ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐՆ Ի ՊԱՏՎԻ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Հ.Ծ. Մայիսի 18-ին Նյու Յորք քաղաքի հայկական եկեղեցու արեւելյան թեմում Վարդանանց ասպետների եւ դուստրերի կազմակերպությունը հատուկ ընդունելությամբ պատվել է երաժշտության ասպարեզում երկարամյա երկու երախտավորներիՙ Շահան Արծրունուն եւ Քրիս Գալֆայանին , որոնք իրենց անզուգական տաղանդով եւ նվիրվածությամբ ծառայել են հոգեւոր եւ դասական երաժշտության հարստացմանն ու առաջխաղացմանը, թեմի նախկին հոգեւոր առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հովանու ներքո: Երկու երախտավորների երաժշտական եւ մշակութային արմատներն, ըստ «Միրոր Սփեքթեյթրում» տպագրված Թալին Բաբայանի հոդվածի, սկսել են ընձյուղվել դեռեւս պատանի հասակում Ստամբուլում, նախքան Մ. Նահանգներում հաստատվելը: «Կոմիտաս» երգչախմբի ավելի քան երեք տասնամյակների ղեկավարՙ Գալֆայանը հաճախել է Տատյան վարժարանն ու Բաքըր Քեոյի հայկական եկեղեցին, որտեղ էլ ծանոթացել է հայկական հոգեւոր երաժշտության հետ: ԱՄՆ-ում նա եղել է Սբ. Խաչ եկեղեցու երգեհոնահարը եւ Սբ. Վարդան մայր տաճարի երգչախմբի ղեկավարը: Երաժիշտ եւ դաշնակահար Արծրունին դոկտորական է պաշտպանել Նյու Յորքի համալսարանում եւ գիտական աստիճաններ ունի նաեւ Ջուլիարդ երաժշտական կրթօջախից: Կազմակերպել է բազմաթիվ սիմպոզիումներ Հարվարդի, Կոլումբիայի եւ Միչիգանի համալսարաններում: Հեղինակ է մի շարք գրքերի եւ հոդվածների: Երեկոյի հանդիսավարն է եղել Նյու Ջերսիի հայկական ռադիոժամի հիմնադիր-տնօրեն դոկտ. Վարդան Աբդոն : Գեղարվեստական մասում հանդես է եկել Բրուքլինի Սբ. Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքի «Աստղիկներ» համույթի հիմնադիր-տնօրեն, երգչուհի Մարիա Սահակյանը , դաշնամուրի ուղեկցությամբ Լինա Պանֆիլովայի : Նկար 1. Քրիս Գալֆայան Նկար 2. Շահան Արծրունի Նկար 3. Մարիա Սահակյան, դաշնամուր` Լինա Պանֆիլովա |