RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 02-06-2017



ԷՍԹԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐ

Տեղադրվել է` 2017-06-06 18:00:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 2247, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԱՅՐՈՒՅԹ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԱՐՎԵՍՏԸ ՊԵ՞ՏՔ Է ՑՈՒՑԱԴՐՎԻ, ԹԵ՞ ՈՉ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ժամանակի ընթացքում էսթետիկական ըմբռնումները փոփոխվում են: Անցել են վեհ ու վեհացնող կտավների (եւ ոչ միայն) ժամանակները: Այն ինչ գռեհիկ էր թվում մեզ անցյալում, այժմ նորաձեւ է դարձել: Խորագրի հարցին է փորձում պատասխանել «Նյու Յորք Թայմսի» արվեստի գրաքննադատ Ռոբերտա Սմիթը Ուիթնիի ավանգարդիստական երկամյա ցուցահանդեսի մասին գրելիս:

Յուրաքանչյուրս ժամանակ առ ժամանակ ակամայից դեմ հանդիման ենք գալիս մի կտավի հետ, որը մեզ դուր չի գալիս, կատաղեցնում է կամ հավասարակշռությունից հանում: «Սա արժանի չէ ցուցադրության», գոռում է մեր միտքը: «Չի կարելի թույլ տալ, որ նման գործը գոյություն ունենա»: Բայց, արդյոք նման վանողական տպավորությունը նշանակո՞ւմ է, որ տվյալ արվեստի գործը պետք է հանվի ցուցադրությունից, կամ ոչնչացվի ընդհանրապես:

Այս հարցը երկու խմբի է բաժանել արվեստասեր հասարակությունը այն օրից, երբ մոտ երկու շաբաթ առաջ բացվեց Ուիթնիի երկամյա ցուցահանդեսը: Բանավեճը հիմնականում կենտրոնանում է նկարչուհի Դանա Շուտցի «Open Casket» (Բաց դագաղ) կտավի շուրջ, որտեղ պատկերված է Էմմետ Թիլի աղճատված դեմքը: Տասնչորսամյա աֆրո-ամերիկացի Էմմետը 1955-ին գազանաբար սպանվել էր Միսսիսիպիում երկու սպիտակամորթ տղամարդկանց կողմից, ենթադրաբար կից խանութի սպիտակամորթ վաճառողուհուն սիրահետելու համար:

Շուտցն էլ է սպիտակամորթ եւ շատերի կողմից նրա տվյալ պատկերի օգտագործումը համարվեց «անպատշաճ յուրացում», որը, նրանց կարծիքով, պետք չէր ցուցադրվեր: Առաջին ընդվզողը եղավ աֆրոամերիկացի մի նկարիչ, որը կտավի առաջ կանգնած մերթ խափանում էր ուրիշներին դիտելու պատկերը, մերթ նրանց հետ բանավեճի բռնվում: Հետագայում այդ նկարչիՙ Պարկեր Բրայտի լուսանկարը հայտնվեց «Twitter-ում» հետեւյալ մակագրությամբ. «Այդ նկարչուհին ոչինչ չունի ասելու սեւամորթ համայնքինՙ սեւամորթներին պատճառված տրավմայի մասին»:

Այնուհետեւ առարկություններով հանդես եկան նաեւ Բեռլինում ապրող բրիտանացի գրող եւ նկարիչ Հաննա Բլեքը եւ ուրիշներ, որոնք իրենց բաց նամակում գրեցին, որ Թիլի պատկերը «սեւամորթների խնդրո առարկան էր» եւ սպիտակամորթները իրավունք չունեին օգտագործելու այն»: Բլեքը դրանում տեսնում էր «սեւամորթների ցավը շահույթի աղբյուր դարձնելու» միտում եւ պահանջում էր ոչ միայն չցուցադրել կտավը, այլեւ ամբողջովին ոչնչացնել այն:

Ինձ ու նաեւ շատ ուրիշների համար թեման շոշափվեց կարծիքների փոխանակման, հարցազրույցների, էլ-փոստով հաղորդակցվելու մակարդակով: Քննարկումները անհանգստացնող էին, բայց նաեւ տպավորիչ եւ չափազանց արդյունավետ: Արվեստի գրաքննությունը նողկալի՞ է: Այո: Մարդիկ, որոնք վիրավորված կամ զայրացած են լինում որեւէ ցուցահանդեսից պե՞տք է բողոքի ցույցեր անցկացնեն: Անպայման: Կարո՞ղ է պատկերասրահը կամ թանգարանը կանխորոշել որեւէ վիճելի կտավի ճակատագիրը պիտակի կամ ցուցադրման տեղի միջոցով: Այո:

Աֆրո-ամերիկյան պատմության եւ մշակույթի ազգային նորաբաց թանգարանում «Թիլի դագաղը» կտավը սրբավայր է դարձել, մի տեսակ տապանակ, կամ աճյունասափոր: Ըստ թանգարանի հիմնադիր տնօրենՙ Լոննի Բանչ III-ի, դրա տեղադրման վայրը որոշակի կատարսիս է պարգեւում մարդկանցՙ ֆիզիկական բռնության կամ հոգեկան տառապանքի թոթափում: Շատերը երկմտում են, փորձելով ոսկե միջինը գտնել թեր ու դեմ կարծիքների միջեւ: Նրանք նաեւ ձգտում են հասկանալ, թե նախադեպեր եղե՞լ են արդյոք:

Արվեստում սոցիալական տրավմայի ներկայացման էթնիկական սահմանների անցման որպես օրինակ կարող եմ հիշել սպիտակամորթ հրեա նկարիչ Բեն Շահնի 1931-32 թվերին վրձնած «Սակկոյի եւ Վանցետտիի չարչարանքները» կտավների շարքը, որոնցում խայթող մեկնաբանությամբ ներկայացված էին ծագումով իտալացի ներգաղթյալ բանվորներՙ Նիկոլա Սակկոյի եւ Բարտոլոմեո Վանցետտիի 1920-ական թվերի դատավարության եւ մեղադրական սարքովի վճռի մանրամասնությունները: Դրանք մերկացնում էին ԱՄՆ-ի արդարադատության համակարգի կոռումպացված լինելը: Այնուհետեւ կարելի է հիշատակել հրեա դասատու եւ երգերի հեղինակ Աբել Միրոպոլի անունը, ով գրել էր «Strange Fruit» (Տարօրինակ պտուղը) վերնագրով գեղեցիկ բալլադը, որ հայտնի դարձավ Բիլիի Հոլիդեյի հիանալի կատարման շնորհիվ: Դա ռասսայական ատելության եւս մի դրսեւորում էր:

Շուտցի կտավը միակը չէ, որն անդրադառնում է Թիլիՙ Լինչի դատաստանի ենթարկվելու թեմային: Դրանից առաջ Բոբ Դիլանը գրել եւ 1962-ին կատարել էր «Էմմետ Թիլի մահը» խորագրով բալլադը, որն ուշացումով թողարկվեց միայն 2010-ին:

Ցուցահանդեսից միսս Շուտցի կտավը հանել ցանկացողներին կարելի է դասել այն կաթոլիկների թվին, որոնք 1999-ին քաղաքապետ Ռուդոլֆ Ջյուլիանիի առաջնորդությամբ բողոքարկեցին Բրուքլին թանգարանում ցուցադրված բրիտանացի նկարիչ Քրիս Օֆիլիի կտավի դեմ, որտեղ Տիրամայրն ու մանուկը սեւամորթ են պատկերված, շրջապատված պոռնոգրաֆիական ամսաթերթերից կտրտված փոքրիկ կոլաժներով:

Ժամանակ առ ժամանակ սեւամորթների Լինչի դատաստանի ենթարկվելու թեման շոշափվել է արվեստագետների կողմից, բայց սեւամորթ արվեստագետները միշտ փորձել են այդ թեման հեռու պահել չարամիտ օգտագործումից կամ թյուր մեկնաբանությունիցՙ հատկապես սպիտակամորթների կողմից: Բանավեճը ակտիվ քննարկման առարկա դարձավ 2015 թվին հատկապես, երբ Բրաուն համալսարանում բանաստեղծ Քենեթ Գոլդսմիթը ընթերցեց բանաստեղծության վերածված 18-ամյա սեւամորթ Մայքլ Բրաունի դիահերձման զեկուցագիրը: Բրաունին սպանել էր սպիտակամորթ ոստիկանը Ֆերգուսոնում (Մոնտանա): Գոլդսմիթին մեղադրեցին «Թվիթերում» թեման շահարկելու համար:

Շուտցի նկարի վերաբերյալ մյուս կարծիքը այն է, որ արվեստագետի գործերը գրաքննության չպետք է ենթարկվեն: «Նկարչության պատմությունը լի է գրաֆիկական բռնության տեսարաններով, որոնք անպայմանորեն չեն արտահայտում կտավի հեղինակի անձնական կյանքը: Արվեստի գործը մտքեր առաջացնող է: Այն միտված է խորը ուսումնասիրությունների տեղիք տալու եւ ավելի լավ արվեստի գործեր ստեղծագործելուն», նշված էր բազմաթիվ արձագանքողների ակնարկներում, որոնք ավելացնում են, որ դրան հասնելու համար արվեստի գործը պետք է ցուցադրվի: Ցուցադրվելուց հետո է, որ կտավը ինքնուրույն կյանք է ստանում եւ ազատ հասարակությունում արժանանում ամենատարբեր մեկնաբանություններիՙ արդյունավետ, անհետեւանք:

Ինքը Շուտցը նշել է, որ կտավը նկարել է վշտակից լինելու համար Թիլի մորը, իսկ կտավի խորագիրը ավելացվել է հետոՙ համապատասխան իր զգացումներին: «Կտավի նկարին նայելն ահավոր է եւ դրանով ես վայրագության դեմ եմ արտահայտվել», ասել է նա:

Նրա կտավներում հաճախ կարելի է նկատել ֆիզիկական դաժանություն: Դրանք սովորաբար սպիտակամորթների մարմիններ են: Բայց երբեմն նաեւ հայտնվում են բռնության ենթարկված սեւամորթների մարմիններ: Նրա կտավների «հերոսներ» են դարձել Ջորջ Վաշինգտոնըՙ հրեշի, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոնՙ այլանդակված դեմքով, եւ այլն: Բայց ամենահատկանշականը «Ներկայացում» խորագրով սեղանի վրա պառկած երկու մերկ անձանց նկարն է, որոնց ամբոխը մասնատում է: «Դա նկարելիս, խոստովանել է Շուտցը, ես մտածում էի Աֆղանստանից եւ Իրաքից տուն վերադարձած անճանաչելի դարձած մարմինների մասին»:

Այս երկամյա ցուցահանդեսում ներկայացված այլ կտավներ եւս ներառում են բռնության եւ ռասսայական թեմաներ: Նույնիսկ սեւամորթ նկարիչ Հենրի Թեյլորի «Ժամանակներն այնքան էլ արագ չեն փոխվում» կտավն է անդրադառնում դրանց: Այդ կտավները ամերիկացիների ընդվզումներն են արտահայտում նման երեւույթների հանդեպ: Դրանք այժմեական են դարձնում նույնիսկ անցյալում կատարված իրողությունները: Դրանք ռասիստական ատելությունների դեմ են արտահայտվում եւ չպետք է հանվեն ցուցադրությունից կամ ոչնչացվեն: «Դրանցից յուրաքանչյուրը պետք է մնա եւ ստիպի մարդկանց առաջ գնալու», եզրակացնում է հոդվածի հեղինակը:

Նկար 1. Դանա Շուտցի «Բաց դագաղը» (2016)

Նկար 2. Բեն Շահնի «Սակկոյի եւ Վանցետտիի չարչարանքները» (1931-32)

Նկար 3. Դանա Շուտցի «Ներկայացում» կտավը (2005)

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 02-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ