RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-02-11 22:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1201, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԲԱՌԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ... ՄԻՋԱՎԱՅՐԸ

Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ

Դավիթ Հովհաննեսի «Անտիպ» ժողովածուի մասին եւ... ընդհանրապես

Բանաստեղծությունն անվերջ փնտրում է ինքն իրեն, եւ տիեզերական տիրույթում հայտնվում է բառը, ամեն անգամՙ նորահայտ, անակնկալ ու բացարձակապես աննախադեպ բաղադրությամբ: Զարմանալի՛: Խոսքի հղացման ակունքներն անկանխակալ են լինում: Հաճախՙ անբացատրելի: Որեւէ միջնորդություն նա չի հանդուրժում, առավել եւսՙ «տատմերական»: Եվ բացատրելի չէ անգամ անբացատրելիությունը երեւույթի: Բացառությունը բանաստեղծի մասնակցությունն է, որը ոչ թե նրանով, այլ Աստծով է պայմանավորված, թե ինչ չափովՙ դա նույնպես ուղիղ գծով կապված է պոետի օժտվածության հետ: Անվիճելիորե՛ն:

Ինձ համար աշխարհը սկսվում եւ «ավարտվում» է բառի ծննդով: Եվ իմ մտածումները կրկնակի համոզչության տարան ինձ, երբ կարդացի Դավիթ Հովհաննեսի անտիպների ժողովածուն, որը հենց այդպես էլ խորագրված էՙ «Անտիպ» , եւ որում զետեղված է մինչ այժմ հրատարակված գրքերից դուրս թողնված (հիմնականումՙ գրաքննչական պատճառաբանություններով) բանաստեղծությունների մի պատկառելի քանակություն... Հեղինակին խիստ բնորոշ անակնկալ, հետաքրքրական քայլ: Ամենեւին ո՛չ ի միջի այլոց նշեմ նաեւ, որ ավելի քան 250 էջանոց այդ ժողովածուն վերջերս արժանացավ ՀԳՄ Ավ. Իսահակյանի անվան մրցանակի:

Ժողովածուն, ամենայն իրավամբ, կարելի է «անձնագրավորել» թեկուզ «Հայաստան, կիսված հողերիդ վրա» քերթվածքով: Մեկ հայացքով, բնականաբար, հնարավոր չէ ամբողջապես ընդգրկել գրողի ինքնատիպ ոճի, մտածողության բազմաշերտ խորքերը, որոնք շատ ավելի հեռուն են տանում, քան կարելի է պատկերացնել.

Հայաստան, կիսված հողերիդ վրա

անձրեւ է մաղում այս էլ քանի օր,

- եւ քո լեռները, տխուր ու մոլոր,

մշուշների մեջ իրենց փաթաթվածՙ

աղերսում են ուժ, ավյուն ու կորով:

(1988)

Հազվադեպ է լինում, մանավանդՙ մեր ժամանակներում, երբ բանաստեղծության յուրաքանչյուր բառ կոդավորված է լինում այնպես, ինչպես այս արարումի մեջՙ թե՛ պատմությամբ ու անցյալով, թե՛ խիզախումի եւ մաքառման փիլիսոփայությամբ ու մշտապես ներկա ցավով, թե՛ վաղվա երանական տեսիլով: Ու թախիծով, թախիծով իմաստուն: Կասեիՙ մարգարեակա՛ն: Ահա թե ինչպես է լինում, երբ բառը տողի մեջ թոթափում է իր ԲԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ դառնալով ճակատագիր, սահմանագծի խրամատ, մարդու եւ երկրի նկարագիր: Դավիթն իր գրքերից մեկում, հիմա չեմ հիշումՙ որում, այսպիսի մի տող ունի. «Պոեզիան խաղ չէ, այլ պայքար» : Եվ սա գեղարվեստ չէ միայն, իմաստասիրություն կամ պոետական դավանանքի արտահայտություն, այստեղ Դավիթ Հովհաննեսի բնութագիրն է: Ժամանակի շեշտերն իր բառից դուրս չեն: Եթե բառիդ մեջ բոլոր բաղադրատարրերը քո ժողովրդից, հող ու ջրից, քո ցավ ու սրտից են գալիս, եթե այն հատկանիշները, որ քո մեջ կան, եւ կրում է դրանք իր մեջ քո բառը, նշանակում էՙ դու դու ես, քո երկրի զավակը: Դավիթ Հովհաննեսը ոչ միայն իր երկրի ու ժողովրդի «լուսավոր ու վեհ» (չարենցյան գնահատում) գծերի մարմնավորողն է, այլեւ ոգեղեն զավակն է իր ժամանակի, նրա բջիջների մեջ (ես սա ասում եմՙ նայելով նրա բառից ներս) խոսում են հայոց «հանճարեղ ճորտերի» կենսաբանական գեներըՙ Գողթան երգերից մինչեւ Չարենց... Չարենցից մինչեւ ինքըՙ Դավիթ Հովհաննեսը. «...եւ քամին ծալեր ցողունս նորից, եւ խոնարհվեի անունիդ պայծառ» : Բառերի մեջ ցավից բացի կա նաեւ ոգեկոչումի ու զորահավաքի մի հզոր հորդոր: Ջոյսի ու Թումանյանի ճշմարիտ դիտարկմամբՙ աշխարհ-բառն իր սահմաններն ընդլայնում է այնքան, որ տարածվում է հայոց «խլված ու չխլված» լեռների վրա, սրտի հետ տրոփում, ապա նույն այդ բառը Դավթի ձեռքին դառնում է զենք, քանզի «սուր է հարկավոր կտրիճի ձեռքին» : Եվ այսպես, բառը վերածվում է ոչ միայն տիեզերական նշանի, այլեւ իր մեջ ներկայացնում է բանաստեղծի առաջադրած նոր աշխարհի մոդելը:

Եզակի դեմք է Դավիթ Հովհաննեսը ժամանակակից քնարերգության մեջ: Ես նկատի չունեմ միայն նրա երգի ու հղացումի ազնվաբուխ ակունքները, նրա պոետական խոսքի անմիջականությունն ու թափը, ներքին ապրումի քնքշությունն ու հախուռն զգացումների ամբողջականությունը, գեղարվեստական բացառիկ պատկերավորությունըՙ խարսխված տրամաբանական մտքի ու հուզականության վրա, նրա տողերի ներքնատար ընթացքներն ու շարժումների արարչական մուտացիաները, նրա հայացքի արծվային սրատեսությունն ու մտածողության մետաֆորային ինքնախոս հայտնությունները... Այսպես կարելի է էլի ու էլի թվարկել այն բարձրագույն արժանիքները, որոնցով հարուստ է Դավիթ Հովհաննեսի պոեզիան: Բայց ես այլ բան եմ ուզում շեշտել: Այն, որ մեր իրականության մեջ Դավիթ Հովհաննեսի պոեզիան առանձնարկվում, դիֆերենցվում է մեկ այլ հատկանիշով եւս, դա այն պոլեմիկական լիցքն է, որի կարիքը մեր բանարվեստը շատ է զգում: Այստեղ Դավիթ Հովհաննեսն իսկապես անմրցակից է: Նրա բառն ունի կենսագրություն, ունի աշխարհագրություն, որում հայոց երկիրն անմասնատելի է, ունի անատոմիական անտրոհելի կառուցվածք, պատմություն ու աստղագիտություն, մանավանդՙ խիզախման փիլիսոփայություն, որ ժառանգել է Չարենցից ու մեր մյուս մեծերիցՙ ուրույն կիրառումներով... Տագնապը սրտի ու բառի ամեն մի տրոփի մեջ նկատելի է.

Վահանՙ սուր խելքի եւ իմաստության,

որ մեր պայքարը մենք տանուլ չտանք,

քանզի ոթելու էլ արյուն չունենք,-

եւ, ինչպես խոսքն է ասում պապական -

խե՜լքը դարձընենք մեր պայքարում զենք:

(1988)

Լեզուն Դավիթ Հովհաննեսի ստեղծագործության մեջ ներկայանում է միանգամայն նորովի, այնքան, որ յուրաքանչյուր բառՙ իմաստային իր նշանակությամբ, բացատրական նոր մեկնությունների կարիք է առաջադրում, բովանդակային այնպիսի պարզաբանումներ, որոնք չես գտնի բառարանային ոչ մի գրքի մեջ: Բանաստեղծական, ավելի ճիշտ կլինի ասելՙ ստեղծագործական, բազմապիսի ձեւերը, որ կիրառում է Դավիթն իր քերթվածքներում, ամենեւին էլ միակողմանի քայլեր չեն, ոչ էլ պատշաճին տուրք, ժամանակը, որի մեջ նա ստեղծաբանում է, չի թողնում իր «նվիրած» ձեւերը մնան հեղինակից դուրս կամ հեռացած, այսինքնՙ ստեղծագործությունն իր հերթին «արարչագործում» է պոետինՙ տիեզերական վերընձյուղման մեջ: Կարեւորն այստեղ ներքին խոսքի ու «բառի միջավայրի» ձեւավորումն է, անշուշտՙ հասցեական իր հղումների մեջ, այլապես լեզուն կկորցնի իր դեմքը: Բորխեսն այսպիսի դիտարկում ունի. «Լեզուն խորհրդանիշների կամայական հավաքածու չէ, այլՙ ավանդույթ եւ զգացմունքների պատկեր»: Եվ, կարդալով Դավիթ Հովհաննեսին, չեմ կարող չհամաձայնել մեծ մտածողի հետ, որ պոեզիան, իսկապես, «մոգության կրտսեր քույրն է, եւ սկզբում բառը մոգական խորհրդանիշ էր»:

Եթե «գեղարվեստական ավանդների կիրառման» երեւույթին մոտենանք ոչ սովորական, ոչ ամենօրյա գործածական ու մաշված ըմբռնումով, ապա մեզանում, ըստ էության, բավականին սակավ են այն գրիչները, ովքեր կարողացան պոետական հարուստ ժառանգության հողի վրա բարձրացնել իրենց անկրկնելի կոթողը: Անշուշտ, նրանց մեջ է (ամենաառաջիններից մեկը) Դավիթ Հովհաննեսը, ով թե՛ թեմատիկ-բովանդակային, թե՛ ձեւի ու տաղաչափության առումով ստեղծեց նորարական պոեզիաՙ ինքնատիպ ու խորքային: Նա բոլորից շահեկանորեն տարբերվում է իր բանարվեստով, իր գտնումներով, չափի զգացման նուրբ ընկալումներով, գիտե, թե երբ է հանգը շեշտ դառնում, դառնում իմաստ ու բովանդակություն, երբ է հանգից հրաժարվելը դառնում շնորհ: Հիրավի, բանաստեղծի ինտուիցիան անսխալ է որոշում նրա բառի ներքնաշխարհն ու հոգեկերտվածքը: Վաղուց ամրագրված է մեծերի կողմից որ, օրինակ, Ուիթմենն ամենայն իրավացիությամբ է հրաժարվել հանգից, իսկ Հյուգոյի համար նման հրաժարումը կլիներ խելագարություն: Բոլոր իրադրություններում Դավիթ Հովհաննեսի անսխալ «հուշարարը» նրա տաղանդն է:

Սովորական բառերն իրենց զարգացման դինամիկայի մեջ նոր լարում են ստանում Դավիթ Հովհաննեսի մտակառույցներում, ու չնայած հեղինակը մի տեղ գրում է, թեՙ «չեմ գտնում ես բառեր հարմար», բայց բառերը (նրա խիստ խորքային մտածողության շնորհիվ) գալիս, գտնում են հեղինակին, որովհետեւ ֆոնն է բառ ուզում, ոչ թե հակառակը: Պոետը ճիշտ զարկերակին է դնում մատը: Եվ լինում է անգամ այնպես, որ, ինչպես Դավիթ Հովհաննեսն է նշում իր երգում, ձիերն են հուշում աշխարհի անսանձ գեղեցկության մասին, շեշտելովՙ «թեկուզ ուշ, բայց կա մարդու համար ապաշխարանք»: Պատումի ոճն անբռնազբոս է, խոսքըՙ ազնվասիրտ, նույնքան համոզիչ.

Տասնհինգ տարի առաջ էր, ու ես

շատ բաներ գուցե լավ չեմ հիշում,

սակայն աչքերիս առաջ են, կարծես,

երկու ձիերը - կաթնամշուշում...

(1982)

Այսինքն, տառապանքը, որ բանաստեղծին տանում է դեպի հայտնություն, զտարյուն է բացարձակապես ու երկնատուր: Հենց այդ ազնվության, պատկերավորության ու մաքրության համար է կռվում (ասել է թեՙ գրում) բանաստեղծը, հենց այս եզրույթում է, որ պատկերի ներքին «կառուցակարգը» բարձրանում է խիզախումի փիլիսոփայական տարածքի վրաՙ մշտապես բարձր պարզելով պայքարի իր դրոշը, հաստատելով իր հավատամքը.

Բայց դա սկիզբն էր լոկ...

- Եվ տարիներ եկան,

երբ ՈՉԻՆՉԸ աչքիս առաջ դարձավ ոմն ԻՆՉ,

երբ փուչ «չկային» պարտվեց լեցուն իմ «կան»,

քանզի անհանդուրժող էի, ու եռանդսՙ աննինջ,

- այնժամ ձայնը, որ դեռ խոսում էր իմ մեջ,

դարձավ աղաղակ ու հնչեց անպատում

հոգումս կուտակված տառապանքը մեծՙ

ինչպես Հիսուսի ձայնըՙ անապատում...

(2007)

Ժամանակը հոգնել է դինջ ու անականջ երգերից: Դավիթ Հովհաննեսի ստեղծագործությունը խորը մտածումների ու խոհերի է մղում ընթերցողին, նա այն գեղագետն է, պոետը, ով մշտապես ներկայանում է ե՛ւ «նշանի ահագնությամբ», ե՛ւ ոգու բարձր ինտելեկտովՙ անսահման դարձնելով իր բանաստեղծական արվեստից բխող ներքին լույսի աուրան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ