RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-20 20:51:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2214, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԳՐՔԱՐՎԵՍՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՊՐԱՀԱՅՈՒՄ

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

ՊՐԱՀԱ - Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Պրահայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերն ի վերջո տվեցին իրենց արդյունքըՙ 75 հազվագյուտ գրքեր Երեւանից բերվեցին եւ առաջին անգամ ցուցադրվեցին Չեխիայի գեղատեսիլ մայրաքաղաքի ազգային գրադարանում:

Հոկտեմբերի 11-ին ժամը 17-ին Չեխիայի Ազգային գրադարանի սրահում բացվեց «Որք զծորանս Հոգւոյն արբին» Հայ գրքարուեստը դարերի ընթացքում» բացառիկ ցուցահանդեսը: Գրադարանի տնօրեն, դոկտոր Պետր Կրոուպան բացելով ցուցահանդեսը անդրադարձավ հայ-չեխական գրական կապերին, Հայաստանի գործընկերների հետ համագործակցությանը եւ ողջունեց ներկաներին հայ գրքին ծանոթանալու բացառիկ հնարավորության առիթով: Իր հերթին Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ներկայացրեց Պրահայում բացվող ցուցահանդեսի նշանակությունը, անդրադարձավ հայ գրի ու գրականության ստեղծմանը, նշելով այն կարեւորությունը, որ հայոց լեզուն, եկեղեցին եւ մագաղաթները օգնել են պահելու հայ ազգային ինքնությունը: Ներկա ցուցահանդեսը նվիրված է 1666 թվականին Ամստերդամում լույս տեսած Առաջին հայերեն Աստվածաշնչի 350 ամյակին: Տիգրան Զարգարյանը հիշատակեց նաեւ չեխ գրող եւ ճանապարհորդ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գիրքը, ինչպես նաեւ այն չեխ հայտնի հայագետների կատարած աշխատանքը, որի շնորհիվ հայ գրականությունը տպագրվել է չեխերեն:

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հերթին ընդգծեց միջմշակութային համագործակցության այս փայլուն օրինակը, որի շնորհիվ հայ գրքի հազվագյուտ նմուշները ներկայացվում են Չեխիայում: Հպանցիկ անդրադարձ կատարելով հայ գրի ու գրատպության պատմությանը, նա շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի բոլոր աջակիցներին մեկ առ մեկ, եւ վերջում նաեւ մաեստրո Հայկ սարկավագ Ութիջյանին, ով ցուցահանդեսի համակարգողն ու եռալեզու կատալոգի հեղինակն է, առանց ում պրոֆեսիոնալ աշխատանքի անհնար կլիներ պատկերացնել նման մենագրություն-պատկերագրքի լույս ընծայումը:

Այնուհետեւ մաեստրո Հայկ Ութիջյանը երեք լեզուներով ՙ չեխերեն, անգլերեն եւ հայերեն, ներկայացրեց ցուցադրված գրքերնՙ ըստ իրենց կարեւորության: Նախ Հայաստանի Ազգային գրադարանից բերվել է հայերեն առաջին Աստվածաշնչի բնօրինակը: Ցուցադրության 5 բաժիններից մեկն էլ նվիրված էր Գրիգոր Նարեկացու գործերի հրատարակություններին, ինչպես նաեւ հայ եկեղեցական-հոգեւոր երաժշտական գրականությանը: Առանձին բաժիններով ներկայացված են հայ-չեխական թարգմանական գրականությունը, որը սկսվում է 19-րդ դարից, ինչպես նաեւ ժամանակակից գրականությունը: Նաեւ ներկայացված է Հայոց ցեղասպանության մասին լույս տեսած չեխ գրականությունըՙ Հանսայի «Արեւելքի սարսափները» գրքի հրատարակությունը, Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» եւ այլն:

Ելույթներից հետո ներկաներին հրամցվեց հայկական գինի եւ անուշեղեն:

Բացառիկ այս ցուցահանդեսի բացմանը ներկա էին 20-ից ավելի երկրների դեսպաններ, Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վրդ.Փիլավչյանը, մշակույթի ու գրականության գործիչներ, տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է, որ ցուցահանդեսի փակմանը ներկա կլինեն նաեւ Հայաստանի եւ Չեխիայի մշակույթի փոխնախարարները:

Փակման օրըՙ հոկտեմբերի 25-ին ժ.19.30-ին Կլեմենտինումի հայլեպատ մատուռում Պրահայի համալսարանի նվագախումբը կկատարի Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները` Զարեհ Սահակյանցի մշակմամբ եւ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ:

(Հաջորդիվ կարդալ նույն հեղինակի թղթակցությունը միեւնույն ձեռնարկի հաջորդական օրերի եւ Հայաստանի ու Թուրքիայի դեսպանների բանակռվի մասին)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 21-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ