ՎԻԼԵՆ ՉԱՐՉՕՂԼՅԱՆ Կյանքի 82-րդ տարում իր մահկանացուն է կնքել դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գորժիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը: Վ. Չարչօղլյանը, 1958 թվականին ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնումՙ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982 թվականից մինչ օրս Վ. Չարչօղլյանը նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր: Մեծանուն դիրիժորը տարիներ շարունակ բարձր մակարդակով ղեկավարել է թատրոնի խաղացանկային ներկայացումները, մասնակցել ռադիոյի եւ հեռուստատեսության համար կատարված ձայնագրություններին: Վ. Չարչօղլյանի գլխավորությամբ` սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների խումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում եւ այլ երկրներում: Վ. Չարչօղլյանը երկար տարիներ աշխատել է նաեւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումՙ որպես գլխավոր դիրիժոր: Անվանի դիրիժորը տասնամյակներ շարունակ իր մասնագիտական հմտություններն է փոխանցել նաեւ երիտասարդ երաժիշտներինՙ նպաստելով հայկական, ինչպես նաեւ համաշխարհային դասական երաժշտարվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը: |