ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ Հ. Ծ. Վերջերս վախճանվեցին համաշխարհային գրականության երկու հանճարեղ մշակներ, ամերիկացի գրող Հարպեր Լին (89 տարեկան) եւ իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն (84 տարեկան): Թեեւ մահվան պատճառը չեն նշել, բայց Մոնրովիլում (Ալաբամա, Մ.Ն.), որտեղ բնակվում էր Լին, բազմաթիվ աղբյուրներ հաստատել են, որ նա «խաղաղությամբ բաժանվեց այս աշխարհից»: 2007-ին նա կաթված (ինսուլտ) էր տարել եւ «Նյու Յորք Թայմսը» հաղորդել էր, որ գրողը չափազանց թույլ է զգում իրեն: Հարպեր Լին հրաշալի գրող էր, եւ աշխարհին ծանոթ է իր անզուգական «Սարյակ մի սպանիր» (To Kill a Mockingbird) վեպով (1960 թ.), որը 1961-ին արժանացավ պուլիտցերյան մրցանակի, իսկ 1962-ին էկրանավորվեց, գլխավոր դերում Գրեգորի Պեկի հիշարժան դերակատարությամբ: Այդ օրվանից իրավապաշտպան Ատիկուս Ֆինչը, հետաքրքասեր Սկաուտը եւ առեղծվածային Բու Ռեդլին դարձան ընթերցողների սիրելին: Գրքի 30 միլիոնից ավելի օրինակներ են վաճառվել եւ մինչեւ օրս որպես դասագիրք ու քննարկման առարկա գիրքն օգտագործվում է ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Այն բարու ու չարի, հավասարության, հանդուրժողականության եւ մարդկային հարաբերությունների ու անբասիր ընկերության մասին է: Լին, ով կենսուրախ եւ չափազանց համեստ անձնավորություն էր, ծնվել էր Մոնրովիլում (Ալաբամա) 1926-ի ապրիլի 28-ին: 1940-ականներին տեղափոխվել է Նյու Յորք աշխատելու ավիատոմսերի վաճառքի գործակալությունում: 1955-ին հրատարակության է հանձնել իր առաջին գիրքը` «Պահակ կանգնեցրեք» խորագրով, որը չի հրատարակվել մինչեւ 2015 թվականը: Այնուհետեւ գրել է «Սարյակ մի սպանիրը», որն անմիջապես գրավել է գրաքննադատների ուշադրությունը: Գրքի դեպքերը իրական են եւ տեղի են ունեցել 1936 թվականին, երբ ինքը ընդամենը տասը տարեկան է եղել: Քաջ ծանոթ լինելով իր միջավայրին, նա չափազանց առինքնող մանրամասնություններով կարողացել է հյուսել իր պատմությունը: 1999-ին «Library Journal-ի» անցկացրած հարցախույզի արդյունքներով գիրքը ճանաչվել է «Դարի լավագույն վեպը»: Չնայած սկսել է գրել այդ գրքի շարունակությունըՙ «Երկարատեւ բաժանումը» խորագրով, բայց չի ավարտել եւ նա մնում է մեկ գրքով համբավ վաստակած գրողների շարքում: Արժանացել է «Արվեստի (գծով) Ազգային մրցանակին» եւ «Ազատության նախագահական մեդալին»: Մյուս կողմից Իտալիայում նույն օրը քաղցկեղից վախճանվել է իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն, որին ընթերցասեր հասարակությունը ճանաչում է հիմնականում «Վարդի անունը» («The Name of Rose») վեպով, որը ֆիլմի էր վերածվել (Շոն Կոներիի դերակատարությամբ) 1986 թվին: Նրա գրչին են պատկանում նաեւ «Ֆուկոյի ճոճանակը» («Foucaults Pendulum») հատորը եւ մի շարք մանկական գրքեր ու գրական քննադատական հոդվածներ: 1980-ականներին նա հիմնադրել էր Սան Մարինոյի համալսարանի հաղորդակցությունների բաժանմունքը: Այնուհետեւ դարձել էր Բոլոնիայի համալսարանի հումանիտար գիտությունների բարձրագույն բաժնի վաստակավոր պրոֆեսոր եւ նախագահ: Էկոն (Umberto Eco) ծնվել էր 1932-ին Հյուսիսային Իտալիայի Ալեսսանդրիա քաղաքում: Նա մարմնացումն էր անցյալի եզակի բանականության եւ ապագայի ակնկալիքների անխոնջ ջատագովի: «Նա եվրոպական ինտելեկտի անզուգական օրինակ էր», ասել է մահվան կապակցությամբ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին: |