RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2016-02-11 22:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2029, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«ՃԱՆԱՉԻՐ ԵՎ ՍԻՐԻՐ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ՏԱՍՆԵՐՈՐԴԸՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆԻՆ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Արվեստաբան Շահեն Խաչատրյանի հեղինակությամբ լույս տեսնող հայ կերպարվեստի վարպետներին նվիրված «Ճանաչիր եւ սիրիր» խորագրյալ մատենաշարի հերթական պրակը նվիրված է 19-րդ դարի նկարիչ Հակոբ Հովնաթանյանին ՙ Հովնաթանյան տոհմի հինգերորդ սերնդի վերջին զավակը, որին վիճակված էր հայկական գեղանկարի պատմության մեջ թողնել մնայուն հետքՙ որպես աշխարհիկ թեմաներ ներմուծող նկարիչ եւ որպես դիմանկարի ժանրի հիմնադիր: Արդեն իսկ գերդաստանի հարուստ ավանդույթների վրա հիմնված նրա ստեղծագործությունը կրում էր այդ ժառանգության կնիքը, սակայն նորությունը դիմանկարի ասպարեզում բացահայտված նկարչի անհատականությունն էր: Հովնաթանյանը ստեղծագործել է Թիֆլիսում, այստեղ նա բավական ճանաչում է ունեցել, նրան համարել են Թիֆլիսյան Ռաֆայել, հետո հանգամանքների բերումով տեղափոխվել է Թավրիզ, ապաՙ Թեհրան, կերտել իր ժամանակակիցՙ հայտնի եւ անհայտ անձանց բազմաթիվ դիմանկարներ, որոնցից մի քանիսը հայ դիմանկարչության պատմության չխամրող արժեքներից են:

Ըստ Շահեն Խաչատրյանի, Հովնաթանյանի վրձնին շուրջ 500 դիմանկար է պատկանել, մեզ, սակայն, հայտնի է ընդամենը 70 աշխատանք: Մեր ժամանակներում նկարչի անվան վերածնունդը կապված է Հայաստանի պետական պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամբյանի հետ: Շ. Խաչատրյանը ալբոմի առաջաբանում գրում է, որ 1930-ականներին նա Թիֆլիսից եկած Գ. Շարբաչյանի մոտ տեսնելով Հովնաթանյանի նկարները, խնդրում է ձեռք բերել նկարչի գործերից եւ հասցնել Երեւան, արդեն Լենինգրադում ելույթներով ստեղծել էր բավական հետաքրքրություն նրա անվան շուրջ, հոդվածներ գրել եւ գիրք էր հրատարակել: «Հովնաթանյանի դիմանկարները բազմադարյան հայ արվեստի ամենափայլուն էջերից են, որոնցով բնավ չի սահմանափակվում նկարչի նշանակությունը: Հովնաթանյանը իբրեւ նոր, աշխարհիկ ու իրապաշտ արվեստի նախահայր, նկարչության մեջ կատարել է մոտավորապես այն դերը, ինչ նրա նշանավոր ժամանակակից Խաչատուր Աբովյանը գրականության մեջ:

Հովնաթանյանի արվեստը խորապես ազգային է, խորապես յուրօրինակ: Հայ ժողովուրդը ամենայն իրավամբ հպարտանում է մեծ նկարչի հիասքանչ արվեստով», գրում է Ռ. Դրամբյանը:

Առաջաբանում արվեստաբանը անդրադառնում է Հովնաթանյանի կենսագրական մի քանի դրվագներին, ապա ստեղծագործության հիմնական առանձնահատկություններն ընդգծելովՙ պատկերացում տալիս նկարչի գեղարվեստական մտածողության մասինՙ նկատելով, որ այն սերում է միջնադարյան հայ մանրանկարչության եւ ժողովրդական արվեստի ավանդույթներից: Նրա դիմանկարչությանը հատուկ են գունային ընդգծված կոնտրաստները, առաջնայինը թեեւ գույնն է, սակայն պատկերի հստակ գծակառույցը նրբորեն միահուսվում է դրանՙ ստեղծելով ամբողջական, տպավորիչ կերպարներ: Հեղինակը մասնավորապես անդրադառնում է նկարչի մի քանի հայտնի դիմանկարներինՙ Ներսես Աշտարակեցու, Շուշանիկ Նադիրյանի, գիրքը ձեռքներին պատանիների, Նատալյա Թեումյանի եւ այլոց. վերջինիսՙ Մ. Սարյանը իր զրույցներից մեկում համարել է Հայկական Ջոկոնդա: 1970 թվականին Փարիզում կազմակերպված «Հայկական արվեստը Ուրարտուից մինչեւ մեր օրերը» ցուցահանդեսին մասնակցած Հովնաթանյանի 5 աշխատանքների մեջ նաեւ Նատալյա Թեումյանի դիմանկարն է եղել եւ մեծ հաջողություն է ունեցել:

Ալբոմի երկու էջ նվիրված է Հովնաթանյան գերդաստանի նախահորըՙ Նաղաշ Հովնաթանինՙ հայ մշակույթի մեջ նշանակալի հետք թողած, բազմակողմանի զարգացած անհատականություն.- պատկերված է նրա աշխատանքներից Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի ճակատային մասը եւ թոռանՙ Հովնաթան Հովնաթանյանիՙ ավարտին հասցրած տաճարի որմնանկարները, խորանի առջեւ պատկերված Քրիստոսի 12 աշակերտներին եւ այլ աշխատանքներ:

Ալբոմում զետեղված են Հակոբ Հովնաթանյանի շուրջ 50 դիմանկար, բացի դրանցից եւս մի շարք գծանկարներ, մատիտանկար գործեր, որոնք արվեստաբանը հայտնաբերել է 1997-ին Լոս Անջելեսում իրանահայերի ակումբում ելույթից հետո մի հրավերքի ժամանակ, որտեղ ծանոթացել է Հովնաթանյանի ծոռնուհիներին եւ նրանց մոտ տեսել նկարչի 40 -ի հասնող, մինչ այդ անհայտ գծանկարները, իսկ դրանցից տասը, նաեւ նկարչի երկու լուսանկար, ստացել է ժառանգներից որպես նվիրատվություն:

Ինչպես նախորդ ալբոմները, այս վերջինը նույնպես ուղղված է նոր սերնդի արվեստասերներին: Այս մատենաշարով հեղինակը փորձում է ճանաչելի դարձնելով հայ կերպարվեստի վարպետներինՙ երիտասարդներին սիրել տալ նրանց արվեստըՙ հիմնական շեշտադրումը դնելով տվյալ անհատի ստեղծագործական առանձնահատկությունների վրա, բացահայտել, ներկայացնել նրա աշխարհընկալման եւ գեղարվեստական մտածողության ինքնատիպությունն ու բերած նորությունը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ