RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016



Տեղադրվել է` 2016-03-17 21:49:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1236, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

90-ԱՄՅԱ ՄԵՐ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ

Նաիր ՅԱՆ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 90 ամյակը։ Հոբելյանը լրացել է անցյալ տարի, բայց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով տոնական հանդիսություններն ու համերգները տեղափոխվել են 2016 թվական։

Ֆիլհարմոնիկը հետադարձ հայացքով գնահատում է իր անցած ճանապարհն ու կենսագրությունը, որի հիշարժան էջերը հեշտությամբ չեն գրվել. արվեստի նվիրյալների, երախտավորների ջանքեր ու անձնվիրություն է պահանջվել։ Եթե հաշվի առնենք, թե ինչ դժվարին ժամանակներում է ստեղծվել նվագախումբը (ցեղասպանությունից ընդամենը 10 տարի էր անցել, Հայաստանը քաղաքական ու տնտեսական բարդ իրավիճակում էր), ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մեծ եղեռնից հետո մեր երկրում առաջին ամենակարեւոր իրադարձությունը հենց դա էր։ Սովի, աղքատության, պատերազմների, ցեղասպանության ճիրաններում, դեռ վերքերը չբուժածՙ հայ ժողովուրդը հոգեւոր արժեքների, բարձր արվեստի ճանապարհն էր բռնել։ 1925 թվականին Երեւանի կոնսերվատորիայի հիմքի վրա դիրիժոր Արշակ Ադամյանը ստեղծեց առաջին սիմֆոնիկ նվագախումբը եւ ըստ էության սիմֆոնիկ արվեստն առաջին անգամ ներմուծեց Հայաստան:

Առաջին համերգը նույն թվականի մարտի 20-ին էր։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նվագախմբի շարքերը նոսրացան. շատ երաժիշտներ չվերադարձան ռազմաճակատից, սակայն 1-2 տարի հետո նոր ուժեր համախմբվեցին, ու սիմֆոնիկ նվագախումբը վերակազմավորվեցՙ որպես ինքնուրույն կոլեկտիվ։ Այն սկսեց գործել ֆիլհարմոնիայի կազմում. ղեկավարն էր Միքայել Մալունցյանը ։ Տաղանդավոր, զտարյուն արվեստագետների մի ամբողջ շարք է ղեկավարել նվագախումբըՙ Օհան Դուրյան , Դավիթ Խանջյան , Վալերի Գերգիեւ , Լորիս Ճգնավորյան ։ Յուրաքանչյուրն իր ավանդն ու անունն է թողել ֆիլհարմոնիկի 90-ամյա պատմության մեջ։ Հայաստանի նվագախումբը Սովետական Միությունում լավագույններից մեկն էր եւ համերգներով հանդես էր գալիս միութենական տարբեր բեմերում, իսկ Օհան Դուրյանի եւ Լորիս Ճգնավորյանի ղեկավարության տարիներինՙ նաեւ արտասահմանյան երկրներում։

Շատերն են հիշում մութ ու ցուրտ 90-ականներին ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները։ Մարդիկ ամիսներով իրենց տներում էլեկտրական լույս չէին տեսնում, իսկ Լորիս Ճգնավորյանի ղեկավարծ նվագախումբը լուսավոր ու տաք համերգասրահում հոգեւոր երաժշտություն էր մատուցում։ Շատերը երաժշտություն լսելուց բացի, «Արամ Խաչատրյան» համերգասրահ էին գալիսՙ լույս, հույս ու ջերմություն ստանալու համար։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն 16 տարի ղեկավարում է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ։ Եթե նայենք ֆիլհարմոնիկի նախորդ դիրիժորների կենսագրությունները, ապա կնկատենք, որ ամենաերկարը նա է ղեկավարում նվագախումբը։

«Իմ գերագույն նպատակը նվագախմբի որակական հատկանիշները, պրոֆեսիոնալիզմն ավելի ու ավելի բարձրացնելն է։ Ես եւս բոլորովին վերջերս եմ նկատել, որ բոլոր դիրիժորներից ամենաերկարը ես եմ ղեկավարում ֆիլհարմոնիկը։ Ինձ մեծ պատասխանատվություն է բաժին ընկել, նաեւ մեծ պատիվ է աշխատել այս նվագախմբի հետ։ Պահեր են լինում, երբ ինչ-որ գործ ենք փորձում, ու ես շատ եմ ոգեւորվում երաժիշտների աշխատանքով, բայց երբեմն էլ ավելին եմ սպասում, բայց չեմ ստանում։ Երաժիշտներն ինձ ասում են.«Մի անգամ չեղավ, որ գովեստի խոսքեր լսենք Ձեզնից»։ Ես մի բան գիտեմ. հենց որ գոհանամ, «բրավո» ասեմ, այդ պահից սկսածՙ մենք այլեւս անելիք չենք ունենա, առաջ չենք գնա, չենք աշխատի, չենք չարչարվի ավելի բարձր, կատարյալ լինելու համար։ Իսկ իմ նպատակն այն է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհի ամեահեղինակավոր ու առաջատար նվագախմբերի շարքում լինի։ Չեմ կարող ասել, թե մեր երաժիշտները վատն են կամ մասնագիտական հատկանիշներով զիջում են եվրոպացիներին։ Ես տեսնում եմ, որ մերոնք անընդհատ բարձրանում են, աճում են։ Միայն վատն այն է, որ երիտասարդներ չկան, որ փոխարինեն եղածներին»,- նկատում է Էդվարդ Թոփչյանը։

Նվագախմբի հաջողությունները կախված են նաեւ ֆինանսական միջոցներից։ Գաղտնիք չէ, որ լավ երաժիշտն իր որակներին համապատասխան վարձատրություն է պահանջում նաեւ։ Այն նվագախմբերը, որոնց հասնել է ուզում Էդվարդ Թոփչյանը, այնպիսի բյուջե ունեն, որի 1 տոկոսն անգամ մենք չունենք։ «Իսկ եթե ունենայինք նրանց ֆինանսական միջոցների 3 տոկոսը, ապա շատ ավելի առաջ կգնայինք։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հրավերով մենք ԱՄՆ-ում եղանք։ Համերգի տոմսերը վերջին օրը շատ բարձր գնով վերավաճառվեցին։ Համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար։ Հրաշալի համերգ էր։ Ամերիկյան նվագախմբի պատասխանատուներն ինձ ասացին, որ իրենց լարայինները մեր երաժիշտներից սովորելու շատ բան ունեն։ Սա ոգեւորիչ գովեստ է, անշուշտ, բայց հիմք չէՙ մեր մասնագիտական որակով բավարարվելու համար։ Շատ ճանապարհ պիտի անցնենք, թե՛ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկին, թե՛ աշխարհի մյուս լավագույն նվագախմբերին հասնելու համար։ Ի դեպ, ասեմ, որ ամերիկյան այդ նվագախմբի տարեկան բյուջեն 120 միլիոն դոլարից ավելի է։

Ստեղծագործական կոլեկտիվներում ներքին հակասություններն ու անառողջ մթնոլորտը սովորական երեւույթներ են։ Հատկապես, որպես կանոն, մթնոլորտը թեժ է լինում գլխավոր դիրիժորների շուրջը։ Ֆիլհարմոնիկի նախորդ ղեկավարներից ոչ մեկն այդ առումով բացառություն չի եղել։ Միշտ գտնվում են մարդիկ, որոնք երաժշտությանն այնքան էլ մոտ կանգնած չլինելովՙ ցուցումներ են տալիս նվագախմբերի գեղարվեստական ղեկավարներին, հանիրավի մտնում նրանց դաշտ: Այդպես էր Դավիթ Խանջյանի, Վալերի Գերգիեւի, Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի ու էլի մի քանի դիրիժորների օրոք: Էդվարդ Թոփչյանը վստահեցնում էՙ իրեն հաջողվում է նվագախմբում պահպանել առողջ մթնոլորտ, ստեղծագործական բարիդրացիական հարաբերություններ։

«Ես սկզբունքային մարդ եմ, բայց կոնֆլիկտային չեմ. դա բոլորը գիտեն: Թեեւ սկզբունքային լինելս նաեւ կոնֆլիկտների տեղիք է տալիս: Ինձ համար կարեւոր է նվագախմբում ու առհասարակ «Արամ Խաչատրյան» համերգասրահի պատերից ներս պահպանել միմյանց հարգելու, լավ վերաբերվելու վարքուբարքը: Բոլորս հավասար ենք- եթե ես գլխավոր դիրիժորն եմ, միեւնույն է, ոչինչ չի նշանակում. «վերեւ-ներքեւ» հարաբերություներ մեզ մոտ չկան: Մեր պահակների հետ ես Դուք-ով եմ խոսում, նրանք ինձ հետՙ դու-ով. եւ դա բնական է: Նրանք ինձնից տարիքով մեծ են»,-ամենօրյա մթնոլորտն ու փոխհարաբերությունները փորձեց հակիրճ ներկայացնել Էդուարդ Թոփչյանը:

Հոբելյանական երեկոներին նվագախումբը ներկայացնելու է նոր գործեր: Պուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված բեմադրությունը հանդիսատեսին կներկայացվի առաջին անգամ: «Տոսկայի» օրինակով ֆիլհարմոնիկը որոշել է երկրոդ անգամ հանդես գալ ոչ սովորական ձեւաչափովՙ բեմադրություն առանց դեկորացիաների: Իսկ ապրիլին Բրամսի սիմֆոնիաները կհնչեն նոր մեկնաբանությամբ, այնպես, ինչպես ինքըՙ Բրամսն է պատկերացրելՙ ամեն նոտա առանձին-առանձին բացատրելով ու արժեւորելով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ