«ԼԱ ԲՈՀԵՄԸ» ԲԱԼԵՏԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ Նաիր ՅԱՆ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության առիթով Շառլ Ազնավուրը Հայաստան եկավ: Նրա այցն աշխուժություն հաղորդեց նաեւ մեր մշակութային առօրյային: Շանսոնյեի ժամանումից մեկ շաբաթ առաջ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտատարեց, որ բալետային նոր ներկայացում է բմադրելՙ «Լա բոհեմ». պրեմիերային ներկա կլինի Ազնավուրը: Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շանսոնյեի հայաստանյան այցը պատեհ առիթ համարեց. ե՛ւ կվայելենք նրա ներկայությունը, ե՛ւ մեր նվիրումն ու սերը կարտահայտենք «Լա բոհեմի» միջոցով: «Մենք հանճարեղ արտիստի ժամանակակիցն եք. սա հրաշք է: Մենք տեսնելու ենք նրան, ավելինՙ Արտիստը նստելու է դահլիճում եւ դիտելու է Ռուդոլֆ Խառատյանի բալետային բեմադրությունը: Կարծում եմ հրաշալի միաձուլում էՙ Շառլի երգերն ու բալետը»,- պրեմիերայից առաջ ասաց Կոնստանտին Օրբելյանը: Բեմադրիչ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը «Լա բոհեմը» մեր օպերային թատրոնում նորություն համարեց, բայց չպնդեց, թե այն խիստ հաջողված ներկայացում է: «Չես ասի, թե երեխադ վատն է, բայց եւ չես էլ գովերգի նրան»,- նկատեց բալետմայստերը: «Լա բոհեմի» հիմքն Ազնավուրի երգերն են: Խոհափիլիսոփայական մտքերՙ ամփոփված երգերում, հրաշալի երաժշտություն, Ազնավուրի առասպելական կերպարը եւ... բալետ: Ռուդոլֆ Խառատյանն այս հիմնասյուների վրա է կառուցել բեմադրությունը: Նա Շառլ Ազնավուրի հետ համաձայնեցրել է թե՛ սցենարը, թե՛ երգերը: Իսկ 12 երգերը, որոնք ներքին դրամատուրգիայով կապվում եւ մեկ ամբողջություն են դառնում, ընտրել է ինքըՙ Ազնավուրը: Ազնավուրյան երգերով ու ազնավուրյան թեմայով բալետային ներկայացում, Ռուդոլֆ Խառատյանը որքան հիշում է, որեւէ տեղ չի եղել: Տարիներ առաջ Նյու Յորքում մյուզիքլ է բեմադրվել. այդքանը: «Թվում է, թե կա ամեն ինչՙ սիրված, հրաշալի երգեր, Ազնավուր, բայց ամենադժվարը պարող մարմինների հետ աշխատելն է, երբ ուզում ես ստանալ բեմական մետաֆորՙ Շառլի խորհրդանշական կերպարը, նրա կենսագրության տարրերը, նրա ներքին դրաման: Ի վերջո, Շառլը միշտ եղել է ու կլինի: Ես դեռ փոքր էի, երբ նա կար, երբ լսում էի նրա երգերը ու պատկերացնում, թե ինչպիսին է իրականում այդ մեծ արտիստը: Շառլը ճեղքել է ժամանակն ու դուրս եկել ժամանակի ուղեծրից, հավերժացել: Ահա այս բոլոր մտքերը, փիլիսոփայությունը պետք է արտահայտեի բալետի միջոցով: Համաձայն եք, չէ՞, որ հեշտ չէ: Մենք օգտվում ենք Ազնավուրի երգերից, ստեղծագործումՙ այդ երգերից ներշնչված ու նրան վերադարձնում մեր ստեղծածը»,-պրեմիերայից առաջ ասաց Ռուդոլֆ Խառատյանը: Շառլ Ազնավուրը հոտնկայս ծափերի ու «բրավո»-ների ներքո մտավ դահլիճ, նստեց օթյակում, ու ներկայացումն սկսվեց: Բեմը ողողվեց շանսոնյեի ձայնով. մեկը մյուսից սիրելի ու հարազատ երգեր, որ ինքնին տրամադրություն ու հույզեր են հաղորդում: Բալետային ներկայացումը Ռուդոլֆ Խառատյանը բեմադրել էր մեր թատրոնի ուժերով: Այդպես էլ չիմացանքՙ Արտիստը գո՞հ էր իրեն նվիրված ներկայացումից, թե ոչ: Նա հարցազրույց չտվեց, կարծիք չհայտնեց: Մեր սպասումներն էին ավելին, թե Ազնավուրն ամեն ինչի առանցքում լինելովՙ այնուամենայնիվ նրա մեծությունը մի տեսակ փոքրացած ու հասարակացած տեսանք. դժվար է միանշանակ ասել, բայց «Լա բոհեմը» բոհեմական չէր: 40 րոպե տեւողությամբ բեմադրությունն ավարտվեց ազնավուրյան «Լա բոհեմ» երգով, բայց դրանից ներկայացումը, միեւնույն է, դարձյալ բոհեմական չդարձավ: Այն, ինչից ամենաշատն ենք վախենում, մեծերի անունն օգտագործելն է բառի բուն իմաստով ու բովանդակությամբ: Ու այստեղ է, որ ուզում ենք հավատալՙ թերությունների հեղինակը կնկատի թերությունն ու կշտկի: Ուզում ենք հուսալ, որ հաջորդ անգամ մեծերին զգուշությամբ կմոտանան կամ կհասկանան, որ դեռ պատրաստ չեն դրան: Ուզում ենք տեսնել, որ ներքին հասունությամբ ու լեցուն հոգով կդիպչեն մեծերի կերպարներինՙ հասկանալով արածի լրջությունն ու պատասխանատվությունը: Ուզում ենք... շատ բան չենք ուզում: Ներկայացումն ընդգրկվելու է օպերային թատրոնի խաղացանկում: Ռուդոլֆ Խառատյանը տեղեկացրեց, որ Շվեյցարիայից արդեն հյուրախաղերի հրավեր կա: Բալետմայստերը մտադիր է «Լա բոհեմը» համալրել երկրորդ մասովՙ Միշել Լեգրանի «Շերվուդյան հովանոցներ» բալետային բեմադրությամբ: Կստացվի երկու գործողությամբ ներկայացումՙ նվիրված ազգությամբ հայ երկու մեծ արվեստագետներին: Սա ապագայումՙ աշնանը: Իսկ առայժմ ամառային խաղացանկում «Լա բոհեմն» է լինելու: |