RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2016-02-11 22:44:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1518, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԵԳԻՊՏՈՍԻ ՇԸՐԼԻ ԹԵՄՓԼԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Կահիրեում 72 տարեկանում կյանքից հեռացել է ժամանակին «Միջին Արեւելքի երեք աստղերը» հռչակված Գալֆայան քույրերից ամենամեծըՙ Փերուզը (Ֆեյրուզ):

Գալֆայան քույրերի մեծ ծնողները 1920-ին Կովկասից գաղթել էին Տիգրանակերտ, 1925-ինՙ Երուսաղեմ, 1934-ին հաստատվել են Ալեքսանդրիայում, իսկ ծնողներըՙ Գրիգոր եւ Շաքե Գալֆայանները, ծնվել են Եգիպտոսում, ունեցել հինգ զավակ: Քույրերից Փերուզը ծնվել է Կահիրում, 1942-ին, Սիրվարդը (Մերվեթ)ՙ 1944-ին, ամենակրտսերըՙ Նելլին, 1951-ին: Նրանց մորաքրոջ դուստրըՙ Շաքե Թուխմանյանը, հայ թատրոնի ճանաչված դերասանուհի է Երեւանում եւ Լոս Անջելեսում, նրանց զարմիկներն են կինոգետ Հակոբ Թահմիզյանը (Հայաստան-ԱՄՆ) եւ բեմադրիչ Էդմոն Թամիզը (Ֆրանսիա):

Տակավին երեք տարեկանում Փերուզ Գալֆայանը պարել է հոր ջութակի նվագի տակՙ նմանակելով ամերիկյան կինոաստղ Ռիտա Հեյուորթին, եւ հայրը նրան տվել է պարի դասերի: Չորս տարեկանում Եգիպտոսի նախկին թագավորից ստացել է առաջին մրցանակըՙ Բուրգերի թատրոնում պարելով «Կապույտ երկինք» հավայական տանգոնՙ ստանալով 25 եգիպտական ոսկի դրամական պարգեւ, գոհարեղեն եւ պարի վեցամյա ձրի ուսման հնարավորություն (նույն երեկո մրցանակակիր է դարձել նաեւ մեկ այլ դեռատի հայուհիՙ Իրմա Զաքարյանը): Իսկ երբ Եգիպտոսի հեղափոխության առաջին տարեդարձի առթիվ Կահիրեի օպերայում կատարել է «Ազատասիրության քայլերգը», հանրապետության նախագահ եւ վարչապետ զորավար Մոհամմեդ Նեգիբը նրան կանչել է իր օթյակը, նվիրել ոսկե ժամացույց եւ նրա հուշատետրում գրել. «Ո՜վ Փերուզ, ո՜վ սիրուն աղջիկ, թող քո սիրուն երգերը միշտ խանդավառ լինեն: Դրանք ձգտում են բարձրացնել հայրենակիցներիդ բարոյական կորովը: Աստված պահի քեզՙ Հայրենիքիդ համար»:

Թերեւս Փերուզը շարունակեր միայն երգել ու պարել եւ այդպես էլ չառնչվեր կինոյին, եթե մի օր փողոցում նրան ընկերների հետ խաղալիս չնկատեր բեմադրիչ եւ դերասան Անուար Ուագդին: Վերջինս Գալֆայաններին համոզել է, որ իրեն հանձնեն աղջկանՙ նկարահանելու համար իր ֆիլմում: Մեկ տարի Ուագդին զբաղվել է փոքրիկ հայուհիով, սովորեցրել երգել, պարել, արտասանել: Այնուհետեւ նա վեցամյա Փերուզին նկարահանել է իր «Յասմին» կինոնկարում (1949), որի շնորհիվ Ուագդին մեծահարուստ է դարձել: Նյութը փոքրիկ Յասմինի պատմությունն է, որը, խլված ընտանիքից, ընկնում է վատ միջավայր, սակայն մի երաժիշտի շնորհիվ բարձրանում է թատերական ասպարեզ, հայտնի դառնում եւ գտնում ծնողներին: Կինոնկարին մասնակցել են նաեւ եգիպտացի ճանաչված դերասաններ Մադիհա Յուսրին եւ Զեքիա Ռուստամը: «Փերուզին իսկական արժանիքը կը կայանայ անոր մէջ, որ զարմանալի ուժգնութեամբ մը կ՚ապրի իր մարմնացուցած դերերը»,- գրել է ժամանակի մամուլը: Քննադատները նշել են նրա բացառիկ շնորհքը, արաբերենի անթերի առոգանությունը, բնական դիմախաղերը, ժպիտները, սրամտությունը, ողբասացությունը, շարժուձեւերն ու արտահայտության կերպերը, որ հասուն արվեստագետի տպավորություն են թողել: Նրա մասնակցությամբ երրորդ շարժապատկերն արդեն կրել է իր անունըՙ «Ֆեյրուզ հանըմ», որտեղ նրա խաղընկերների թվում էր նաեւ եգիպտահայ բեմի դերասան Արփիար Վարդյանը: Սրան հետեւել են Հասուն Ամերի «Հարսանեկան լուսանկարը» (1952) եւ «Դահաբ» մյուզիքլը (1953), իսկ 1955-ին Փերուզը 22 հազար եգիպտական ոսկի դրամագլխով եւ իր գլխավոր խաղարկությամբ արտադրել է Ուագդիի «Լքյալը» կինոֆիլմըՙ այդպիսով դառնալով աշխարհի ամենափոքրահասակ կինոարտադրիչը: Այս շարժանկարում նկարահանվել են նաեւ Փերուզի քույրերըՙ Նելլին եւ Սիրվարդը: Սեյֆ Էդդին Շաուկատի «Դրախտի թռչնակները» երկրորդ կինոնկարն էր, որտեղ միասին նկարահանվել են Գալֆայան քույրերըՙ հանդես գալով իրենց իսկ անուններով: Այս ֆիլմը ժամանակին ներկայացվել է նաեւ Խորհրդային Միությունումՙ Հայաստանում հատկապես խանդավառություն առաջացնելով եգիպտահայ հայրենադարձների շրջանում...

Հետագայում Փերուզը նկարահանվել է «Իսմայել Յասինՙ Տարզան», «Տիկնոջ օրերը», «Հիշում եմ ինձ մոռացողին» եւ «Հերմել» ֆիլմերում, որոնցից յուրաքանչյուրի համար ստացել է երեք հազար եգիպտական ոսկի: Փերուզին անվանել են «փոքրիկ Չապլին», «Եգիպտոսի Շըրլի Թեմփլը»: Չափազանց բծախնդիր եւ աշխատասեր լինելովՙ նա ժամանակ չի ունեցել իր մանկական խաղերի համարՙ հաճախելով պարի, մարմնամարզության, լեզվի եւ երգի դասերի: «Ես 18 տարիէ ի վեր շարժանկարի գործով կը զբաղիմ, եւ հակառակ շատ մը մեծ արուեստագէտներու հետ աշխատած ըլլալուս, Փերուզին չափ արուեստագէտի խմորով շաղախուածի երբեք չեմ հանդիպած»,- ասել է մայրըՙ Շաքեն:

Դեռեւս 1956-ին մի հարցազրույցի ժամանակ Փերուզն ասել է. «Շատ փափաքած եմ հայ ֆիլմեր պատրաստել, եւ բազմաթիւ դիմումներ ալ կատարած եմ դրամագլուխ մը ձեռք ձգելու համար, սակայն ֆիլմ մը պատրաստելու համար, Եգիպտոսի մէջ, առնուազն սուրիական դրամով 180.000ի պէտք կայ, զոր մենք ի վիճակի չենք հայթայթելու: Եթէ հայ մեծահարուստ մը տրամադրէ այս գումարը, միւս ֆիլմերս մէկդի դրածՙ անմիջապէս կը սկսիմ պատրաստուիլ հայերէն ֆիլմին»: Սակայն նման հայ մեծահարուստ այդպես էլ չի գտնվել (մինչ օրս)...

Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը նկարահանվել է 1959-ին: Հոր հետ միասին հիմնել է «Ֆեյրուզ ֆիլմ» կինոստուդիանՙ արտադրելով մի շարք կինոնկարներ: Փերուզ Գալֆայանն այնուհետեւ որոշ ժամանակ հանդես է եկել արաբալեզու թատրոնում: Տարիներ անց, 1970 թ. նա Կանադայի արաբական կինոստուդիայում նկարահանված «Գաղթականը» ֆիլմում կատարել է գլխավոր դերը: Ամուսնացել է դերասան Բադր Էդդին Ջամջումի հետ, ունեցել մեկ դուստր, մեկ որդի:

Ի տարբերություն Փերուզիՙ Նելլի Գալֆայանը շարունակել է կարիերան կինոյումՙ 1950-ական թվականներից մինչեւ օրս կայուն տեղ գրավելով եգիպտական կինեմատոգրաֆումՙ դառնալով եգիպտական կինոյի մեծագույն դերասանուհիներից մեկը:

Եգիպտոսի բոլոր ժամանակների մեծագույն մանուկ կինոաստղը տառապում էր լյարդի եւ երիկամների հիվանդությունից: Նրա մահվան առթիվ Եգիպտոսի մշակույթի նախարար Հելմի ալ Նամնամն ասել է. «Նա արժանի էր «հրաշք մանուկ» անվանըՙ իր արվեստի եւ ստեղծագործության շնորհիվ»: Փերուզի մասնակցությամբ սեւ-սպիտակ ֆիլմերը, որպես եգիպտական կինոյի դասական էջեր, մշտապես ցուցադրվում են եգիպտական եւ արաբական աշխարհի հեռուստաալիքներով...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 12-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ