ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ԱՊԱՐԱՆՈՒՄ Ա. Բ. Մայիսի 27-ին, Բաշ-Ապարանի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունների օրը Ապարան քաղաքի կյանքում նշանավորվեց մեկ այլ կարեւոր իրադարձությամբ եւս. ավարտվեց քաղաքում առաջին անգամ իրականացվող քանդակագործության միջազգային սիմպոզիումը: Այն կյանքի է կոչվել Իտալիայում եւ Հայաստանում բնակվող անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսի ջանքերի շնորհիվ: Վերջինս, ի դեպ, նաեւ հինգ անգամ կայացած Շուշիի քանդակագործության միջազգային սիմպոզիումի հիմնադիրն է: Քսան օր շարունակ Ապարանով անցնող մայրուղու կողքին ծածանվում էին սիմպոզիումի մասնակից երկրների դրոշները: Այսուհետ Ապարանի տարանցիկ ճանապարհով անցնողները կտեսնեն տարբեր երկրների քանդակագործների աշխատանքները, որոնք մեծ մասամբ վերաբերում են Ապարանի ճակատամարտին կամ առհասարակ Հայաստանին: Հայ քանդակագործներից սիմպոզիումին մասնակցել են Վիգեն Ավետիսը («Սուրբ Հոգի»), Զարզանդ Շահինյանը («Աղոթք»), Հովհաննես Գրիգորյանը («Մեր պապերի սխրանքը»), Արմեն Պետրոսյանը («Ավարայր»), Արման Նուռը («Ճակատամարտ») եւ Արամ Սարգսյանը («Կենաց ծառ»): Արտասահմանյան մասնակիցներն էին Կումիկո Սուզուկին (Ճապոնիա)ՙ «Արա Գեղեցիկ», Արա Բադալյանը (Բելգիա) «Հերոսամարտ», Մասիմո Լիպպին (Իտալիա)ՙ «Հայաստանի սիրտը», Քրիստոֆորո Մարիո Լիպպին (Իտալիա)ՙ «Ապարանցի մարտիկը», Սպարտակ Հարությունյանը (Բելառուս)ՙ «Հաղթանակած զինվորի ծնունդը» եւ Կանտա Կիշորեն (Հնդկաստան)ՙ «Հեղափոխությունը» քանդակներով: |