավենիներ: Երջանիկ է, շնչում է: - Գիտես, սիրելիս,- ասում է,- եթե մի տարի եւս մնայինք Սոֆիայում, մենք դատապարտված կլինեինք գյուղացի դառնալու: Նրանք երկիրներ են, որտեղ պետք է միայն տալ, առնելու ոչինչ չկա: - Բայց,- ասում եմ,- պանդուխտները, որ մնացին, վտանգվա՞ծ չեն: - Է՛հ, այո, բայց բուլղարները բարի եւ հյուրասեր են, չեմ կարծում, որ թուրքերին հաջողվի բռնել նրանց: Իմ պարագան տարբեր էր, նրանք ինձ ամենուրեք փնտրում էին: Հասանք մեր իջեւանըՙ Տակիտոս, Ֆրանչեսկո Կրիսպի փողոցում, ուր ժամանակին ապրել է Հենրիկ Իբսենը: Մտնում ենք սրահը եւ` ո՞ւմ տեսնենք Սոֆիայից եկածՙ Վիկտորովին եւ Դերենտալին` իրենց կանանց հետ: Կոստյան ծիծաղում է եւ ողջունում ռուսերենով: Հանդիմանեցին Կոստյային իր փախուստի համար... Հռոմից եկել էին ողջունելու Պեւզներն ու Օսորգինը, որ այստեղ էին թղթակցի իրենց հանգամանքով: Պատերազմի մեջ մտած Բուլղարիայի վերջին լուրերով էին հետաքրքրվում: Վերստին սկսվում են սպիտակ գիշերները, անվերջանալի խոսակցությունները արվեստի, քաղաքականության, հոգեբանության, փիլիսոփայության մասին, եւ այլն, եւ այլն (ռուսները հայտնի են իրենց անվերջանալի բանավեճերով), մի փաստարկում մյուսի հետեւից, վոդկա... Մնաս բարով, Կոստյա, նա չգիտի ինչ անել: Նկար 1. Թագուհի Շահնազարյան եւ Կոստան Զարյան, ամուսնության օրը. 4 դեկտեմբեր, Միլան, 1912 |