ՍԵՎԱԿԸ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆԵԼՈՒ ԱՌԻԹ ՀԱՆԴԻՍԱՑԱՎ ՍԵՎԱԿ ԱՆՈՒՆՈՎ ՄԻ ՀԱՅ ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Արվեստագիտության թեկնածու Փետրվարի 20-ին ուշ երեկոյան Բեռլինի գրականության տան դահլիճը լեցուն էր. տեղի ունեցավ Պարույր Սեւակի ստեղծագործությունների փոքրիկ ժողովածուի շնորհանդեսը: Ներկաների շարքում էին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Հայ ակադեմականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, հայկական համայնքի բազմաթիվ անդամներ, հայ ուսանողներ, գերմանացի ընթերցասերներ, թուրք մտավորականներ եւ այլ հյուրեր: Und sticht in meine Seele` «Ու ծակում հոգիս» վերնագրված եւ 104 էջից բաղկացած գիրքը լույս է տեսել 2015-ին «Հանս Շիլեր» հրատարակչատանը` վերջինիս հովանու ներքո: Այն, ինչպես եւ խորագրում է նշված, ներառում է 24 եւ 4 բանաստեղծություններ, որոնք հրատարակվել են Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ: Նախաձեռնության հեղինակ, Բոխումի գրողների միության նախագահ տիկին Հայդե Ռիկը իր ճամփորդություններից մեկի ժամանակ պատահաբար դիմել է Սեւակ անունով մի հայի: Զրույցը հատկապես անվան հետ կապված տպավորիչ է եղել, նա բացահայտել է հայ անվանի բանաստեղծ Պարույր Սեւակին: Որոշ բանաստեղծություններ կարդալուց, ուսումնասիրելուց հետո, որոշում է կայացրել անպայման թարգմանել: Գրքի թարգմանիչներից գրող, բանաստեղծուհի Ագապի Մկրտչյանը պատմում է, որ մի օր պարոն Ազատ Օրդուխանյանը զանգահարեց իրեն. «Սեւակ թարգմանելու առաջարկին այո ասացի, այդ ժամանակ չգիտեի, թե այդ «այոն» ինչ մեծ պատասխանատվություն էր, չնայած որ թարգմանության փորձը կար: Շուրջ երկու տարի իմ ազատ ժամանակը տրամադրել եմ այս գործին»: «Մեր գործը միայն միջնորդի դերն էր,- հավաստիացնում է պարոն Օրդուխանյանը , - երկու թարգմանիչները միասին աշխատել են թե՛ Բոխումում, թե՛ Վիսբադենում: Երբ արդեն գիրքը պատրաստ էր տպագրության, հրատարակչությունը պայման դրեց, որ 1000-ից 200-ը պետք է գնենք, դրանից 30 մենք վերցրեցինք, մնացածըՙ Բոխումի գրողների միությունը»: Փետրվարի 19-ին գրքի շնորհադեսը տեղի ունեցավ Փոթսդամում` Լեփսիուսի տանը, որը տարիներ արդեն հայկական շնչով է լցված: Ավելի վաղ թարգմանության հեղինակներն այն ներկայացրել են Գերմանիայի եւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Բեռլինում նրանց ելույթը հուզումնառատ էր: Երաժշտական կատարումներով հանդես եկան երգիչ-դերասան Ստեփան Գանտրալյանը եւ թավջութակահարուհի Քրիստիանե Կոնրադը : «Հրաշալի միջոցառում էր: Պարույր Սեւակ հասկանալ, ընկալել եւ թարգմանել ու հասցնել այլ ազգի, այլ մշակույթի, համարում եմ, որ մենք մեծ գործ ենք արել: Այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում թարգմանիչներին եւ Շիլեր հրատարակչությանը»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Աշոտ Սմբատյանը: |