ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՄԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ Այս տարի Պետերբուրգի «Սվոյո իզդատելստվո» հրատարակչությունը լույս է ընծայել «Ուղեգրություններ. ընկալումներ եւ մեկնաբանություններ» հոդվածների ժողովածուն (ռուսերեն): Կազմողը եւ պատասխանատու խմբագիրը մոսկվացի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Էլեոնորա Շաֆրանսկայան է, որն այս հոկտեմբերին (ինչպես նաեւ անցյալ տարի աշնանը) գիտաժողովի մասնակցելու նպատակով այցելել էր Երեւան: Գիրքը կազմված է երկու մասից. առաջինը վերնագրված է «Ինչպե՞ս է ապրում Էրիվանում երաշտահավը»: Այս նախադասությունը վերցված է ռուս գրող Յուրի Կարաբչիեւսկու հայաստանյան ուղեգրությունից, որին է վերաբերում ժողովածուի կազմող Էլեոնորա Շաֆրանսկայայի «Հակախորհրդային բանավեճը Յուրի Կարաբչիեւսկու «Կարոտ առ Հայաստան» ուղեգրության մեջ» հոդվածը: Հատորում ընդգրկվել է նաեւ «Արմեն Օհանյանըՙ աշխարհի կին. շամախեցի պարուհու դեգերումներն աշխարհում եւ տարբեր մշակույթների միջով» ընդարձակ հոդվածը, որի հեղինակներն են Արծվի Բախչինյանը (Հայաստան) եւ Վարդան Մատթէոսեանը (ԱՄՆ): Հայ պարուհի Արմեն Օհանյանիՙ որպես աշխարհի մշակույթներով մեկ ճամփորդած անձնավորության մասին նշված է նաեւ գրքի ծանուցման մեջ: Ժողովածուի կազմը զարդարում է հայազգի լուսանկարիչ Դմիտրի Սափարովի մի աշխատանքը: Ավելացնենք, որ անցյալ տարի «Ազգ»ը թարգմանաբար հրատարակել էր Էլեոնորա Շաֆրանսկայայիՙ հայաստանյան ուղեւորությունը ներկայացնող «Կապույտ երկնքի տակ կա մի ոսկե քաղաք» փոքր հոդվածը (2015, հոկտեմբերի 15): |