RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 01-06-2018



ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-05-31 20:57:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 4256, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԻ ԳՈՐԳ-ԱՅԳԻՆԵՐԸ

ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անվանի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի եւ Ասլան Մխիթարյանի նախագծով կառուցված Կասկադ հուշահամալիրը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլեւ նմանօրինակը չունի 20-րդ դարի ճարտարապետության մեջ: Միակ համեմատությունը, թերեւս, կարելի է անցկացնել ճապոնացի նշանավոր ճարտարապետ Տադաո Անդոյի «Երազանքների աստիճանի» հետ, որը կառուցվեց 1990-ականներինՙ Կասկադից գրեթե 25-30 տարի անց:

Ժամանակին Կասկադը կառուցվում էր որպես «հայկական գորգՙ փռված Թամանյանի քաղաքի առջեւ», ու քանի որ կարեւոր քաղաքաշինական առանցք էր շեշտելուՙ ահագին ծառեր հատվեցին, իրականացնելու համար այդ խորհրդանշական կառույցը: Սակայն նախատեսված էր նաեւ նրանից աջ ու ձախ ընկած հատվածներում, 50 մ լայնությամբ, վերից վար մեծ ծառատունկ իրականացնել, ինչն այդպես էլ մնաց որպես գաղափար, իսկ ներկայումս, հարակից անպատեհ ու անկանոն շինությունների պատճառով, ծառատունկի ենթադրյալ տարածքը նեղացել, դարձել է 10-20 մ: Մինչ օրս անավարտ մնացած ու համապատասխան միջավայրից զրկված Կասկադի հարեւանությամբ շարունակվում է քաոսային կառուցապատումըՙ խլելով նրանից գեղարվեստական արտահայտչականությունը, տարեցտարի ավելի նվազեցնելով կանաչապատման համար նախատեսվող տարածքը:

Թվում էր, թե կանաչ գոտու եւ բարեկարգման հարցերով մտահոգ պետական կառույցները, ճարտարապետներն ու բարերարները, բոլոր նրանք, ովքեր մայրաքաղաքի խառնափնթոր կերպարի մեջ թեկուզ դրվագային ձեւով ինչ-որ ներդաշնակություն են ուզում մտցնել, նախ եւ առաջ իրենց ուշադրությունը կդարձնեն հենց ա՛յս հատվածի վրա, հատկապես եթե ցանկանում էին Էրեբունի-Երեւան տոնակատարության առթիվ հայ ժողովրդին «գորգ-այգի» նվեր մատուցել:

Բայց փոխարենը որոշեցին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից հովանավորվող նոր նախագիծ իրականացնելՙ Մյասնիկյանի հուշարձանի հարակից այգին վերափոխելով, ինչը վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց:

Դատելով քաղաքապետարանի կողմից տարածած այգու նոր կերպարի մասին տեղեկացնող նյութերիցՙ պարզ է դառնում, որ նախագիծը փորձել են իրականացնել Կասկադի գաղափարին հարազատ, ու թվում է, թե ոչ մի վատ բան չկա ճարտարապետական դպրոց շարունակելու եւ ստեղծագործական նորություններով հարստանալու մեջ:

Սակայն ամեն ինչ ավելի հուսադրող կլիներ, եթե չունենայինք տասնամյակների դառը փորձն ու անկումային պատկերը:

Իհարկե, երեւում է, որ նոր հատակագծի վրա աշխատողներն ընդհանուր առմամբ գնահատել ու գիտակցել են տարածքի առանցքային կարեւորությունն ու յուրահատկությունը, բայց, այնուամենայնիվ, «մայրաքաղաքի հերթական զարդ» դառնալու հավակնոտ առաջադրանքը ակամայից որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել:

Սկսենք այն բանից, որ «խանգարող» ծառերը վերացնելու հեշտ ու տրորված ճանապարհով գնալն այս դեպքում տեղին չէր:

Անկնհայտ է, որ ոչ այնքան ծառերի ծերացման խնդրով մտահոգ լինելու, որքան անկաշկանդ ստեղծագործելու համար են այդ քայլին դիմելՙ առավել կարեւորելով այգու հատակագծում գորգի շքեղ նկարվածքն ստանալու սկզբունքը: Դժվար է ասել, թե փոխարենը տեղադրվող էկզոտիկ ծառերը, որոնք այդքան էլ բնորոշ չեն Երեւանին (առավել եւսՙ խորհրդանշական չեն Էրեբունի-Երեւան թեմատիկային), որքա՛ն լավ կհարմարվեն տեղի պայմաններին, ի՛նչ խնամքի կարժանանան հետագայում եւ քանի՛ տարի հետո համարժեք կերպով կփոխարինեն իրենց նախորդներին: Ի վերջո, մոտավոր հաշվարկով շուրջ 20 հաստաբուն ուռենիները, որոնք հատվեցին, ամեն տարի իրենց փարթամ տեսքով հագեցնում էին տարածքը եւ յուրահատկություն հաղորդում այգուն: Բայց նույնիսկ նոր, մեծ ծառերով երաշխավորված լինելու դեպքում, ճարտարապետական տեսանկյունից մի քանի լուրջ մտահոգություն կա:

Նախՙ մասշտաբի ու գլխավոր շեշտադրման հարցը:

Երկու մեմորիալ-մոնումենտալ արձանները իրար կապող հատվածը ճարտարապետական առումով կպատշաճեր ավելի զուսպ ու ֆոնային լինելը, ինչն արդեն առկա էր նախկին այգու դեպքում: Մյասնիկյանի արձանի ճարտարապետության հեղինակ Ջիմ Թորոսյանն այդ փաստը հաշվի չառնել չէր կարող: Նա շեշտը դրել էր առավելապես կանաչ տարածքի վրա: Այգում առկա շատրվանները, արահետները, ծառուղիները դասավորված էին դեպի հրապարակ գնացող առանցքը շեշտելու համար, պարզ, ռիթմիկ սկզբունքով, եւ գեղագիտական շեշտադրումն իրենց վրա չէին շեղում առանձին ճչացող մանրամասներով: Դեկորատիվ շատախոսությունը, ժամանցային ու ատրակցիոն վիճակն այս տարածքին այնքան էլ հարիր չէ, ինչպես որ հարիր չէ Կասկադի մոտՙ Թամանյանի արձանի շուրջը կուտակված թեթեւամիտ «ժամանակակից» արձաններիՙ թեյնիկների ու եղնիկների առկայությունը:

Նոր այգու մանր մասնատումներով հագեցած, ակտիվ խճանկարի վրա տեղադրվող ուրարտական ոճի արձանները, որոնք, իհարկե, չեն կարող տարածքում գերիշխող լինել, շատ հնարավոր է, որ խաղալիքային, բուտաֆորային էֆեկտ ունենան ու Նալբանդյանի արձանի մոտ գտնվող ռաբիսոտ գործերի պես ընկալվեն: Ամեն դեպքում, այդպես է զգացվում ներկայացված եռաչափ մոդելից ու մասշտաբից: Իրար դեմ-դիմաց կանգնած բրոնզաձույլ առյուծն ու ցուլը եւ նրանց առանցքով վեր հառնող ուրարտական սյունը Ռաֆայել Իսրայելյանի Սարդարապատի եւ Ջիմ Թորոսյանի Հայոց պետականության հուշակոթողի հիբրիդային ոճավորումներ են հիշեցնում եւ մտավախություն կա, որ դրանք ռեստորանային ոճի մի խեղճ ներկայացում կդառնան:

Բացի այդ, ի տարբերություն Կասկադի, «գորգն» այստեղ միգուցե այնքան էլ լավ չընկալվի, քանի որ վերեւից դիտելու հնարավորություն չկա: Հնարավոր է, որ այն ընկալվի ուղղակի որպես խայտաբղետ երեսպատում, այնինչ տեսահոլովակի ամբողջ էֆեկտը թռչնի դիտանկյունից է:

Եթե համեմատենք Կասկադի հետ, «գորգի» ճարտարապետական մեկնաբանությունը տվյալ դեպքում նաեւ ավելի պոպ-արտային ու պարզունակ էՙ խալին ոչ այնքան ծավալային պատկերավորման միջոցներով է արտահայտված, որքան բառացի նկարված է, չնայած որ այդ նկարվածքը կայացած է ու սիրով մշակված: Իմաստավորված ու ներդաշնակ են լուծված թե՛ «գորգի» երկայնական առանցքըՙ ռոմբաձեւ դասավորված շատրվանների հերթականությունը, թե՛ «գորգի» սկիզբն ու ավարտըՙ մի կողմից Մյասնիկյանի արձանի հետ կապվող, մյուս կողմիցՙ դեպի Շահումյանի հրապարակ բացվող հանգույցներով: Սակայն աչք շոյող հատակագծային նկարվածքից բացի վերը նշված տարածական խնդիրները մնում են մտահոգիչ:

Մի դիտարկում եւս. քաղաքապետարանի շենքին արդեն նախշած Երեւանի հատակագիծը հիմա էլ այգու հատակի վրա դաջելն արդեն կարծես ծանծաղեցնում է տվյալ գաղափարը:

Ինչեւէ. ծախսվող անխնա գումարներով կարելի էր թե՛ տվյալ այգին, թե՛ սրա նման տասնյակ այգիներ բարեկարգել ու խնամել, այդ թվում նաեւՙ Կասկադի կողքի կանաչի հարցը լուծել:

Հուսանք նաեւ, որ, այնուամենայնիվ, կառուցվող նոր այգին չի դառնա 3-րդ հանրապետության տարիներին շատ բնորոշ հերթական աչքկապոցին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 01-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ