«ՀԱՅՈՑ ՄԵԾԵ՞ՐԸ» Ա. Բ. Վերջերս առաջին անգամ Հայաստան այցելած ու հայ մշակույթի սիրահար օտարերկրացու հետ շրջելիս մի քանի անգամ անհարմար վիճակի մեջ ընկաՙ կապված մեր քաղաքն ու մայրուղիները ողողած «Հայոց մեծեր» վահանակների հետ: Հայ իրականությանը վերաբերող գրեթե ամեն ինչով հետաքրքրվող բարեկամս ինձ հարցնում էր, թե ով է վահանակներին պատկերված այս կամ այն անձնավորությունը, եւ ես, լինելով քաջատեղյակ մեր մշակույթի գործիչներին, առաջին անգամ էի կարդում նկարիչ Անուշավան Գասպարյանի (1914-1986) անունը: Իսկ թե ինչո՞ւ չկան Հովնաթանյանը, Սուրենյանցը, Սարյանը, Մինասը, Կալենցը, Քոչարը, Մուրադյանը... այդ հարցի պատասխանը չունեմ: Պռոշյան ավանից Երեւան տանող խճուղիում Սոս Սարգսյանի դիմանկարով վահանակները միանգամից երեք հատ էին: Բարեկամիս աչքից դա չվրիպեց, եւ երբ նա իմացավ, որ դերասան է, իրավամբ ասաց. «Երեւի թե նա՛ է ձեր ամենամեծ դերասանը, որ այս փոքր տարածության վրա երեք տեղ նրա պատկերն եք դրել»: Ասեի՞, որ մենք նաեւ Ադամյան ու Աբելյան ենք ունեցել, Փափազյան ու Հրաչյա Ներսիսյան, Սիրանույշ ու Արուս Ոսկանյան.... բայց չգիտես ի՛նչ տրամաբանությամբ նրանք բոլորը բացակա են «Հայոց մեծերի» պաստառներից... Բարեկամս, մոտ լինելով կինոյին, կիսեց իմ վրդովմունքը, որ կինոաշխարհից «մեծերի» շարքում չէ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը, իսկ ահա՛ Գենադի Մելքոնյանը կա (որի «Թթենին» ֆիլմը, ինչ խոսք, լավն է, բայց ո՛չ հեղինակին «Հայոց մեծերի» շարքը դասելու աստիճան): Բարեկամս գոհունակությամբ ճանաչեց Փարաջանովին, զարմացավՙ տեսնելով Ատոմ Էգոյանի լուսանկարը («Նրա ֆիլմերը հրաշալի են, բայց նա արդեն հայոց մեծերի շարքո՞ւմ է»), սակայն ոչ մի կերպ չհաշտվեց «մեծաշարքում» Շերի առկայության հետ: (Երեւի մտքում էլ ասաց. «Լավ էՙ Քիմ Քարդաշյանն էլ չի հայտնվել այս շարքում»): Իսկ թե ինչու է յոթ տարի ՀՀ վարչապետ եղած Անդրանիկ Մարգարյանի դիմանկարը նույնպես մեր մեծերի շարքումՙ դժվար չեղավ բացատրել բարեկամիս: Ուստիեւ մի քանի օր անց Կոմիտասի անվան պանթեոնում նա ինձ այլեւս ավելորդ հարց չտվեց, թե ինչու է Մարգարյանի շիրմաքարն ամենից մեծը եւ ողջ տարածքի վրա իշխողը... |