ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՆՈՐ ԵՐԳԻԾԱԹԵՐԹ «ԽԱՅԹ» «Ազգ»ի խմբագրությունը օրերս ստացավ երգիծական «Խայթ» հանդեսի առաջինՙ 2016 թ. հունվարի համարը: Գունավոր, պեսպիսուն, կարճ նյութերով ու երգիծանկարներով հարուստ հանդեսի հիմնադիր-հրատարակիչն է «Երգիծանք» ՍՊԸ-ն: Խմբագրական խորհուրդը գլխավորում է Ժակ Նիկոլայի Հակոբյանը, անդամներըՙ Սուրեն Գրիգորը, Սուրայրը, Աննա Չոբանյանը, Վլադիմիր Հայրապետյանը, Սերժ Մանուկյանը, Խայթ Խղճունին: «Խայթի» լույսընծայումը ողջունել են Պերճ Զեյթունցյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Երգիծաբանների համահայկական միության նախագահ Ժակ Հակոբյանը, Սամվել Մուրադյանը, Սուրեն Գրիգորը, Ալիխանե Մամեն: Համարի տարբեր էջերում գեղեցիկ ձեւավորմամբ ներկայացվել են հին եւ նոր երգիծաբանների կարճ նյութեր, խայթոցներ, անեկդոտներ, մանրապատումներՙ սկսած Մխիթար Գոշից, Վարդան Այգեկցուց, Հակոբ Պարոնյանից ու Նշան Պեշիկթաշլյանից մինչեւ Խաչատուր Միրիջանյան, Հրաչյա Բեգլարյան, Սուրեն Մուրադյան, Թոմ Հովսեփյան, Հորիզոն, Սերժ Մանուկյան, Հայկ Խաչատրյան, Վլադիմիր Հայրապետյան, Սուրեն Հայրապետյան, Գուրգեն Լոռեցի, ու Վարդ Ղազարյան: Ողջունում ենք նոր հանդեսի ծնունդը, մաղթում երկար կյանք, մեծ տպաքանակ: Ծաղրելը, հեգնելը, երգիծելը առողջության նշան է, ոչ միայն անհատների, այլեւ ազգի համար: |