RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-04 21:35:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԻՐ ՔԱՆՈՆԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑԱԾ ԲԱՐԱԿ ՇՅՈՒՂ ԱՂՋԻԿԸ

Հասմիկ ՍԱՐԳՍՅԱՆ

«Տաղարանում» որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Հետագա գործունեությունս միայն իմ հողի վրա եմ պատկերացնում եւ հատկապեսՙ «Տաղարանի» հետ: Նրա հետ անցնելիք ճանապարհ ունեմ...»:

Մարիաննա Գեւորգյան

Բարակ շյուղ քանոնահարուհու բեմելույթը հիշվել էր դեռ «Տաղարանի» նախորդ համերգաշրջանիցՙ քնարական մեղեդու զուլալ կատարում, բեմական գեղեցիկ, անթերի պահվածք, հանդիսականի անթաքույց համակրանք... Եվ ահա համույթի հերթական համերգն էր, եւ նրանում բացառապես հնչելու էր հայկական գործիքային երաժշտություն, դա լավագույն առիթն է ներկայացնելու Մարիաննա Գեւորգյանին:

Մարիաննան հանրապետական (2009) եւ միջազգային (2010, 2011 թվականներ) մրցույթների առաջին մրցանակակիր է , արժանացել է ոսկե մեդալի եւ «Բեմական հմայք» կոչմանը, մինչ այս նվագել է մի շարք համույթների (Ռուբեն Նիկողոսյանի «Փարվանա» ժողգործիքների, «Սարգա» պարի խմբեր եւ այլն) կազմում, ունեցել մենահամերգներ, դասվում է մեզանում ամենաբարդ կատարողական տեխնիկային տիրապետող լավագույն քանոնահարների շարքում: Ավետ Գաբրիելյանի անվան, ապաՙ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցներն ավարտելուց հետո ուսանել է Երեւանի պետական կոնսերվատորիայում, գերազանցության դիպլոմներով ավարտել նաեւ հայրենի երաժշտանոցի մագիստրատուրան եւ ասպիրանտուրան: Իր ավարտական քննության ժամանակ ներկայացրած համերգային ծրագիրը հագեցած էր կատարման տեխնիկայով ամենաբարդ ստեղծագործություններով: Պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանը հենց այդտեղ էր երիտասարդ երաժիշտին ներկայացրելՙ որպես լավագույն տեխնիկա ունեցող քանոնահարի: Այնինչ, տարիներ առաջ Մարիաննան պետք է դառնար ջութակահար. նկատի առնելով յոթնամյա աղջնակի տվյալներըՙ իրեն ջութակի դասարան էին ընդունել: Բայց տանը մանկուց տեսել էր քրոջ քանոնը, սիրել գործիքը, ու ահա դարձավ Հասմիկ Լեյլոյանի, իսկ հետագայումՙ Ալվարդ Միրզոյանի սանը: Երաժշտական դպրոցների սանուհին արդեն հանդես էր գալիս կոնսերվատորիայում անցկացվող համերգներին, փորձառու երաժիշտներով համալրված այլ համույթների կազմում:

«Հմուտ վարպետներիցՙ լինեն դրանք քանոնահարներ թե այլ մասնագիտացում ունեցող երաժիշտներ, շատ բան եմ սովորել, եւ շարունակաբար նրանցից քաղում եմ իմ արվեստի կատարելագործման համար անհրաժեշտը, ամենադրականը,- ասում է Մարիաննա Գեւորգյանը:- Երբ կատարում եմ որեւէ ժամանակակից կոմպոզիտորի գործ, ձգտում եմ անպայման անձամբ նրանից ստանալ տվյալ ստեղծագործության մասին ողջ տեղեկատվությունըՙ ինչպե՛ս եւ ինչո՛ւ է արարվել, ի՛նչ է ուզում անձամբ ասել, ուզում եմ հասկանալ երկըՙ հեղինակի աչքերով, իր տրամաբանությամբ, մասնակից եմ դարձնում հեղինակին իմ փորձերին, լսում նրա կարծիքը, հաշվի առնում դիտողությունները: Չէ՞ որ հեղինակն ավելի լավ է պատկերացնում տվյալ ստեղծագործության կատարման յուրահատկությունները»:

Իր նվագացանկը հարուստ է այլազգի հեղինակների գործերովՙ Պագանինիի «Վարիացիաներն» ու «Կապրիսը», Դյուրենի եւ Շոպենի վալսերը, Ալբինիսի «Լեգենդը»: Բայց իր համար առավել հոգեհարազատը հայրենի կոմպոզիտորների ստեղծագործություններն են, քանի որ, իր խոսքերով, «կարծես իր ներսից գրված լինեն, իրե՛նն են»: Քանոնահարուհու ամենից նախընտրելի հեղինակը Խաչատուր Ավետիսյանն է:

Եթե վերը թվարկվածՙ տեխնիկապես բարդ գործերըՙ հատուկ փոխադրված քանոնի համար, հնարավորություն են տալիս ցուցադրելու, թե այդ ստեղծագործությունները ո՛նց են հնչում քանոն գործիքով, բացահայտում եւ ցուցադրում են ժողովրդական գործիքի հնարավորությունները, ապա սեփական ազգի ակունքների ծնունդ մեծ եւ փոքր երաժշտական կտավները համահունչ են իր հոգու կառույցին, արձագանքն են իր ապրածին ու զգացածին: Ժամանակակից մի շարք հայ հեղինակներ հենց Մարիաննային են վստահելՙ հատուկ քանոն գործիքի համար փոխադրած իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները:

Լավագույնս համագործակցում է նաեւ այլ ազգի երաժիշտների հետ, ու ծրագրեր կան համերգներով հանդես գալու նաեւ արտերկրում: Բայց կան ստեղծագործություններ, որոնց անթերի, երկնային հնչողությունը գերում, հմայում է քանոնահարուհուն ամենից առավել, ու այդ մասին է նա պատմում մեր զրույցում. «Երաժշտական կատարելության օրինակներ են ինձ համար մեր միջնադարյան տաղերը եւ իհարկե Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները,- ասում է Մարիաննան,- ինչքա՜ն զուլալ են, պարզ, ավելորդ տեխնիկա չեն պահանջում. «Սիրտ իմ սասանի», «Հավուն, հավուն», «Գարուն ա», «Կռունկ»,... Ընդամենը երեք տողի մեջ համեմված, առանց որեւէ ավելորդության, պարզության մեջՙ անչափելի~ էներգիա, անսահման մեծություն: Ամեն ինչ թաքնված է հենց այս պարզության մեջ, եւ քեզնից պահանջվում է լոկ անաղարտ կերպով կատարել այդ ստեղծագործությունները եւ դրանով հաղորդել այդ պարզության մեջ ամփոփված ողջ վեհությունը:

Մաեստրո Սեդրակ Երկանյանի ղեկավարած «Տաղարանի» կազմում ընդգրկվելու եւ շուրջ երեք տարում իր քաղածի, իր ապրածի մասին պատմում է առանձնակի զգացումով: Հատկապես հիշվել է այն համերգային երեկոն, երբ Մաեստրոն իրեն առաջարկել էր «Տաղարանում» նվագել. «Մենահամերգիս երեկոյին Մաեստրոյի ներկայությունն անակնկալ էր ինձ համար,- իր հուշերն է կիսում երիտասարդ քանոնահարուհին:- Այն կյանքիս կարեւոր պահերից եմ համարում եւ նրա նվիրած ծաղիկներըՙ լավագույնըՙ երբեւէ ինձ մատուցված ծաղկեփնջերի մեջ: Առանց երկմտելու համաձայնեցի, քանի որ իմ երազանքներից մեկն էր աշխատել նման բարձր ինտելեկտի ու գիտելիքների տեր անձնավորության, արվեստագետի հետ: Այնքա՜ն բան կա նրանից քաղելու մեզՙ երաժիշտներիս համար, այնքա՜ն լեցուն է նրա ներաշխարհը. միշտ ասելիք ունի եւ մեզ լիուլի բաժին է հանում իր գիտելիքների ու իմացությունների «պաշարից»:

«Մերօրյա քանոնահարների մեջ աչքի զարնող էՙ իր գործինՙ հաճախ անձնուրացության հասնող նվիրվածությամբ, իր կատարողականությամբ.- Մարիաննայի մասին կարծիք է հայտնում հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը:- Բավական վարժ, շատ անգամՙ վիրտուոզության հասնող տեխնիկա ունի, բեմի համար, այսպես ասած, «մեռած է», շատ արտիստիկ, գեղեցիկ եւ իր սկզբունքներն ունեցողՙ թե՛ կյանքում, թե՛ երաժշտական կատարողական ասպարեզում: Մի երիտասարդ անձնավորություն, որի հետ կարելի է աշխատել, եւ այս վերջին տարիներին, ինչ մենք համագործակցում ենք, իր համար մի շարք ստեղծագործություններ եմ գործիքավորել, երբեմն նաեւՙ փոխադրել ու մշակել, եւ ինքը շատ մեծ շնորհակալությամբ, միշտ խոնարհումով, հիացած վերադարձրել է իր գոհունակությունն իր կատարումներով»:

«Գործիքս ինձ նման է,- ասում է քանոնահարուհին:- Շուտ է նեղանում: Երբ երկար ժամանակ չեմ նվագում, ձայնն ուղղակի դուրս չի գալիս: Գործիքի վրա պիտի անընդմեջ նվագես, որ ձայնը հնչի: Ես կարողանում եմ քանոնիս վրա գտնել այն հատվածը, որտեղ երաժշտությունը շատ լավ կհնչի, ասելիքս լիարժեք տեղ կհասնի: Ցանկությունս է «Տաղարանի» կազմում կատարել Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, որի գործիքավորումը խիստ աշխատատար ու ժամանակատար գործ է, բայց ինչը, հուսով եմ, Մաեստրո Սեդրակ Երկանյանը երբեւէ կիրագործի:

Հանդիսականը բեմին տեսավ բարակ շյուղ աղջկան, որ նույնացած է իր քանոնի հետ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 05-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ