RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 21:49:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1518, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Ականավոր աղբյուրագետի, մատենագետի, մանկավարժի հիշատակին

Անասելի դժվար առաքելություն է բարեկամի մասին հիշատակի խոսք գրելը: «Վէմ» ռադիոկայանը (FM 91,1) կորցրեց իր լավագույն բարեկամներից մեկին: 72-ը չբոլորածՙ վախճանվեց ճանաչված պատմաբան, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: «Ակունք» ռադիոհանդեսը զրկվեց անզուգական մի հայագետի այլեւս հյուրընկալելու պատվից...

Մեկ ամսում հայագիտությունը ծանր ու անդառնալի կորուստներ կրեց. կյանքից հեռացան պատմագիտության երկու հսկաՙ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը եւ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Նրանց միշտ եմ առանձնացրել իրենց աներեւակայելի, ֆանտաստիկ, առասպելական աշխատասիրության համար... Այս կորուստներից հետո մի տեսակ, ասես, հայտնվեցի անդունդի եզրին... Գուցե չափազանցում եմ, չգիտեմ, բայց թող ներեն ինձ մեր մյուս պատմաբանները, այս տրամաչափի այլոց չեմ տեսնում, կամ էլ գուցե կան, ես չեմ ճանաչում... Կրկնում եմ, ժամանակակից երրորդ այդպիսի պատմաբանի չգիտեմ...

Վաղուց եմ հայտնաբերել ինքս ինձ համար, որ հումանիտար ոլորտի մասնագետներն առաջացած տարիքում են ստեղծում գլուխգործոցներ, երբ արդեն իմաստնացել են, զինվել փորձով, գիտելիքներով, հստակեցրել իրենց աշխարհընկալումներն ու տեսակետները...

Պետրոս Հովհաննիսյանն այնքա՜ն անսպասելի ու անժամանակ հեռացավ երկրային կյանքից...

Մեր վերջինՙ փետրվարի 2-ի «Ամենաերեւելի հայերի փաղանգըՙ ըստ Նիկողայոս Ադոնցի» հաղորդումը ձայնագրելուց հետո խորհուրդ տվեց առանձին հաղորդումներ պատրաստել Լեւոն Իմաստասերի եւ Վարդ Մամիկոնյանի մասին: Ասաց, որ տպարանում են Ադոնցի 7-րդ հատորըՙ «Նամականին» եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ համատեղ պատրաստած «Թուրքերը եւ մենք» ժողովածուն, որտեղ ամփոփված նյութը մի քանի ծավալուն հաղորդումների թեմա է... Այդ օրը, մեկ անգամ եւս խոսելով Հակոբ Զորյանի եւ «Նեմեսիս» գործողության մյուս մասնակիցների մասին, հիշեց հատկապես ազգային գործիչ Հրաչ Փափազյանին, որին նվիրված հաղորդում պատրաստելու մասին նույնպես պայմանավորվեցինք... Այդ օրը նա ինձ նվիրեց մի անգնահատելի ժողովածուՙ «Հայագիտակ» հրատարակչության հետ համատեղ պատրաստած «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի ու հայերի մասին հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը»... Ավա՜ղ...

Պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը գիտության մշակ էրՙ բառիս դասական իմաստով, մանկավարժՙ բառիս ամենալայն իմաստով, հայագիտության նվիրյալ, որ ուխտավորի համբերությամբ ու անանձնական նվիրումով հարստացնում էր մեր պատմագիտությունըՙ հնարավորինս լրացնելով ու ամբողջացնելով նրա բաց էջերը: Գրքի ֆանտաստիկ երկրպագու էր: Քիչ է ասելՙ պաշտում էր գրավոր խոսքը, գիրքը. բառիս բուն իմաստով գրքամոլ էր... Գրքերի աշխարհն իր «ժառանգական տիրույթն» էր դարձրել: Ինչպես գործընկերներն են ասումՙ անհնար էր որեւէ գիրք նրան մերժելը... Ուսուցիչ էր, ավելի ճիշտՙ Ուսուցչապետ միջնադարի մեր մեծ նվիրյալների հանգույն...

1996 թվականին էր, երբ առաջին անգամ նրան հրավիրեցի զրուցելու Հանրային ռադիոյի եթերում: Կազմել եւ հրատարակել էր Նիկողայոս Ադոնցի «Հայկական հարց» ժողովածուն: Քիչ է ասելՙ տպավորված էի նրա խոսքից: Սկսեցի ստվերի պես հետեւել նրա գործունեությանը, տպագրած նորություններին... Նիկողայոս Ադոնցին առնչվող կամ Ադոնցի թեմայով նրա բոլոր հրապարակումները, ըստ ժամանակագրության, ներկայացրել եմ թե՛ Հանրային ռադիոյի, թե՛ «Վէմ»-ի եթերից:

Ադոնցագետ, աղբյուրագետ, մատենագետ Պետրոս Հովհաննիսյանի կորուստն խիստ ծանր է... Սիրված պրոֆեսորի բացակայությունը միշտ ենք զգալու... Մեր առտնին զրույցների ժամանակ բազմիցս նրան ասել եմ, որ ինքն արդեն անմահացել է հայոց պատմության, հատկապեսՙ հայագիտության մեջՙ Ադոնցի բազմահատորյակի հրատարակմամբ: Մինչեւ անցյալ տարի ընդդիմանում էրՙ ասելով, որ իր գլխավոր գործը լինելու է Հակոբ Զորյանի երկերի տպագրումը: Բացատրում էր այսպես. «Ադոնցը հայտնի մեծություն է, նրա գիտական ժառանգությամբ շատերը կարող էին զբաղվել: Իսկ Հակոբ Զորյանին հարկավոր է փրկել մոռացությունից»: Եվ փրկեց: Անցյալ տարվա աշնանը տպագրվեց նրա կազմած Հակոբ Զորյանի «Պատմագիտական ուսումնասիրություններ» ժողովածուն... Նրա խնդրանքով վաստակաշատ լրագրող Կլարա Թերզյանի տուն հրավիրեցինք Հակոբ Զորյանի թոռնուհուն եւ գրքիՙ հատուկ պատրաստված շքեղակազմ օրինակներ նվիրեց նրանց, մեկն էլ ընծայագրեց Հակոբ Զորյանի ողջ մնացած միակ ժառանգինՙ որդուն, որի առողջությունն արդեն տեղի է տվել... Պրոֆեսորին երբեք այդքան երջանիկ չէի տեսել... Նա իրականացրել էր, իր արտահայտությամբ, իր կյանքի գործը... Ի՜նչ երանելի տրամադրության մեջ էր...

Դժբախտաբար, Պետրոս Հովհաննիսյանը չհասցրեց ստեղծել, իմ գնահատմամբ, մեկ այլ գլուխգործոցՙ «Մովսես Խորենացի» հանրագիտարանը: Վերջինիս մտահղացման մասին մեր եթերից ասաց մի քանի տարի առաջՙ խոստանալով ձեռնարկել այն «Հայկական հանրագիտարան» հրատարակչության հետՙ Նիկողայոս Ադոնցի երկերի հրատարակումն ավարտելուց հետո... Մի այլ գլուխգործոց էլ ծրագրված էր «Հայագիտակ» հրատարակչության հետՙ «Ժամանակագրություն Հայոց պատմության»: Ավա՜ղ...

Իր հարուստ ներկայությամբ պարոն Հովհաննիսյանը պարբերաբար բովանդակալից էր դարձնում նաեւ «Վէմ» ռադիոկայանի մեր ունկնդիրների առօրյան... Նրա յուրաքանչյուր ելույթին մարդիկ սպասում էինՙ անկախ իրենց նախասիրություններից ու ճաշակից... Սպասում էին սրբազան երկյուղածությամբ, անդավաճան սաների պես... Հետո սկսվում էին հեռախոսազանգերը կամ էլեկտրոնային նամակները...

Բարեկամի իրավունքով մի քանի անգամ կշտամբել եմ նրանՙ ասելով, որ ինքը հիմա պետք է ակադեմիկոս լիներ, մինչդեռ դոկտորական ատենախոսություն անգամ չի պաշտպանել... Փոխադարձում էրՙ իսկ դու թեկնածուական պաշտպանե՞լ ես... Կատակում էի, բառախաղ անումՙ իսկ ո՞վ է ինձ վրա հարձակվել, որ չեմ պաշտպանվել...

Ծիծաղում էինք, իհարկե, դառն ծիծաղով, որովհետեւ երկուսս էլ նույն կերպ էինք վերաբերվում բոլոր տեսակի կոչումներին ու պարգեւներին... Երբեմն դրանց արժանանում են մարդիկՙ իրենք էլ չիմանալով «վասն ընդ որոյ վարդապետութեան...»... Դոկտորներ ունենք, որոնք իրենց գործերի վերնագրերն անգամ չգիտեն... Իսկ Պետրոս Հովհաննիսյանը 400-ից ավելի տպագիր աշխատությունների հեղինակ է: Նրա խմբագրությամբ լույս են տեսել ավելի քան 80 գիտական աշխատանքներ:

Նրա վաստակը շատ ավելին է, նա նույնպես մարդ-հաստատություն էր, եզակի աղբյուրագետ...

Սակավաթիվ դասախոսների գիտեմ, որոնց լսելու էին գալիս այլ կուրսերից կամ ֆակուլտետներից: Այնքա՜ն համոզիչ էր Պետրոս Հովհաննիսյանի խոսքը եւ հասու բոլորին...

Պետրոս Հովհաննիսյանն իր թողած չափազանց արժեքավոր հայագիտական, աղբյուրագիտական ու մատենագիտական ժառանգությամբ ամրագրել է իր տեղը մեր պատմագրության մեջ: Խորին խոնարհում հարգարժան գիտնականի անմահ հիշատակի առաջ: Վարձքդ կատար, սիրելի՛ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյան... Հայոց հողը թեթեւ լինի վրադ, հավիտենության ճամփո՛րդ բարեկամ...

«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»...

16.03.2016

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ