ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՊԵՐԱՆՙ ԹՂԹԻ ՎՐԱ Նաիր ՅԱՆ Հին ժամանակներումՙ հատկապես միջնադարում, ընդունված ու հարգի են եղել աշուղների ելույթ-մրցույթները մեջլիսներում, երբ արդար դատավորն ինքըՙ ժողովուրդն էրՙ իր անաչառ գնահատանքով: Հենց այդ ժամանակներում ամբողջ Արեւելքում աշուղները մեծ համարում ունեին ժողովրդի շրջանում, անգամ իշխանական ու թագավորական պալատներում: Մենք անգամ հեքիաթներ ունենք աշուղների մասին, որոնք վերածվել են նաեւ երգերի: Դրանք դարեր շարունակ բերնեբերան են անցել. մերօրյա գուսանները նաեւ երգեր են հյուսել աշուղների մասին: Ժողովրդական ու գուսանական երգերը մեր երգիչներն այսօր էլ հաճախ են կատարում: Ժողովրդական երգիչ, բանասեր Սմբատ Խալաթյանը , հետաքրքված լինելով մեր ժողովրդական բանահյուսությամբ ու հատկապես հեքիաթներով, ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես Աշուղ Ղարիբի պատմության վրա: Տարիներ առաջ մոր նվիրած ժողովրդական հեքիաթների գրքում, որի հեղինակը Շավիղ Գրիգորյանն է, Սմբատը վերընթերցել է «Աշուղ Ղարիբ» հեքիաթը եւ որոշել այդ պատմությունը ժողովրդական օպերայի լիբրետոյի թեմա դարձնել: Ուսումնասիրելով բանահյուսական տարբեր վկայություններ ու զրույցներՙ երիտասարդ բանասերն ի մի է բերել թեմային առնչվող բոլոր նյութերը եւ գրել «Աշուղ Ղարիբ» օպերայի լիբրետոնՙ հիմնվելով հատկապես գուսան Ջիվանու մշակած հեքիաթի վրա: Իր ստեղծագործությունը Սմբատ Խալաթյանը ներկայացրել է կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրին , որն էլ դրա հիման վրա գրել է երաժշտություն: Կոմպոզիտորն էլ իր հերթին է ուսումնասիրել ժողովրդական երգերը, համադրել ու համեմատել: Պարզվում էՙ Աշուղ Ղարիբի մասին վաթսուն երգ կա, եւ ժամանակին աշուղներն այս սիրավեպ-հեքիաթը ժողովրդին պատմել են առնվազն մեկ շաբաթում: Սազն ու թառը ձեռքներինՙ երգել են ու ամենահետաքրքրական մասում կանգ առելՙ ժողովրդին հորդորելովՙ շարունակությունը լսելու համար հաջորդ օրը դարձյալ հավաքվել հրապարակում: Այսպես, դարեր շարունակ բերնեբերան է անցել Աշուղ Ղարիբի ու գեղեցկուհի Սանամի սիրո մասին հեքիաթը: Արեւելյան ժողովուրդներից յուրաքանչյուրն այն կարող է իրենը համարել, սակայն մեր բանասերները կարծում են, որ աշուղ Ղարիբը հայ է եղել, որովհետեւ հեքիաթի հերոսը Ղարիբ անունն է ստացել, քանի որ յոթ տարի դեգերել է երկրե-երկիր, պանդուխտ եղել, իսկ պանդխտությունը բնորոշ է միայն հայերին, այն ասես մեր ազգային հատկանիշն ու ճակատագիրը լինի: Արտեմ Խաչատուրն աշուղ Ղարիբի մասին վաթսուն երգերը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի արխիվում եղած բանահավաքչական նյութերը, բոլոր մեղեդիները համադրել է: Արդյունքում պարզվել է, որ նույն մեղեդիով մոտ քառասուն երգ կա: Օրինակՙ հեքիաթում աշուղ Ղարիբը գնում է իր հոր մոտ ու երգում «Գլխիդ մեռնեմ, ծերունի հայրիկ» երգը: Արտեմ Խաչատուրը նկատում է, որ այդ մեղեդին շատ նման է Սայաթ-Նովայի «Աշխարհս մե փանջարա է» երգին: Ընդհանրապես, մի շարք երգեր մեծ տարածում ունեն մեր ժողովրդի մեջՙ որպես գուսանական ստեղծագործություններ: «Աշուղ Ղարիբ» ժողովրդական օպերայում այդ երգերը ներգրավվել ենՙ առանց միջամտության ու փոփոխությունների, գրվել են նաեւ նոր երգեր: Ոչ մի երգ նոտագրված չի եղել. Արտեմ Խաչատուրն առաջին անգամ է գրել դրանց նոտաները: Ծավալուն հեքիաթ-սիրավեպը ներկայացվում է ավելի սեղմ. մոտ քսան երգ է ընդգրկված: Երկու գործողությամբ ժողովրդական օպերայում կան խմբերգեր, մեներգեր, պարեր: Գլխավոր գործող անձինք են աշուղ Ղարիբը, նրա մայրը, քույրը, սիրած աղջիկըՙ Սանամը: Հեղինակներն օպերան ներկայացրել են մեր մտավորականների ու արվեստագետների դատին: ՀՀ ժողովրդական արտիստներ Օֆելյա Համբարձումյանը , Ռուբեն Մաթեւոսյանը , Թովմաս Պողոսյանը , կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը բարձր կարծիք են հայտնել ու նշելՙ մենք, որ ժողովրդական հարուստ ժառանգություն, բանահյուսություն ունենք, վաղուց պետք է ստեղծած լինեինք ժողովրդական օպերա: Ժողովրադական հեքիաթների, զրույցների, ասքերի այնպիսի ընտրանի ունենք, որ ուրիշ ժողովուրդները կերազեին: Արտեմ Խաչատուրն ու Սմբատ Խալաթյանը վստահ են, որ ժողովրդական առաջին օպերանՙ «Աշուղ Ղարիբը», դուր կգա ժողովրդին: Նրանց կարծիքովՙ պետք է մեր հասարակությանն այլընտրանքի հնարավորություն տալՙ դասական օպերաներից բացի ներկայացնել նաեւ ժողովրդական օպերա: Նրանք երաժշտական նախագիծը ներկայացրել են մշակույթի նախարարությանը: Այնտեղից պատասխանել են, որ հավանել են, բայց օպերան բեմադրելու համար բարդություններ են տեսնում: Այսպես են պատճառաբանել. մեր օպերայի արտիստները երգում են միայն դասական, իսկ նվագախումբն էլ սիմֆոնիկ է, հետեւաբար, նրանք չեն կարող ժողովրդական երգեր ու երաժշտություն մատուցել: Սակայն Արտեմ Խաչատուրն ու Սմբատ Խալաթյանը վստահ են, որ խնդիրը կարելի է լուծելՙ սիմֆոնիկ նվագախմբի ու ժողգործիքների անսամբլի համատեղությամբ, իսկ երգիչներին կընտրեն մրցույթի միջոցով. ի վերջո, ոչ ոք չի կարող ժխտել, որ մենք ժողովրդական տաղանդավոր երգիչներ ունենք: Լիբրետոյի հեղինակային իրավունքը Սմբատն արդեն ունի. երաժշտության նախնական տարբերակը ձայնագրման փուլում է, եւ հարկ է, որ դրա համար եւս հեղինակային իրավունք ձեռք բերվի: Հեղինակները սկսել են համագործակցել նկարիչ Հայկ Սայադյանի հետ, որը շարժանկարի մեծ փորձ ունի եւ բեմի, զգեստների ձեւավորումից բացի, պատրաստում է նաեւ անիմացիոն հատվածներ օպերայի համար: Նա մանրակրկիտ ուսումնասիրել է աշուղ Ղարիբի ժամանակաշրջանը, կենցաղավարությունը, հագուկապը եւ գործող անձանց համար կստեղծի տարազներ, բեմական համապատասխան միջավայր ու մթնոլորտ: Մնում է, որ պետությունն անհրաժեշտ համարի, որ մենք ունենանք ժողովրդական օպերա ու աջակցի «Աշուղ Ղարիբի» բեմադրությանը: Չէ՞որ այն պետք է ոչ միայն մեր հասարակությանը, այլեւ Հայաստան այցելող օտարերկրացիներին, որոնք մեր երկրում ուզում են տեսնել ազգային մշակույթ, ու ավելի հաճախՙ ոչ թե դասական երաժշտական բեմադրություններ, այլ ժողովրդական ստեղծագործություններ: |