ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՊՈՒԼԻՑԵՐ ՄՐՑԱՆԱԿԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ Հ. Ծ. Ի նշանավորումն ամերիկյան հայտնի Պուլիցեր մրցանակի հաստատման 100-ամյակի, «Ամերիկայի պոեզիայի ընկերությունը» ընթերցումների հատուկ երեկո է կազմակերպել Նյու Յորքի «Կուպեր միավորման» մեծ դահլիճում: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, հոկտեմբերի 27-ի այս միջոցառմանը մասնակցելու են Պուլիցերի 13 մրցանակակիրներ, ներառյալ մեր հայրենակից Փիթեր Բալաքյանը, որն այս տարի արժանացավ այդ բարձր մրցանակինՙ իր «Օզոնային օրագիր» բանաստեղծությունների ժողովածուի համար: Կոմիտեն նշել է, որ այդ բանաստեղծությունները «վկայում են հին կորուստների եւ ողբերգությունների մասին, որոնք վտանգի եւ անորոշության մի ամբողջ դարաշրջանի նախակարապետը դարձան»: Իսկ Քիթ Ջոնսը «Consequence Magazine» հանդեսում գրել է. «Բալաքյանը հպանցիկ, վայրկենական թվացող» միրաժի, կինոմատոգրաֆիական ակնթարթային փոփոխությունների, բաղաձայնների եւ ձայնավորների գեղեցիկ համատեղության վարպետ է: Նրա բանաստեղծությունները մեր ներկա համատեղ պահանջները բավարարող կենսական մասն են կազմում»: Մյուս մասնակիցներից են լինելու Ջոն Աշբերին, Յուսուֆ Կումանյական, Շերոն Օլդսը, Սթիվն Դանը եւ Զորի Գրեհեմը: |