RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016



ՕՏԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

Տեղադրվել է` 2016-03-17 21:49:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1451, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴԻԼԻՋԱՆ ԱԲԴՈՒՌԱՀՄԱՆ. «ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Անցած փետրվարի 21- ին Երեւանում հայ պարարվեստի երախտավոր Նորայր Մեհրաբյանի 75- ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին մասնակցեցին Շվեդիայի Թագավորական բալետի երեք մենակատար, որոնցից ոչ ոք շվեդ չէրՙ հայ Արսեն Մեհրաբյանը, կորեուհի Մինջի Նամը եւ չինաստանցի Ադիլիջան Աբդուռահմանը: Վերջինս երկրորդ անգամ էր ելույթ ունենում Երեւանում (առաջին անգամՙ անցյալ տարվա մայիսին էր` «Բարեկամություն» պետական համույթի եւ «Հզոր զգացմունքներ» պարախմբի հետ ներկայացված «Բարեկամության կամուրջներ» համերգային ծրագրում): Արտակարգ ճկուն եւ արտիստիկ երիտասարդ պարողն ինձ հետաքրքրեց ոչ միայն որպես երդվյալ բալետասերի, այլեւ առհասարակ Չինաստանով ու հայ- չինական կապերով զբաղվող պատմաբանասերի:

Մեր հարցազրույցը կայացավ համերգի հաջորդ օրը: Իմ հայերեն ողջույնին Ադիլիջանը կամ պարզապես Ադին պատասխանեց «բալեւով» (չինարենում, ինչպես հայտնի է, ր հնչյունը չկա), որին հետեւեց նույնպես հայերեն եւ ոչ այնքան անսպասելի «ո՞նց ես, ախպեր»- ը: «Այս խոսքերը սովորել եմ իմ հայ ընկերներից,- ասաց նա:- Կարծում եմՙ գեղեցիկ լեզու է հայերենը»: Երբ հարցրի, թե չինարեն ինչպես է հնչում իր անունը եւ լսեցի պատասխանը, Ադին, կանխելով ինձ, ասաց. «Ճիշտ ձեր Դիլիջան քաղաքի անվան պես, որը, գիտեմ, հայկական Շվեյցարիան է»: Խոսք չկա, զրուցակիցս բավական տեղյակ է մեր մասին...

- Ադի, առաջին անգամ էլ եկար երկու օրով, այս անգամ էլ...

- Այո, ցավոք, մեր ժամանակը սուղ է: Առաջին հայաստանյան փորձառությունս դարձյալ եղավ Արսեն Մեհրաբյանի շնորհիվ, շատ հիանալի համերգի մասնակցեցի, ելույթներ ունեցան տարբեր ազգերի պարողներՙ խաղաղության, սիրո ուղերձներով: Անցած անգամ մեկ համարում հանդես եկա, այս անգամՙ երկու, հաջորդ անգամ, հուսամ, ավելի շատ: Այո, ես կուզեմ Հայաստան գալ կրկին ու կրկին. ինձ շատ սրտամոտ են այստեղի մշակույթը, մարդիկ, որոնք ջերմ են, ընկերական, ընտանեսեր. նաեւՙ ժողովրդական պարերը ու հատկապես խոհանոցը (ծիծաղում է):

- Իսկ բալետայի՞ն արվեստը:

- Իմ ամենասիրած բալետն Արամ Խաչատրյանի «Սպարտակն» էՙ իր չափազանց առնական բնույթի պատճառով: Ինձ մշտապես դուր է գալիս բեմում պարելով մարմնավորել ուժեղ անհատների, ցույց տալ առնականություն, կամք, կնոջ հանդեպ հոգատարություն: Ինչպիսին որ ես կամ իմ մշակույթի մեջ, այնպիսին եմ նաեւ բեմում: Ես 16 տարեկան էի, սովորում էի Հոնկոնգի Կատարողական արվեստի ակադեմիայում, երբ մեզ մոտ եկավ նշանավոր պարող Իրեկ Մուհամեդովը ու մեր ընկերության համար բեմադրեց «Սպարտակը», որտեղ ես հանդես եկա զինվորականի դերով: Ինձ այնքան դուր եկավ այդ ստեղծագործությունը, երաժշտությունը, որն իմ ընկալմամբ հայկական է. այդ չափազանց գեղեցիկ բալետը, ճիշտ է, այլ ոճի է, սակայն իր արժեքով չի զիջում «Ժիզելին», «Կարապի լճին» ու մյուս դասական գործերին...

- Բալետի պարողների մի զգալի մասը սովորաբար լինում է բալետային ընտանիքներից...

- Այո, ես էլ բացառություն չեմ: Ճիշտ Արսեն Մեհրաբյանի ընտանիքի պես. մայրս պարուհի է, հայրսՙ բալետմայստեր: Բալետային կրթությունս ստացել եմ նախ Շանհայում, հետո կրթաթոշակով ուսանել եմ Հոնկոնգում. այդ առումով ես ամենից բախտավորն էի մեր դասարանումՙ ունենալով ամբողջական ֆինանսավորում: Դասական եւ մոդեռն պարից բացի մեր դպրոցական ծրագրում կային ժողովրդական պարեր, ակրոբատիկա. այս բոլորի միավորումն ինձ դարձրեց այն, ինչ որ եմ հիմաՙ որպես պարող: Ավարտելուց հետո պայմանագիր կնքեցի Շվեդիայի Թագավորական բալետի խմբի հետ եւ ահա արդեն յոթ տարի է աշխատում եմ Ստոկհոլմում: Շատ եմ սիրում մեր խումբը, որն աշխարհի ամենահին բալետային կոլեկտիվներից է: Անցյալ տարի Ստոկհոլմում բեմադրվեց «Դոն Կիխոտի» Նուրիեւի տարբերակը, որտեղ կատարեցի Բազիլի դերը, որն իմ ամենասիրած դերերից է:

- Քո արտաքինը արգելք չի՞ հանդիսացել եվրոպական դասական բալետում հանդես գալու համար:

- Ճիշտ է, դասական բալետն ասիական չէ, եվրոպական է, բայց հիմա այլ ժամանակներ են, մարդ պիտի լայնախոհ լինի: Ես դժվարություններ ունեցել եմ, բայց ոչ իմ արտաքինի պատճառով: Չեմ կարծում, որ ասիական արտաքինը այսօր խնդիր է: Այո, դու տարբեր ես մյուսներից, բայց դու պիտի շարունակես բեմում մնալ դու ինքդ, քո անհատականությունը բերես բեմ, գտնես քոնը եւ չպարես այնպես, ինչպես ուրիշները:

- Չինաստանում մեծ հետաքրքրություն կա բալետի հանդեպ: Դասական պարի ո՞ր դպրոցին են այնտեղ հետեւում:

- Կոնկրետ մեր դպրոցում, Շանհայումՙ ռուսական, որն իմ նախընտրածն է: Այնտեղ իմ ուսուցիչըՙ Սերյոժան (ազգանունը չեմ հիշում), եղել է Մարիինյան թատրոնի պարող: Գիտեմ, որ հայկական բալետի դպրոցն էլ հիմնված է ռուսականի վրա:

- Չինացիները հայտնի են որպես շատ աշխատասեր, մանրամասների հանդեպՙ հատուկ ուշադիր: Ինչպե՞ս կբնորոշես չինական բալետի ոճը:

- Յոթ տարի աշխատելով դրսումՙ շատ բան չեմ կարող ասել չինական այսօրվա բալետի մասին, ինձ հայտնի են միայն մի քանի գերազանց պարողներ: Բայց չինացի պարողներին (եւ ոչ միայն նրանց) նախ եւ առաջ բնորոշ է խիստ կարգապահությունը, առանց որի չես կարող դառնալ լավ պարող: Շատ կարեւոր է նաեւ գործին հատուկ կրքով վերաբերվելը, քանի որ առանց դրա մեծ բանի չես հասնիՙ որքան էլ տաղանդավոր լինես:

- Քեզ հայտնի է, որ այսօր հայ բալետի պարողներից շատերն են աշխատում Հայաստանից դուրս: Իսկ չինացինե՞րը: Մի քանի տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում դիտեցի մի ապշեցուցիչ չինացի պարուհուՙ Յուան Յուան Թանին...

- Այո, ծանոթ եմ իրեն, նա Չինաստանից դուրս եկած լավագույն պարողներից է, այսօր շատ հայտնի: Բիրմինգհեմի բալետում մինչ օրս աշխատում է Լի Ծունսյին, որի կյանքը պատկերված է «Մաոյի վերջին պարողը» ֆիլմում: Իմ ընկերներից մի քանիսն էլ պարում են եվրոպական խմբերումՙ Գերմանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, սակայն ուրիշ համաշխարհային անուններ չեմ կարող հիշել:

- Ադի, ենթադրում եմ, որ ույղուրական ծագում ունես, ճի՞շտ եմ:

- Ճիշտ ես: Հայրս ույղուր է, մայրսՙ չինուհի:

- Քո ույղուրական ծագումը որեւէ կերպ ազդե՞լ է քո արվեստի վրա:

- Անշուշտ: Դա իմ ազգային մշակույթն է: Ծնողներս երկուսն էլ եղել են ժողովրդական պարի կատարողներ: Հայրս ույղուրական պարեր է բեմադրել իր խմբով, ճիշտ ինչպես Արսենի հայրն է ղեկավարում «Բարեկամություն» խումբը: Ես մեծացել եմ թատրոնումՙ դիտելով հորս աշխատանքը բեմում: Շանհայի դպրոցում նույնպես պարել եմ ույղուրական պարեր, քանի որ մեր դասարանում 32 հոգի Ուրումչիից էինքՙ Չինաստանի ույղուրական Շինջան նահանգից: Կարծում եմ, որ ույղուրական պարերը որոշ չափով հիշեցնում են հայկական պարերը:

- Ասացիր, որ հայ ընկերներ ունես...

- Ստոկհոլմում աշխատած պարող Ավետիք Կարապետյանն իմ լավագույն ընկերն է մինչեւ հիմա: Նա հրաշալի պարող է, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր: Ստոկհոլմից հետո նա աշխատեց ԱՄՆ- ում, իսկ հիմա հանդես է գալիս Ֆրանսիայում: Ավետիքը շատ անգամ է ինձ հետ պարապելՙ նախապատրաստելով մրցույթների (ասեմ, որ մրցանակներ չունեմ, բայց ֆինալիստ եմ դարձել շատ բալետային մրցույթներում): Նա միշտ շատ օգտակար է եղել ինձ, շատ ջերմ ընկեր է, որից շատ բան եմ սովորել: Հայ պարողները շատ լավ դպրոց են անցնում, չափազանց աշխատասեր են, հարգալից, նրանք շատ հպարտ են իրենց մշակույթով եւ մշտապես կապը պահում են երկրի հետ: Նրանք բոլորն էլ շատ կրքոտ են, էներգիայով լեցունՙ ճիշտ հայկական պարերի պես: Ինչ հրաշալի է, երբ պարելիս դուք գոչում եք բեմի վրա: Շատ կուզեի սովորել հայ ժողովրդական կրքոտ, առնական պարերը...

- Բալետի պարողի օրակարգում տեղ չի մնում հոբիի համար, բայց, այդուհանդերձ...

- Սիրում եմ երաժշտություն, կիթառ նվագել: Երբեմն կարդում եմ: Հիմա կենտրոնացած եմ պարի վրա, բայց ապագայում դեմ չեմ լինի դասավանդել: Բայց ես ուրիշ հետաքրքրություններ էլ ունեմ, որ շատ բալետի արտիստներ չունեն: Կուզեի սովորել եւ խորանալ պատմության, կրոնագիտության կամ հոգեբանության մեջ: Միգուցե միանգամից շատ բան եմ երազում, բայց կյանքը ցույց կտա, թե պարային կարիերայիս ինչ կհաջորդի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ