ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՈՒՏՔԸ ԱՆԳԼԻԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հ. Ծ. Նունե Սարգսյանը ծնվել է Երեւանում, ավարտել պետհամալսարանի Ռոմանո-գերմանական ֆակուլտետը: 1991-ին իր ամուսնուՙ Արմենի եւ երկու որդիներիՙ Վարդանի եւ Հայկի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա եւ հաստատվել Լոնդոնում, որտեղ Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթ քոլեջից ստացել է մագիստրոսի գիտական աստիճան: Մանկական գրականության հայտնի դեմքերից է: Նախքան Անգլիա մեկնելը նրա գրքերը («Հերոսները, «Նռան հատիկները», «Թագավորը եւ դրակոնը») ծանոթ են եղել եւ մեծապես գնահատված ոչ միայն Հայաստանում, այլեւ Մոսկվայում եւ Ուկրաինայում: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված Ասատուր Կյուզելյանի գրախոսականի, Նունեն վերջերս մուտք է գործել նաեւ անգլիալեզու մանկական գրականության ոլորտները, լույս ընծայելով անգլերեն լեզվով գրված իր առաջին գիրքը: «Կախարդական կոճակները» («The Magic Buttons») կախարդների, վհուկների, Փըրլ (Մարգարիտ) անունով ազնիվ ու խիզախ աղջկա եւ ընկերազուրկ, չարամիտ Իզզի Բերտոնի մասին է: Վերջինս փորձում է խոչընդոտել կախարդների եւ վհուկների միջազգային համաժողովը նրանցից գողանալով կախարդանքի ուժը եւ «կոճակները»: Կկարողանա՞ Փըրլը վերադարձնել նրանց այդ «կոճակները» եւ դրանցով նաեւ այն կախարդական ուժը, որով հնարավոր կլինի բուժել իր հորը եւ բազմաթիվ այլ վարակված հիվանդներին: Այս հարցին է պատասխանում հեքիաթը, որը հագեցած է բարությամբ, արդարությամբ եւ ընկերասիրությամբ: «Բայց գիրքը նաեւ գիտելիքներ է հաղորդում մանուկներին, օգնում ճանաչել շրջապատող աշխարհը եւ ընդլայնում է նրանց մտավոր ունակությունները: Հեղինակը հրաշալի ճանաչում է երեխաներին եւ ունի ստեղծագործական տաղանդ հաղորդակցվելու նրանց հետ: Ողջունելի է նրա հաղթական մուտքը անգլիալեզու մանկական գրականության աշխարհը», գրում է Ասատուր Կյուզելյանը, ավելացնելով, որ հետաքրքրվողները կարող են այցելել «www.foyles.co.uk» եւ «www.amazon.co.uk» կայքերը: |