ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարան Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2014» գրքույկը: Այստեղ ի մի են բերված հանրապետության գրադարանային համակարգի (թե՛ հանրային, թե՛ բուհական) 2014 թվականի աշխատանքային վիճակագրական տվյաները: Մանրամասնորեն ներկայացված են պետական համակարգի 17 բուհական գրադարաններ, որոնց թվում նաեւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ Մանկավարժականի գիտական գրադարանը հինգերորդ անգամ անընդմեջ գրադարանային հիմնական ցուցանիշներով բուհական եւ հասարակական գրադարանների համակարգում առաջինն է: 2014 թվականին գրադարանն ունեցել է 21287 ընթերցող, 1.201.627 հաճախում, 3.124.212 տպագիր նյութի (գիրք, ամսագիր, հանդես, թերթ) շրջանառություն-տացք: Տարվա միջին ծանրաբեռնվածությամբ յուրաքանչյուր ընթերցող գրադարանից օգտվել է 56 անգամ եւ օգտագործել է 146 տպագիր նյութ: Տարվա ընթացքում գրադարանն իր գրքային պաշարը հարստացրել է 7778 միավոր նոր ուսումնական ձեռնարկներով եւ ամենաժամանակակից հայկական եւ արտասահմանյան գրականությամբ: Բացի թղթային տպագիր նյութերից գրադարանը իր համակարգչային բազայի օգնությամբ հնարավորություն է տվել ընթերցող ուսանողներին, դասախոսներին գրել եւ սեփական հասցեին փոխանցել 950.000 միավոր ռեֆերատ, կուրսային աշխատանք, մագիստրոսական թեզ, թղթապանակ (սա 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է 870.345-ով): Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի ցուցանիշները հիմնական մրցակից Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի ընթերցողների ցուցանիշը գերազանցում են 2,3 անգամ, հաճախումըՙ 6,5 անգամ, տացքըՙ 2,7 անգամ: Գրադարանային ցուցանիշներով Մանկավարժականի գիտական գրադարանը առաջինն է նաեւ հանրապետության հասարակական գրադարանների համակարգում: Ընթերցողների թվով 6000-ով զիջում է միայն Ազգային գրադարանին, սակայն 6,5 անգամ գերազանցում է վերջինիս հաճախումների թվով (Ազգային գրադարանի 2014 թ-ի հաճախումներն ընդամենը 263.146 են), 2,1 անգամ տացքի թվով: Հասարակական մյուս գրադարաններիՙ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի, Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի վիճակագրական տվյաներն ավելի ցածր են: Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի հաջողությունները մեծավ մասամբ արդյունք են համալսարանի ղեկավարության կողմից գրադարանային պայմանների բարելավմանն ուղղված աշատանքները (նոր ու ժամանակակից ընթերցասրահների գործարկում ուղղակի ֆակուլտետներում, տեխնիկական ժամանակակից միջոցների համալրում) եւ գրադարանում վերջին տարիներին իրականացվող ու տպագիր նյութի պրոպագանդմանը նվիրված միջոցառումները (ամենամյա լավագույն ընթերցող միջոցառում, «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա աշխատանք եւ նույնանուն գրական ժողովածուի հրատարակություն, երկարացված աշխատակարգ, շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքացիների սպասարկում): |