RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-03-2016



ՃԱՆԱՉՈՒՄ

Տեղադրվել է` 2016-03-03 22:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 960, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Գրողին հասկանալու համար զգալ է պետք նրա բառի ուժն ու ներքին ձգողականությունըՙ ինչպես է աշխարհը ներծծվում խոսքի տարողության մեջ: Երբ բառը չի զուգվում ավելորդ շքեղությամբ, ավելի տեսանելի է դառնում իրական ապրումը:

Լեւոն Զավեն Սյուրմելյանի գրականության լեզուն անգլերենն է, ոգին հայկական է: «...թոյլ տուէք որ յիշեցնեմ ձեզի, թէ ես ալ մէկն եմ անոնցմէ, որ ետ դարձան մահուան ճանբայէն եւ որ իրենց սիրտերուն մէջ կը կրեն անմահական բաղձանքները Հայութեան»: Այդ հիշեցման վավերականությունը իր գրականությունն է, այն ժառանգությունը, որ մնացել է մեզ: Ամերիկյան միջավայրում կայացած եւ կյանքն անցկացրած գրողն իր արմատներին ու երկրին կապված էր խորապես: «Բայց, տիկիններ եւ պարոններ, ես ուզում եմ աշխարհին ասելՙ Հայաստանն իր պետականությունը կառուցեց այս ժայռերի վրա, եւ այստեղ ավելի քաղցր են կյանքի ուրախությունները, երբ մենք հիշում ենք դառն անցյալը: Այս ժայռերը շողում են հայկական երազով, եւ ամենուրեք մարդկանց երազն է դա: Բաժանված, ցիրուցանՙ մենք մնում ենք մեկ ազգ, եւ հոգ չէՙ որտեղ են ապրում մեզանից ոմանք, եւ ինչ լեզվով ենք խոսում, այս հողը ձգում է մեզ...»: Այս ցաքուցրիվ, աշխարհով մեկ տարածված լինելը կարծես ճակատագրական վիճակ է մեզ համարՙ դառն իրողության հետեւանք, թե՞ հիմա արդենՙ ազգային բնավորություն, բայց երեւույթն ասես խորհուրդ է կրում, որ խելացի օգտագործելու պարագայում ուժ ունի մեջը... բայց մենք անփույթ ենք մեր ունեցածի ու ճակատագրի հանդեպ, հաճախՙ անհետեւողական: Անցյալի մեծերի վարքն ու իմաստնությունները հիշեցման եւ սթափեցման համար են նաեւ:

Սյուրմելյանի ծննդյան 110-ամյակի առիթով անցած տարի լույս տեսավ Վետա Հարությունյանիՙ «Լեւոն Զավեն Սյուրմելյանի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը» գիրքը, որ նրա 40-ամյա վաղեմության դիսերտացիան էրՙ ժամանակին չտպագրված: Գրական միջավայրում եւ մամուլում եղած դրական արձագանքների տպավորությամբՙ Սերգեյ Գալստյանը նախաձեռնեց եւ կազմեց նոր ժողովածուՙ «Սյուրմելյանը եւ Հայաստանը» խորագրով, որ լույս տեսավ օրերս: Գիրքը մեկ անգամ եւս գրողին հայաստանյան հանրությանը ներկայացնելու, նրա գրականության ուսանելի հետքերը սերտելու առիթ է: Վետա Հարությունյանի հոգածությամբ մինչ այդ լույս էր տեսել գրողի «Լոյս զուարթ»ՙ 20 բանաստեղծություններից բաղկացած փոքրիկ ժողովածուն, որի առաջին հրատարակությունը կայացել էր 1924-ին, Փարիզում, Վահան Թեքեյանի նախաձեռնությամբ, առաջաբանով եւ անձնական միջոցներով. այն հայերենով գրված Սյուրմելյանի առաջին եւ վերջին գործն է: Այս հրատարակությունները նախընթաց շրջանում եղածի հետ մեզանում հնարավորինս ամբողջացնում են նրա գրականությունը, նաեւ գրողի մարդկային նկարագրի մասին պատկերացում տալիս: Ինչպես Ս. Գալստյանն է գրում առաջաբանում, Հայաստանը ներկայացված է Սյուրմելյանի աչքերով, գրողըՙ Հայաստանի մտավորականության դիտանկյունից: Գրքի երկու հիմնական մասերից առաջինում ներկայացված են «Ձեզ եմ դիմում, տիկնայք եւ պարոնայք» կենսագրական վեպից հայաստանյան այցի տպավորությունների հատվածներ, որոնցում վերապրումի զգացումները, նկարագրությունները պարզ են, անմիջական ու գեղեցիկ եւ, իր իսկ բառն օգտագործելով, այնքան նկարչագեղ, որ տողերի միջից սարյանական արեւի փայլ, հայրենի հողի ու մրգերի համ է ասես բուրում:

Ներկայացված է նաեւ «Լոյս զուարթ» բանաստեղծական ժողովածուն, կիցՙ Վ. Հարությունյանի համառոտ գրությամբ.- գողտրիկ քերթվածքեր, որոնցում արձագանքված հոգեաշխարհի շարժերն ու զցացումները կարոտի, տխրության, հիշողության մեղեդիներ են, որոնց խտացված արտահայտությունը «...Մեռելներուս իբրեւ խաչՙ ես այս ծառը տնկեցի...» տողի, բանաստեղծության մեջ հասել է կատարելության: Այն կարծես քանդակ է, հավերժական մի խաչքար:

Գրքի հաջորդ բաժնում Սյուրմելյանը ներկայացվում է հայաստանյան մտավորականների հայացքովՙ Արմեն Հովակիմյան, Հակոբ Միքայելյան, Լյուդվիգ Կարապետյան: Առանձին հատվածով ներկայացված են Արամ Արսենյանի, Պետրոս Դեմիրճյանի, Վարդան Դեւրիկյանի, Ռոմեն Կոզմոյանի, Ավիկ Իսահակյանի, Թորոս Թորանյանի, Ռուբեն Հովսեփյանի, Սերժ Սրապիոնյանի, Մելանյա Բադալյանի անդրադարձները, կարծիքները Վետա Հարությունյանի գրքի մասին: Հետաքրքրական է Սյուրմելյանին վերաբերող մասունքների մասին պատմող Ավիկ Իսահակյանի գրությունը. 1948-ին Ավետիք Իսահակյանին ուղարկված նամակում գրողը շնորհակալությամբ դիմում է նրանՙ քրոջը ցուցաբերած բարոյական աջակցության համար: Ներկայացված է Անդրանիկ Քոչարի մի լուսանկարՙ արված 1964-ին, Դիլիջանում. Սյուրմելյանըՙ Սարյանի, Միրզոյանի եւ նշանավոր մի խումբ մտավորականների հետ: Գնահատական - դիտարկումներ է պարունակում Վ. Դեւրիկյանի գրությունըՙ ուշադրությունը մասնավորապես հրավիրելով գրողի հրապարակագրության եւ անգլիագիր հայ գրողներին վերապահված դերի մասին անդրադարձներին:

Օտարագրության մշակութային - հոգեբանական երկվությանն անդրադառնալովՙ Ռ. Հովսեփյանը գրում է. «Սարոյանը կարող էր մոռանալ իր արմատները, ամբողջովին տրվեր ամերիկյան իրականությանը, եւ այդպես «չմեռներ»: Բայց կփրկվե՞ր: Նույնը եւ Լեւոն Զավեն Սյուրմելյանը: Հայերենով ընդամենը մի լղարիկ բանաստեղծական գիրք հրատարակելուց հետո նա անցավ անգլերենին եւ կարծես բռնեց գիտակցական ձուլման կործանարար ճանապարհը, որով անցել էր Մայքլ Առլեն ավագը, անցել էին, թերեւս, շատերը, ում անունները չենք էլ իմանում: Կողքից դիտողը հենց այդպես էլ պետք է ընկալեր Սյուրմելյանին, եթե թշնամուն մեկ անգամ «խաբածը» չվճռեր խաբել կրկինՙ այս դեպքում ուծացում կոչվող թշնամուն:

«...Ոմանք կը կարծեն, թէ լքած եմ հայ գրականութիւնը, քանի որ հայերէն չեմ գրեր այլեւս: Բայց երկու լեզուով գրականութիւն ընելը անկարելի է ինձ համար: Ամէն լեզու ունի իր մասնաւոր ոգին, իր եղանակն ու կշռոյթը եւ իր ոճի գաղտնիքները: Ինչպէս որ ըսած եմ ուրիշ առիթով մըՙ ես կորսնցուցի հայ լեզուին կռիւը որպէսզի - իմ եւ ժողովուրդիս բարիքին համար- շահիմ կռիւը Հայ Հոգիին, որ աւելի կարեւոր է:

... Չկայ մէ՛կը որ հայ լեզուն սիրէ ինձմէ աւելի խորապէս: Բայց ես կը հաւատամ աշխատանքի բաժանումին: Եվ կրնամ որպէս ամերիկեան գրող ավելի՜ մեծ չափով ծառայել իմ ժողովուրդիս ու անգլերէն գրելովՙ չեմ դադրիր հայ գրող մը ըլլալէ», այսպես է մեկնաբանել լեզվական երկվության իր զգացումը գրողը:

Գիրքն ամբողջացնում են Սյուրմելյանի նամականուց մի փունջ, նաեւՙ ձեռագիր նմուշների եւ «Կյանքը լուսանկարում» էջերը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 04-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ