RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2016-03-04 > #009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2016-03-17 21:49:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1487, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԱՐԻՆՅԱՆԻ ՄԵԾ ՆՎԱՃՈՒՄՆ ՈՒ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ուրախությամբ եւ սրտի անհուն բերկրանքով տեղեկացնում ենք մեր ընթերցողներին եւ ակադեմիկոս Սարինյանի գրչի երկրպագուներին, որ լույս է տեսել մեծատաղանդ ու մեծահռչակ գրականագետի, սոցիալիստական ռեալիզմի գաղափարաբանության մեծ ռահվիրայի նոր բացառիկ աշխատությունըՙ «Ի հեճուկս ի գիտություն» («Վան Արյան» հրատարակչություն, 2016) խորախորհուրդ եւ մանավանդ շատ գրագետ խորագրով:

Գիրքը հիմնականում ուղղված է բացարձակապես անգրագետ, մենք կասեինքՙ ավելին, բացարձակապես տգետ մի անձնավորությանՙ ոմն Երվանդ Տեր-Խաչատրյանի դեմ: Բանն այն է, որ ինքն իրեն գրականագետ համարող այս տգետ անձնավորությունը գրիչ է վերցրել եւ մի ընդարձակ զրպարտություն ու զառանցանք է տպագրել Գրականության ինստիտուտի «Հայոց գրականության պատմություն. 3-րդ հատոր» գրքի շուրջ: Հենց սկզբից ասենք, որ Երվանդ Տեր-Խաչատրյանի գրության մեջ որեւէ մի բան, որեւէ մի բառ ճշմարտությանը բացարձակապես չի համապատասխանում: Ինչպես տարբեր առիթներով տեղին ու ժամանակին վկայել են ինստիտուտի աշխատակիցները, խմբագրական կոլեգիայի անդամները եւ զանազան այլ ճարտասան ու ճառախոս անձինք, «Հայոց գրականության պատմության» այդ հատորը կա ու կմնա իբրեւ մեր ժամանակների հայ գրականագիտական մտքի ամենավեհ ու վսեմ հուշարձանը, ամենակատարյալ գլուխգործոցը ինստիտուտի գիտական մտքի, մի երեւելի աշխատություն, որի գիտական ու ճանաչողական բացահայտումն ու յուրացումը վերապահված է ապագային:

Եվ ահա այդ Երվանդ Տեր-Խաչատրյան կոչվածը առանց ամոթի, առանց գետինը մտնելու, ստորաբար եւ նենգաբար համարձակվել է գրել այդ չքնաղ գրքի շուրջ եւ ինչ-ինչ բաներ խոսել ակադեմիկոս Սարինյանի վսեմական շարադրանքների մասին: Մի դրան տեսեք, ո՞վ է այդ պատահական մարդը, որ առհասարակ ոչ մի կապ չունենալով որեւէ գրքի ու ընդհանրապես գրականության հետ, համարձակվում է խոսել գրականության մասին:

Ձախորդ գրականագետին, անշուշտ, պատասխանողներ եղան եւ, ինչպես պետքն է, հարձակվեցին այդ տգետի վրա: Եվ, իհարկե, ակադեմիկոս Սարինյանն էլ իր հերթին արժանի պատասխան տվեց այդ վայ-գրականագետին: Այդ պատասխանը պետք է համարել հայ գրականագիտական մտքի մեծ նվաճումներից մեկը, գիտական ու խորաթափանց մտքի երեւելի արգասիք, օրինակելի նմուշ ասպարեզի բոլոր մարդկանց եւ մանավանդ Գրականության ինստիտուտի աշխատողների համար:

Ակադեմիկոս Սարինյանի պատասխանը, որն այս գրքի կորիզն է ու առանցքը, գրված է մեծ վարպետությամբ: Նա, նախ, առաջին հերթին շատ շրջահայաց եւ իմաստուն ձեւով ուղղակի անտեսում եւ շրջանցում է այդ բացարձակ տգետի զանազան մատնանշումները: Եվ շատ ճիշտ է անում, որովհետեւ ի՞նչ են այդ ողորմելի մատնանշումները ակադեմիկոս Սարինյանի գիտական խորունկ մտքի փայլատակումների, տիեզերական անսահմանությանը ձգտող խորիմաստ դատումների, վերլուծական հզոր կարողության առաջ: Ի վերջո, ակադեմիկոս Սարինյանը մեծանուն մտածողների` «Ռայնգոլդի, Զիգֆրիդի, Ուայլկիրի, Լոհենկրինի, Պարսիֆալի» եւ այլոց բարդ եւ խորունկ փիլիսոփայական աշխատությունները գիտականորեն յուրացրած եւ նրանց գերազանցած անձնավորություն է: Եվ, վերջապես, ինչքան կարելի է հանդուրժել, ինչքան կարելի է թույլ տալ, որ Երվանդ Տեր-Խաչատրյանի նման բացարձակ տգետը վկայակոչի հայերենի քերականությունն ու լեզվական գրագիտությունը, բառարաններ մատնացույց անի, մեծահարգ ակադեմիկոսի դարձվածների եւ նախադասությունների մեջ տրամաբանական իմաստ որոնի: Պատկերացնո՞ւմ եք, որ այսպես գնա, բանն ո՞ւր կհասնի:

Եվ ակադեմիկոս Սարինյանը պատռում է այդ բացարձակ տգետի դիմակը: Պարզվում է, որ այս Երվանդ Տեր-Խաչատրյանը նախկինում կոչվել է Յուրի Խաչատրյան եւ իր ոճրագործ անցյալն ու հանցագործ էությունը թաքցնելու համար փոխել է անուն-ազգանունը: Իհարկե, մինչեւ ակադեմիկոսի բացահայտումը ոչ ոք չգիտեր այդ մասին: Պարզվում է, որ այդ Յուրի Խաչատրյան կոչված Երվանդ Տեր-Խաչատրյանը, ուրեմն, մի անասելի ոճրագործ է, բռնաբարություններ եւ սպանություններ կատարած, շուկաների վաճառասեղաններից գողություններ արած, փողով ու կաշառքով դիսերտացիաների պաշտպանություններ կազմակերպած մարդ... Եվ, որ ամենակարեւորն է, լավ իմացեք, նա եղել է սովետական գաղտնի ծառայության գործակալ եւ լրտես:

Եվ դեռ ինչքան այլազան բաներ է ասում ակադեմիկոսը նրա հասցեին, բարեբախտաբար շատ ձեւեր ու մեթոդներ կան այդ վայ-գրականագետին հանրության աչքում լիովին եւ վերջնականապես վարկաբեկելու: Ողջ մնան սովետական ռեժիմի փորձն ու ձեւերի շտեմարանը:

Այստեղ ցավով պետք է ասենք, որ ակադեմիկոս Սարինյանը թերացել է: Հավաստի եւ ստույգ տեղեկություններ կան, որ Երվանդ Տեր-Խաչատրյան կոչված Յուրի Խաչատրյանը եղել է նաեւ իսրայելական «Մոսսադ»-ի, սիրիական «Մուխաբարաթ»-ի, անգլիական «Ինտելիջենս սերվիս»-ի եւ մանավանդ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսն ու գործակալը: Ավելին, հիմա էլ լուրեր են պտտվում, որ արգո անձը գործակցում է արմատական մահմեդականների «Ջեփհաթ-ալ-Նուսրա» կազմակերպության հետ, որն, ի դեպ, արգելված է Ռուսաստանում: Ֆլեմինգի Ջեյմս Բոնդը սրա մոտ գլուխը քարին է տվել:

Իսկ թե ինչ կապ ունի Երվանդ Տեր-Խաչատրյանի ոճրագործ անցյալը «Հայոց գրականության պատմության» երրորդ հատորի հետ, դա կհասկանա ամեն մի ընթերցող: Բայց եթե կապ չգտնի էլ` ոչինչ, մեծ բան չէ:

Չարանենգ ոճրագործի դիմակը պատռելուց հետո ակադեմիկոսը բոլորովին արդարացիորեն այս Երվանդ Տեր-Խաչատրյանին է հասցեագրում բազմաթիվ մեղադրանքներ եւ, ինչպես պետք է, տեղն է դնում նրանՙ տգետին ուղղելով անարգանքների ու լուտանքների ակադեմիական հսկա չափաբաժին: Եվ նա դա անում է իսկական ակադեմիկոսին վայել արվեստով եւ վարպետությամբ, ինչը չի կարող բացառիկ հիացմունք եւ բավականություն չպատճառել ընթերցողին:

Երվանդ Տեր-Խաչատրյանի ողորմելի մատնանշումները բախվում են ակադեմիկոս Սարինյանի, ինչպես ինքն է ճշգրտորեն որակել իրեն, որձաքարի ու բազալտի, մենք կասեինքՙ ֆիննական գրանիտի նման հզոր կարծրատիպին եւ փշրվելովՙ վայր են թափվում: Մենք այն կարծիքին ենք, որ ակադեմիկոս Սարինյանը ճիշտ է անում, որ անարգանքի խոսքեր է հասցեագրում այդ բացարձակ տգետին:

Մի դրան տեսեք: Ողորմելի անպատկառը եկել եւ ակադեմիկոս Սարինյանի նման մարդու գրածների մեջ լեզվական գրագիտություն եւ տրամաբանական իմաստ է որոնում: Դե, ուրեմն, ստացիր քո հասանելիքը: Ամեն մարդ պետք է իմանա իր տեղը եւ ճանաչի իր չափը: Եվ ճիշտ են անում ակադեմիկոսի մերձավորները, որ այդ Յուրի Խաչատրյան - Երվանդ Տեր-Խաչատրյանին ուղղված Գ. Անանյանի «Հայհոյագիր»-ը լցրել են պարկը, շալակել եւ քաղաքում բաժանում են բոլորին: Մենք սրտանց միանում ենք ակադեմիկոս Սարինյանի եւ մյուսների հայհոյական խոսքերին: Տեղն է դրան:

Եթե Երվանդ Տեր-Խաչատրյան կոչված այդ կասկածելի անցյալ ունեցող տգետը մինչեւ հիմա չի հասկանում, չգիտի, թե ինչ իրականության մեջ է ապրում, ինչ է իրենից ներկայացնում Գրականության ինստիտուտ կոչված հիմնափոսը եւ ովքեր են այդտեղ հարմարավետ տեղավորված մեծատաղանդ եւ մանավանդ բազմավաստակ, հզոր ինտելեկտի տեր գրականագետները, ուրեմն տեղն է նրան: Եվ եթե այդ հիմարը դեռեւս այն խելքին է, թե որեւէ հոդվածով որեւէ բան կարելի է փոխել մեզանում, կրկնակի տեղն է նրան:

Այստեղ մենք չենք կարող մեր դժգոհությունը չհայտնել ինստիտուտի գիտական խորհրդից, «Հայոց գրականության պատմության» խմբագրական կոլեգիայի անդամներից եւ առհասարակ ինստիտուտի բոլոր աշխատակիցներից: Ճիշտ կլիներ, որ վայ-գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանին հայհոյեին բոլորը` խմբովին կամ անհատաբար, ինչը շատ կպատշաճեր Գրականության ինստիտուտին ու իր աշխատակիցներին: Նրանք պարզապես պարտավոր էին դա անել: Ափսոս, որ իր մոնթերից միայն երկուսը միացան ակադեմիկոսին:

Ամեն ինչ ճիշտ է եւ տեղին:

Ամփոփելովՙ ասենք, որ «Ի հեճուկս ի գիտություն» գիրքը արդի հայ գրականագիտական մտքի եւ իհարկե նաեւ Գրականության ինստիտուտի, որի աշխատակիցն է ակադեմիկոս Սարինյանը, մեծագույն նվաճումներից մեկն է, ակադեմիկոս Սարինյանի անվերապահ եւ անառարկելի հաղթանակը:

Մենք ուղղակի հիացած ենք:

Ավելինՙ մենք սքանչացած ենք:

Եվ խորապես հավատացած ենք, որ այս գիրքը ակադեմիկոս Սարինյանի գրական եւ գիտական փառքը, եւ իհարկե, նաեւ այսօրվա Գրականության ինստիտուտի փառքը, տանելու է սերունդներին եւ դարերին:

Եվ այնուամենայնիվՙ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 18-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ