ՍՓՅՈՒՌՔԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՑԱՎԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԸ... Հրապարակումըՙ Ա. Բ.-ի Ա.Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի բեմադրության մասին Թատրոնը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է հասարակության հետ երկխոսելու լավագույն միջոցըՙ գեղարվեստի լեզվով: Եվ կենսունակ է համարվում այն թատրոնը, որը կարողանում է վեր հանել հասարակության սրտին մոտ, նրան հոգեհարազատ, արդիական թեմաներ: Եղեռնի 100-ամյակի միջոցառումների շարքում 2015-ին սակավաթիվ էին մեր ժողովրդի ամենաողբերգական այս իրողության մասին նոր ներկայացումները (Դրամատիկական թատրոնում Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» եւ Պատանի հանդիսատեսի թատրոնում Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդեսը»): Հասկանալի է, որ եղեռնի թեման մեծ զգուշավորությամբ ու բարձր գեղարվեստականությամբ պետք է արվեստ բերել: Պատանի Հանդիսատեսի թատրոնում բեմ բարձրացած արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսըՙ հեղինակի համանուն պատմվածքի հիման վրա, պատմում է ոչ թե Եղեռնի, այլ աշխարհասփյուռ հայ ընտանիքների ճակատագրերի վրա դրա հետեւանքների մասին (պիեսում Սալոնիկ գաղթած մեկ հայ ընտանիքի պատմությունն է): Սկսելով 1948 թ. արեւմտահայերի մեծ ներգաղթից դեպի Սովետական Հայաստանՙ պատմական փուլերի ճշգրիտ հերթագայությամբ հեղինակը վերականգնում է ժամանակըՙ հասնելով մինչեւ այնքան բաղձալի հայոց անկախության 1991 թ. եւ մեծ հարցական թողնում հանդիսատեսի հոգումՙ արդյո՞ք հետագա սերունդները կապրեն արդար ու ազատ հայրենիքում: Պիեսում առաջին անգամ ժամանակակից հայ գրականության մեջ հեղինակը վեր է հանում հայրենադրաձության թեման բոլորովին նոր շեշտերով: Ներկայացման առաջնախաղին բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը ԱՄՆ-ից հատուկ հրավիրեց հանրահայտ սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանիինՙ Զարուհու դերակատարման համար, ում արեւմտահայերենն ու դերասանական բարձր հմտությունները է՛լ ավելի հավաստի դարձրին պիեսում նկարագրվող միջավայրի ընկալումը: Արմանիի մեկնումից հետո դերը ստանձնեց թատրոնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Նառա Սարգսյանը, ում դերասանական կարիերայում Զարուհու դերակատարումը մեծ թռիչք ու շրջադարձային փուլ եղավՙ դերասանուհուն բերելով Ազգային ամենամյա թատերական «Արտավազդ» մրցանակՙ որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»: Երկրորդ «Արտավազդի» արժանացավ ներկայացման երաժշտության հեղինակըՙ կոմպոզիտոր Վահան Արծրունինՙ «Ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն» անվանակարգում: 2016-ին «Մերսեդես» ներկայացումը հրավիրվեց մասնակցելու «Կահիրեի ժամանակակից եւ փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին», որտեղ, չնայած լեզվական խոչընդոտին, ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ. դրա վկայությունն է այս տարիՙ 2017 թ., Կահիրեի փառատոնից ստացված երկրորդ հրավերը: Ներկայացմանը ներկա են գտնվել նաեւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը եւ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, որոնց հրավերով «Մերսեդեսը» խաղացվել է տեղի հայկական մշակութային կենտրոնում. երկու երեկո լեփ-լեցուն դահլիճներովՙ հայ համայնքի համար : Վերջին տարիների հայ թատերական իրականության մեջ որեւէ ներկայացում այս ծավալի հնչողություն չի ունեցելՙ մամուլի տասնյակ անդրադարձեր, մի շարք թատերախոսականներ, մտավորականների բարձր կարծիքներ, հանդիսատեսի չդադարող հոսք, մշտական անշլագ: «ԱԶԳ»-ը նույնպես 2015-ի առաջնախաղից հետո անդրադարձել էր «Մերսեդեսին»ՙ թատերագետ Վարսիկ Գրիգորյանի ընդարձակ թատերախոսականով ներկայացման եւ հեղինակի մասին («Եվս մեկ սպեղանի մեր բաց վերքին», «Ազգ», 15.12.2015) : Այս հոդվածի բուն առիթը հանդիսացավ Կահիրեի միջազգային փառատոնում ներկայացման հաջողությունը, եւ մեզ դրդեց վերհանել 2015թ. պրեմիերայից հետո հնչած, բայց չհրապարակված մի շարք հայտնի գրողների ու մտավորականների գնահատականներն ու տպավորությունները: «Մերսեդես» ներկայացումը Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում է, եւ հայ հանդիսատեսը դեռ կարող է ներկա գտնվելովՙ վայելել այն: «Վաղուց է, ինչ թատրոնն ինձ այդպես մեկեն չէր «առեւանգել», ու ես չէի վայելել խոսքի ու դիմախաղի մոգական ուժը: Այսօր ես պարզապես ըմբոշխնեցի Անուշ Ասլիբեկյանի «ՄԵՐՍԵԴԵՍ» ներկայացումը Պատանի հանդիսատեսի թատրոնում: Հրաշալի գործ էրՙ իր բեմադրիչիՙ Հ. Ղազանչյանի, երաժշտության հեղինակիՙ Վահան Արծրունու եւ հրաշալի երիտասարդական մի թիմի կատարմամբ , ուր ներդաշնակությունը երեկոյի բարձրակետն էր եւ ուր, հավատացած եմ, որ բոլորի համար, առանց պաթետիկ ոճաբանությանՙ բառը դառնում էր հույզ ու ներարկվում ունկնդրի հոգու աշխարհը: Շնորհակալ եմ բոլորինՙ այսչափ գեղագիտական բարձր ճաշակի ու ոգեղենության համար....»: ՆՈՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ, Բանաստեղծուհի «Չգիտեմ, թե ո՛ր խելագար պարզունակն է առաջինն ասել, թե մեր օրերում թատրոնը մեռնում է... Նման բան ասողները վաղո՜ւց արդեն մեռել են, բայց թատրոնը ապրել է, ապրում է եւ կապրի, որովհետեւ թատրոնը այս կյանք կոչված մեծ թատրոնի հարազատ զավակն է... Բնականաբարՙ ծնողի չափ զավակն էլ կապրի... Պարզապես վատ ներկայացումն է դեռ չծնված մեռնում, միջակներըՙ փտում դարակներում. խնդիրը որակի մեջ է եւ ոչ տեսակի...Դե գնացեք ու նոր գյուտ անելու մարմաջով այլ բան հորինեք թատրոնի մասին: Դեռ ապրիլի 24-ի տպավորություններով էի, երբ գրող Անուշ Ասլիբեկյանն ու կոմպոզիտոր Վահան Արծրունին ինձ հրավիրեցին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնՙ դիտելու «Մերսեդես» ներկայացումը: Գործի բերումով բեմերում շատ եմ լինում, բայց վաղուց այսպես ջերմությամբ չէի զգացել բեմի «հոտը», շունչը, գույնը, տաքությունը, հարազատությունը, անկեղծ ծափերը... Առավել եւս մեր օրերում, երբ շատերը հարկադրաբար, ամոթից կամ երբեմն քծնանքի համար են ծափահարում մի տխմար ներկայացմանՙ կատարելով իրենց ամոթախեղդ պարտքը: Անուշ Ասլիբեկյանի բացառիկ օրախնդիր պիեսը կոմպոզիտոր Վահան Արծրունու հմայիչ երաժշտությամբ ու ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի բեմադրական վարպետությամբ եւ պրոֆեսիոնալիզմով հանդիսատեսը վերապրեց «թաքուն աղոթելու երկրում» կարմիր հողմերի ժամանակ հայրենադարձության ցավոտ թեման: Այդ մասին շատ է գրվել, բայց այս ներկայացման մեջ Սփյուռքի ու Հայրենիքի ցավերը նույն հարթության վրա էին, զուգահեռ, իրար լրացնող. նույնն էին, ինչպես որ ժողովուրդը: Քաղցրությամբ ու գրագետ հնչում էր ոսկեղենիկ ու թովիչ արեւմտահայերենը... Հայոց պատմությունից բացի ներկայացումը նաեւ հայոց լեզվի դաս էր, արքայական մեր լեզվի, որ հաճախ էկրաններին հալածված առաքյալ է դառնում, կոտրատվում քաղքենիաբար ու այլակերպվում... Ներկայացման մեջ զարմանալիորեն ներհյուսվել էին բեմարվեստի ավանդական ու մերօրյա ավանդույթները, մտածողությունը, դերասանական խաղը, ռեժիսորական բարձրաճաշակ մտահղացումները... Իսկ դահլիճն իր քար լռությամբ դերասանների հետ ցավով վերապրում էր այն ծանր տագնապները, որ զգացել են եղեռնազարկ ու կարոտի արահետներով Հայրենիք եկած մեր եղբայրները, որոնց մի տեսակ արհամարհանքով շատերը «ախպար» էինք կոչում, թեեւ երկուսում էլ նույն «եղբայր» արմատն է: Այս ներկայացումը պատանի հանդիսատեսի համար դասագրքային նշանակություն ունի, առավել եւս, երբ մեր պատմության նորաթուխ խորենացիները ուղղակի քմահաճորեն կամ պատվերով այլափոխում ու կեղծում են առանց այն էլ չորս կողմից խոցված հայոց պատմությունը: «Մերսեդես» ներկայացումը մեր պատմության ու հայոց լեզվի չարխափան թալիսմաններից է... Եվ անչափ ուրախալի է, որ ներկայացումն արժանացել է «Արտավազդ» մրցանակների...»: ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, Գրող, հրապարակախոս «100 տարվա հետագիծ` գուցե թե այսպես բնութագրվի ամեն գործ, որ այսօր արձագանքում է Հայոց ցեղասպանությանը: Պատմության տրվածքից չես խուսափի... Իսկ ամեն մի սերնդի համար այդ հետագծի վերջնամասն ունի իր առանձնահատուկ պատմությունըՙ անհատական շառավիղներով այս կամ այն չափով իրարու ներհյուսված: Այսօր ես բացառիկ առիթ ունեցա Անուշ Ասլիբեկյանի պիեսի բեմադրության շնորհիվ վերապրումի անսովոր պահեր ունենալու, թափանցելու շատ ավելի հեռավորՙ իմ ծնողների ժամանակները, արվեստի ընձեռած բացառիկ հնարավորության շնորհիվՙ ասես ժամանակի մեքենայով, տեղափոխվելու այն հին աշխարհը, որտեղ իրենց հույսն ու անսպառ հավատը ներդնելով հազարավոր ներգաղթվածներՙ պիեսի հերոսուհու պես, եկանՙ իրենց հետ բերելով գեղեցիկը, իրենց վարք ու բարքի էն փնտրվածն ու առանձնահատուկը, որ պակասելովՙ պակասել էր սովետ դարձած Հայաստան աշխարհից: Եկան ու... շենացնելով հանդերձՙ էստեղ էլ հեշտ ճակատագիր չունեցան... Անուշ Ասլիբեկյանն իր պիեսում շատ խորը գնացող եւ կարեւոր հարցեր է արծարծում: Հակոբ Ղազանչյանի բեմադրությունըՙ ժամանակը վավերացնողի կարեւոր հենակետեր ունենալովՙ այդ հարցերը տեսանելիորեն շոշափում է... Ներկայացումը բազմաթիվ առումներով բավական տպավորիչ էր ու հաջողված, եւ, պետք է ասեմ, որՙ շնորհիվ դերասանուհի Նորա Արմանիի կատարյալ խաղի, իսկ ավելի ճիշտՙ շնորհիվ նրա լուսաճառագ էներգետիկայի, խոսքային անմիջական հնչեղության, այն հաստատապես դիպել է իր նշանակետին... Հանդիսատեսի սիրտը, անտարակույս, նվաճված է...»: ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ, Արձակագիր, բանաստեղծ «Սպասված ներկայացման պրեմիերան միանգամից գտավ իր հանդիսականին: Կառուցվածքը վիպային է, մի բան, որ ներկայիս կինոյի ու նաեւ թատրոնի լեզուն դառնալու հակումներ է ցույց տալիս: Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին հաջողվել էր երկշերտ միզանսցենների միջոցով ժամանակային սեղմ ծավալի մեջ հատել մի քանի ժամանակային սահմաններ: Նորա Արմանիի գեղեցիկ արեւմտահայերեն արտաբերությունը եւ իր չափավորության մեջ խիստ հուզական, գրեթե մենախոսության վրա հիմնված խաղը աննման էր: Զարմանալին այն էր նաեւ, թե գլխավոր կերպարիՙ Զարուհու ժամանակներում չապրած երիտասադ գրողըՙ Անուշ Ասլիբեկյանը, որքան լավ գիտի եւ որքան խորքից է դիտարկել նրա դաժան կյանքը Հայրենիքում: Գրողը կարողացել է հաղթահարել «լռության», «երկաթե վարագույրի» հարուցած այն դժվարությունները, որ ճակատագրի բերումով վիճակված չէր անել իր նախորդներին: Շնորհավոր: Բարի երթ»: ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Արձակագիր, լրագրող ««Մերսեդեսն» այն ներկայացումն է, որի հենց առաջնախաղը հուզեց, հասկացրեց, ցույց տվեց, որ լավ գործը կունենա մշտարթուն իր հանդիսատեսին: Լարված, հետաքրքրական, անսպասելի լուծումներով բեմադրված այս պիեսը հաջողված է: Նախ, Անուշ Ասլիբեկյանի կայացած պատմվածքը, հետոՙ պիեսը, Հակոբ Ղազանչյանի հրաշալի բեմադրությունը, Նորա Արմանիի եզակի խաղը, Վահան Արծրունու բացառիկ երաժշտությունը: Այսքանից հետո մնում է շնորհավորել միայն, ցանկանալ նորանոր հաջողություններ: Եվ երբեք չի կարելի անտեսել պիեսի հեղինակին: Այս դեպքումՙ Անուշ Ասլիբեկյանի ստեղծագործությունըՙ որպես սկիզբ: Քանի որ ճիշտ է թեմայի, հերոսների եւ ժամանակաշրջանի ընտրությունը: Հայրենադարձության թեման մնացել էր ստվերում: Եվ այս գործը լրացրեց հենց այդ բացը: Սակայն բեմադրության մեջ ինչ-ինչ պատճառներով անտեսվել են պիեսում առկա ելակետային մի շարք կողմեր, կային քիչ արժեւորված եւ շատ կարեւոր հարցադրումներ, որոնք այդպես էլ չբացվեցին բեմադրության մեջ: Գուցե այդպե՞ս է ընկալել բեմադրիչը... Ինչեւէ, կարծում եմ, հետագայում այս պիեսին կանդրադառնան այլ բեմադրիչներ նույնպես: Մեր դրամատուրգիան երկար ժամանակ կարոտ ուներ հենց այսպիսի կարեւոր մի պիեսի»: ԱՆԻ ՓԱՇԱՅԱՆ, Գրականագետ |