ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ 5 ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ Ամերիկահայ հայտնի դերասան եւ պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված SR- Socially Relevant Film Festival New York փառատոնը 2016 թվականին կմեկնարկի մարտի 14-20-ը: Փառատոնում ներկայացված են բազմաթիվ հասարակական, սոցիալական խնդիրներ ընդգրկող ֆիլմերՙ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի Հայաստանից ներկայացված է հինգ ֆիլմ. Արա Երնջակյանի «Խավարում», Ռուբեն Փաշինյանի «Տղա՛ս, ո՞ւր է Եփրատը», Մարինե Քոչարյանի եւ Սոնա Քոչարյանի «Ինչպես անցնել» (Ջիլիզից Ջիլիզ), Աննա Բայաթյանի «Արդեն գիտեմ» եւ Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմերը: Ռեժիսորների հետ հետեւյալ հարցերի շուրջ զրուցել է Լիլիթ Մովսիսյանը. 1. Ինչի՞ մասին է ֆիլմը: 2. Ինչպե՞ս ծագեց ֆիլմը նկարելու գաղափարը: 3. Ռեժիսորի համար Ի՞նչ է նշանակում SR - Socially Relevant Film Festival New York -ին մասնակցելը: 4. Առաջին անգա՞մ է լինում Նյու Յորքում եւ մասնակցում փառատոնին: 5. Ո՞վ է ֆիլմի հանդիսատեսը: Արա Երնջակյան. «Խավարում» - 2014 թվական, 15 րոպե - Ֆիլմը հիշեցում է այն մասին, որ պատերազմի եւ կոնֆլիկտի ժամանակ ամենախոցելի շերտը երեխաներն են, մեծերի սխալներից առաջին հերթին տուժում են երեխաները: Արդեն վատ ավանդույթ է դարձել, որ Ցեղասպանության մասին բոլոր ֆիլմերում լացի, ողբի, յաթաղանի, արյան տեսարաններ կան: Հանդիսատեսը հագեցել է այդ մոտեցումից, որն արդեն որեւէ հույզ չի առաջացնում: Ահա ցանկություն առաջացավ նկարել մի ֆիլմ, որտեղ չեն լինի այդ ծեծված տեսարանները: Ուրախ եմ, որ ֆիլմը առանց մի կաթիլ արյունի կարողացավ հուզել: Ես մի փոքր հետեւողական չեմ իմ կատարած գործերը միջազգային ասպարեզներում ներկայացնելու հարցում: Դա հաճախ անում են իմ մտերիմ մարդիկ: Այս դեպքում նույնպես տաղանդավոր դերասան եւ պրոդյուսեր Նորա Արմանին, իմանալով այս ֆիլմի մասին, առաջարկեց այն ներկայացնել իր հիմնադրած փառատոնում, որը բարձրացնում է սոցիալական հարցեր: Ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ միջազգային փառատոների, ցուցադրվել եվրոպական շատ երկրներում, եւ միշտ լսել եմ լավ գնահատականներ ու կարծիքներ: Հայաստանում ցուցադրվել է «Ոսկե ծիրան» փառատոնում: Նյույորքյան փառատոնին ներկայացվում է առաջին անգամ: Ինքս չեմ մեկնելու Նյու Յորք, բայց սիրով կհետեւեմ փառատոնի ընթացքին: Կուզեի, որ ֆիլմը գնահատվեր ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հանդիսատեսի կողմից, որպեսզի ամեն մարդ կարողանար այս խնդիրը կրել իր վրա: Աշխարհում միշտ էլ տեղի են ունենում նույն բաներըՙ անկախ ազգությունից ու վայրից: Ֆիլմը երեխաների միջոցով մեծահասակներին է փոխանցում կարեւոր պատգամ, որը համամարդկային խնդիր է: Վստահ եմ, որ բոլորն էլ կարող են լինել իմ հանդիսատեսը, հատկապես նրանք, ովքեր անտարբեր չեն երեխաների ճակատագրի հանդեպ: Ռուբեն Փաշինյան. «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» - 2015 թվական, 20 րոպե Ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ, պրոդյուսեր, ձեւավորման հեղինակ, երկրորդ դերի դերակատար - Ֆիլմը առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային, բայց ոչ թե ցավի, կորստի ու մահվան մասին է, այլ պայծառ ապագայի ու լավատեսության: Կյանքը շարունակվում է եւ պետք չէ ապրել միայն անցյալի հուշերով: Ֆիլմի սյուժեն իրական դեպք է: Ցեղասպանություն վերապրած պապիկը, որ ԱՄՆ-ից այցելել էր Հայաստան, սկզբում անհասկանալի էր, թե ինչու էր ճանապարհորդության ընթացքում փնտրում Եփրատը: Ես նրան բացատրեցի, որ Եփրատն այստեղ չէ: Ֆիլմի վերջում նա ասում է. «Ես գիտեմ, որ Հայաստանում եփրատներ չկան եւ փառք Աստծո, որ չկան»: Ֆիլմը շատ պարզ է ու թեթեւ, նույնիսկ փոքրիկ կատակերգական դրվագներ կան: Ես առաջին հերթին գրող եմ, հետո դերասան, ռեժիսոր եւ երաժիշտ: Կարծում եմ, որ կինոն արվեստի այնպիսի տեսակ է, որի հետ առնչվող արվեստագետը չի կարող ունենալ միայն մեկ մասնագիտություն: «Տղա՛ս, ու՞ր է Եփրատը» պատմվածքը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, գրել եմ ռուսերեն: Այն մրցանակներ ստացավ Ռուսաստանում տեղի ունեցած «Հայկական մոտիվներ» եւ Ծաղկաձորի Երիտասարդ գրողների փառատոներում: Բոլորը միաբերան ասում էին, որ պատմվածքից շատ լավ ֆիլմ կստացվի: Հասկացա, որ պարտավոր եմ անել այդ գործը: Ֆիլմը կայացավ գլխավոր դերասան Վիգեն Ստեփանյանի մասնակցությամբ: Առաջին րոպեներից նա շատ արագ ընկալեց իր դերը: Ֆիլմի օպերատորը Հակոբ Կարանֆիլյանն է, որին հատուկ շնորհակալություն եմ հայտնում: Նա տաղանդավոր օպերատոր է, Արեւմտյան Հայաստանի մասին 25 վավերագրական ֆիլմերի հեղինակ: Շատ ուրախ եմ, որ պատիվ ունեմ ֆիլմս ներկայացնելու իմ վաղեմի ծանոթ, հրաշալի մարդ եւ արվեստագետ Նորա Արմանիի հիմնադրած փառատոնում, որն արդեն միջազգային ճանաչում է ձեռք բերել: Ես Նյու Յորքում լինելու եմ երկրորդ անգամ: Կինոփառատոնին մասնակցում եմ առաջին անգամ: Դա ինձ համար կրկնակի հաճույք էՙ հանդիպում քաղաքի հետ, որտեղ սրտիցս մի մաս է մնացել եւ մասնակցություն փառատոնին, որտեղ յուրաքանչյուր ռեժիսոր եւ դերասան հպարտ կլինի մասնակցել: Ֆիլմը կինոարտադրանք չէ, այլ քաղաքացիական խոսք, որը մենք չէինք կարող չհնչեցնել հատկապես Ցեղասպանության 100-ամյակին: Այն հայերեն էՙ անգլերեն եւ ռուսերեն ենթագրերով: Ֆիլմը ինքնատիպ խորհուրդ է, որի շարունակությունը լինելու է երկրորդ ֆիլմի մեջ եւ նկարահանվելու է ԱՄՆ-ում: «Ինչպես անցնել» (Ջիլիզից Ջիլիզ) -15 րոպե Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ Հեղինակներՙ Մարինե Քոչարյան, Սոնա Քոչարյան - Ֆիլմը Հայաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող Ջիլիզ գյուղի մասին է: Ասում են, թե սահման կա, սակայն չկա ոչ նշան, ոչ մետաղալար, ոչ անցակետ. միայն գետակն է գյուղը բաժանում հայկական եւ վրացական կողմերի: Լուսինեն աղջնակ է, որն ապրում է Հայաստանում գտնվող գյուղում, երազում է տեսնել սահմանից այն կողմ ապրող տատիկին եւ մյուս բարեկամներին: Չնայած նրանց միջեւ ընդամենը մեկ կիլոմետր տարածություն է, գյուղերն առանձին աշխարհներ են, քանի որ անհարմար սահմանը մարդկանց ստիպում է կտրել հարյուրավոր կիլոմետրեր` գյուղին հասնելու համար: Լուսինեն, նրա ընտանիքը եւ համագյուղացիներն ամեն օր նույն հարցերի առաջ են. ի՞նչ է սահմանը, որտե՞ղ է այն եւ ինչի՞ համար է: Պատասխանների փնտրտուքով Լուսինեն ճամփորդություն է ձեռնարկում Ջիլիզից Ջիլիզ: Սոնա Քոչարյան - Սովորում էի Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում եւ որպես ուսանողական աշխատանք ռեպորտաժ պատրաստեցի Ջիլիզա գյուղի եւ սահմանի մասին: Երբ ես ու Մարինեն որոշեցինք ֆիլմ նկարահանել, մտածեցինք, որ դա լավագույն թեման էՙ այս անգամ վավերագրական ֆիլմի տեսքով: Մարինե Քոչարյան Մեր ֆիլմն արդեն մասնակցել է մի շարք փառատոների: Մեզ համար շատ ուրախալի էր, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Կանադայի «Հոթ Դոկս» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի ընթացքում եւ արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին: Նույն մրցանակին է արժանացել նաեւ Թբիլիսիի «Սինե Դոկ» եւ Հայաստանի «Կին» փառատոնում: Ֆիլմի առաջին հաջողությունը ԱՄՆ դեսպանատան եւ ԹՈՒՄՈ կենտրոնիՙ Երիտասարդ վավերագրողների մրցույթի գլխավոր մրցանակին արժանանալն է, որտեղ ուղեւորություն էր դեպի Նյու Յորք, որտեղ որպես հյուր մասնակցեցինք Նյու Յորքի ֆիլմերի միջազգային փառատոնին: Հիանալի հիշողություններ ունենք այդ ուղեւորությունից եւ հենց այդ ժամանակ նպատակ դրեցինքՙ մի օր էլ մեր ֆիլմը ցուցադրել նյույորքյան որեւէ փառատոնի ժամանակ: Հիանալի կարծիքներ ենք լսել SR - Socially Relevant Film Festival New York - ի մասին եւ հպարտ ենք, որ կարող ենք դրա մասնակիցը լինել: Մեր ֆիլմը ստեղծված է ամեն տեսակի եւ ճաշակի հանդիսատեսի համար: Աննա Բայաթյան. «Արդեն գիտեմ» - 2015 թվական, 20 րոպե - Ֆիլմը գեղեցիկ պոեմ է սիրո եւ հավատի մասին: Հերոսը պոետ է, նա սիրահարված է մի կնոջ, որին տեսել է ցուցապաստառի վրա: Նա մաքրամաքուր հավատով փոստատարի հետ անհասցե ուղերձ-նամակներ է ուղարկում: Թեեւ նա արժանանում է միջավայրի ծաղրին, միեւնույն է, նրա անհասցե նամակները գտնում են իրենց հասցեատիրոջը: Ինձ, որպես ռեժիսորի, հատկապես հուզում է հոգեւոր բռնությունների թեման արվեստում: Ֆիլմը ներկայացնում է անհատի եւ հասարակության անհամաձայնությունը, երբ ամբոխը հոգեւոր ճնշում է գործադրում ոչ սովորական ու պոետիկ անձնավորության վրա, որը չի ապրում իրենց չափանիշներով: Ֆիլմը դիպլոմային աշխատանք է, որը պաշտպանել եմ ռեժիսոր Ռոման Բալայանի արվեստանոցում եւ նրա աջակցությամբ: Գլխավոր դերում խաղում է Սեմ Ասատրյանը: Երբ Սեմին տեսա, հասկացա, որ ուզում եմ նրան նկարել: Հետո կարդացի ռուս գրող Դ. Խարմսի նամակներից մեկը, Սեմի կերպարն ու Խարմսի նամակը խմորեցի իրար եւ դարձավ այս ֆիլմի սցենարը: Կարծում եմ որեւէ ռեժիսորի համար շատ կարեւոր է նման մասշտաբային կինոփառատոնի մասնակցելը: Դա մեծ հնարավորություն է եւ լավագույն առիթ այլ ռեժիսորների եւ պրոդյուսերների հետ շփվելու: SR-Socially Relevant Film Festival NewYork փառատոնն իր նշանաբանով համընկնում է ֆիլմի ասելիքին: Նյու Յորքում չեմ եղել, դա իմ երազանքներից մեկն էր: Անչափ շնորհակալ եմ Նորա Արմանիին փառատոնին մասնակցելու հրավերի համար: Քանի որ իմ ֆիլմերը ավելի շատ արթհաուսային ժանրում են, կարծում եմ, որ դրանք ավելի հասկանալի կլինեն զգացմունքային հանդիսատեսին, ովքեր այլ իրականության մեջ են զգում կյանքը: Արեն Մալաքյան. «Աղջիկը լուսնի վրա» - Փաստագրական ֆիլմ 2015 թվական, 32 րոպե - Ֆիլմը հաղթահարման մասին է, թե ինչպես է տեսողությունից, լսողությունից զուրկ երեխան պարում բեմի վրա: Պետք էր կինոյի լեզվով ցույց տալ պարային ներկայացում բեմադրելու գործընթացը, թե ինչից պետք է սկսել, ինչ պետք է անել: Նկարահանումները տեւել են 6 ամիս: Օպերատրի հետ երկար ժամանակ ուսումնասիրել ենք երեխաների հոգեբանությունը, նրանց հետ շփվել մոտիկից, մտերմացել, որպեսզի տեսախցիկի առաջ ազատ զգան: Նպատակս էր ֆիլմի միջոցով ոչ թե խղճահարություն, այլ ավելի հզոր զգացում արթնացնել մարդկանց մեջ, որ մարդիկ նայեն ու երազեն նրանց չափ ուժեղ լինել: Իրականում ովքեր չունեն ոչ մի ֆիզիկական խնդիր, երբեմն կամքով ավելի թույլ են, քան նրանք, ովքեր ունեն: Ֆիլմը համոզում է, որ նրանք ավելի ուժեղ ենՙ անկախ այն բանից, որ նրանց համար ուժեղ լինելն ավելի դժվար է: Ֆիլմը առաջին անգամ ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել Ալմա Աթիում: Հաջորդ մրցանակը ստացել է VEB Ծիրան փառատոնում: Մասնակցել է մի շարք փառատոների, Գարեգին Երկրորդ կաթողիկոսից ֆիլմի համար ստացել ենք հուշանվեր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից նույնպես ստացել եմ երիտասարդական մրցանակ, պարգեւատրվել մեդալով: Նյու Յորքի փառատոնը ինձ համար հետաքրքրական է նրանով, որ այն սոցիալական ուղղվածություն ունի, իմ ֆիլմը տարբեր ցուցադրություններում հիմնականում սոցիալական հնչեղություն ստացավ: Ինձ համար կարեւոր է շփումը մարդկանց հետ, նոր ընկերներ ձեռք բերելը: Առաջին անգամ եմ լինելու Նյու Յորքում, միաժամանակ առաջին անգամ է իմ ֆիլմը ցուցադրվելու մեր տաղանդավոր հայրենակցուհի Նորա Արմանիի փառատոնում, ինչի համար անչափ շնորհակալ եմ: Ֆիլմը նախատեսված է մարդ տեսակի համար, հանդիսատեսը մարդն է, նշանակություն չունի ազգությունը: Բոլոր ազգերի մեջ էլ կան այսպիսի խնդիրներ ունեցող երեխաներ, ովքեր արժանի են ուշադրության, հարգանքի: |