RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019



ԴԻՏԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2019-06-20 21:08:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 906, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԴԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը ամերիկացի քուրդ սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր եւ քրդական «Նյու Ուեյվ Սինեմա» ընկերությունում որպես խմբագիր աշխատող Ջանո Ռոզեբիանին է, որ 4-մասանոց հոդվածաշար է տպագրում «Rudaw» կայքումՙ նվիրված քրդական կինոյի պատմությանը:

Մեր օրերի քուրդ ռեժիսորների մեծամասնությունը օտար երկրներում է սովորել ֆիլմ նկարահանել, մի մասը Իրանում, մյուսներըՙ Եվրոպայում:

Բայց նրանք միասնական են այն հարցում, որ աշխարհին պատմելու շատ բան ունեն եւ ցանկանում են, որ աշխարհը լսի իրենց: Այդ պատմությունները գուցե համաշխարհային հնչեղության մակարդակի չեն, բայց հուզումնալի են եւ արցունքներ են խլում դիտողներից:

Իրականում քուրդ ֆիլմարտադրողը իր ժողովրդի դեսպանն է, որ աշխարհի առաջ պատուհան է բացում, որպեսզի տարբեր ազգությունների մարդիկ ծանոթանան եւ ճանաչեն քրդերի պատմությունը, մշակույթը եւ տառապանքը: Ինչպես Դեյվիդ Ռունին նշում է «Variety» պարբերականում, «Ջիյան» ֆիլմը մարդկային տեսք է տալիս Հալաբիայի կոտորածներին»: Այդ տեսքն ու հնչեղություն տալն է մղում քուրդ ռեժիսորներին ֆիլմեր արտադրելու:

Բացի Քրդիստանից ֆիլմեր նկարահանվել են նաեւ այլ երկրներում, ինչպես օրինակ Հիշամ Զամանի «Winterland» (Ձմեռային երկիր), Հիներ Սալեմի «Vive La Marie՛e... et la Liberation du Kurdistan» (Կեցցե՜ նորահարսը... եւ Քրդիստանի ազատագրումը) եւ Սահիմ Օմեր Կալիֆայի «Zagros» (Զագրոս) ֆիլմերը, որոնք համապատասխանաբար նկարահանվել են Օսլոյում, Փարիզում եւ Բրյուսելում, 2007-ին, 1998-ին եւ 2018-ին:

Այլՙ ոչ քրդական թեմաներով ֆիլմերից հիշեմ Կարզան Կադերիՙ այս տարի նկարահանված «Trading Paint» (Գույների փոխանակում) ֆիլմը Ջոն Տրավոլտայի մասնակցությամբ, եւ իմ երկու ֆիլմերըՙ 1995-ի «Dance of the Pendalum» (Ճոճանակի պարը) եւ 2013-ի «Chaplin of the Mountains» (Լեռների Չապլինը), որի դերասաններից մեկը քուրդ է, մյուս երկուսըՙ ամերիկացի եւ ֆրանսիացի:

Ինչ վերաբերում է քրդերի մասին ոչ քուրդ ռեժիսորների նկարահանած ֆիլմերին, առաջինը պետք է նշեմ Խորհդային Հայաստանից ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Զարե» (1926) ֆիլմը: Իսկ միջազգային ճանաչման արժանացած առաջինըՙ թուրքերենով նկարահանված «Յոլ» (Ճանապարհ) ֆիլմն է, որը ցուցադրվել է Կաննում 1982-ին:

«Զարեն» համր կինոյի ժամանակներում է նկարահանվել Հայաստանում եւ ներկայացնում է քուրդ-եզդիական սիրո մի նուրբ պատմություն, որտեղ Սայդոնՙ քուրդ աղքատ հովիվը (Հրաչյա Ներսիսյան) սիրում է Զարեին (Մարիա Տենազի), որի գեղեցկության հանդեպ անտարբեր չէ քրդական ցեղապետ Թեմուր-Բեկը: Վերջինս խոչընդոտներ է ստեղծում, բայց վերջում հաղթանակում է սերը: «Զարեն» համարում եմ քրդական կենցաղին վերաբերող առաջին ֆիլմը:

«Զարեին» հաջորդեց մեկ այլ համր ֆիլմՙ «Քրդեր-եզդիները», նկարահանված 1933-ին Ամասի Մարտիրոսյանի կողմից: Այն պատմում է Խորհրդային Հայաստանի քրդական մի գյուղում կոլտնտեսություն հիմնելու մասին: Երկուսն էլ պահպանված են Հայաստանի ազգային կինեմատոգրաֆիայի արխիվներում:

Քրդերի մասին մի տասնյակ ֆիլմեր էլ նկարահանվել են Իրանում 1960-ականներից սկսած: Դրանց թվում են «Դալահուն» (Սիյամակ Յասամիի, 1967) նկարահանված Քիրմանշահի Դալահու լեռներում, «Սադեք անունով քուրդը» (Նասեր Տեղվարիի, 1972), «Աբու Յասիմը Լորից», «Քուրդ աղջիկը», «Քուրդ Հուսեյնը» եւ «Քրդիստանի ձիավորները»: Դրանք մեծ մասամբ էժանագին թրիլերներ են կամ ուռճացված մելոդրամաներ: Բայց ամենահատկանշականը Բոմբեյում Խան Բահադուր Արդաշիր Իրանիի կողմից նկարահանված «Աղջիկը Լորից» (1933) ֆիլմն է, որ քրդական նահանգ Լորիտանն է ներկայացնում որպես գողերի ու ավազակների վայր: Հետաքրքրականն այն է, որ Հնդկաստանում պատրաստված այդ ֆիլմը, որ ծանոթ է նաեւ «Երեկվա եւ այսօրվա Իրանը» խորագրով, առաջին պարսկերենով նկարահանված ֆիլմն է: Պետք է նշեմ, որ վերջին շրջանի իրանական ֆիլմերում քրդերը ավելի դրական ձեւով են ներկայացված, ինչպես օրինակ Աբբաս Քիառոստամիի «Քամին մեզ քշելու է» (1999) եւ Սամիրա Մախմալբաֆի «Գրատախտակներ» (2000) ֆիլմերը:

Ինչ վերաբերում է արեւմտյան երկրների ֆիլմերին, միակ գեղարվեստական ֆիլմը, որ կարող եմ հիշատակելՙ գերմանացի ռեժիսոր Ֆրանց Ջոզեֆ Գոթլիբի 1965-ին նկարահանած «Wild Kurdistan» (Վայրի Քրդիստան) ֆիլմն է, որ քրդերին եւ այլ օսմանյան շրջանի արեւելյան խմբավորումներին ներկայացնում է համաձայն ֆիլմի վերնագրի:

Պետք է ավելացնել, որ քուրդ արվեստագետները բավական մեծ նպաստ են ունեցել իրենց իշխող երկրների կինեմատոգրաֆիայի ոլորտում, հատկապես Իրաքում եւ Թուրքիայում: Դրանց թվում են Յահիա Ֆաիքի «Վարդը» (1956), Կամիրան Հուսնիի «Սայիդ էֆենդին» (1957) եւ «Ամուսնության ծրագիրը» (1960), Հիքմեթ Լաբիբի «Աշնան տերեւները» (1964) եւ Աբդուլջաբար Ուալիի «Զղջում» (1954) ֆիլմերը: Որոշ ֆիլմեր իրենց ավարտին չեն հասել իշխանությունների ստեղծած խոչընդոտների հետեւանքում:

Քրդական մրցանակի արժանացած կինոնկարներից կարելի է հիշատակել Նիզամետտին Արիկիՙ 1992-ին Հայաստանում նկարահանված «Երգ Բեկոյի համար» եւ Տաջիկստանում 1993-ին Մահդի Օմեդի պատրաստած «Թունել» ֆիլմերը:

Ապշեցնող փաստ է, որ Քրդիստանի տարբեր շրջաններում գործող մեր գործընկերներից շատերը խուսափում են իրենց ֆիլմերը ներկայացնել Քրդիստանի պիտակի ներքոՙ պատճառաբանելով, որ մարկետինգի պահանջներից են առաջնորդվում, սակայն ես նման արարքը համարում եմ շփոթեցնող, անբացատրելի եւ անթույլատրելի:

Ցանկանում եմ ավարտել հոդվածաշարի այս հատվածըՙ հիշատակելով 2015-ին տեղի ունեցած մի դեպք, երբ Հոլիվուդի արտաքին լրատվության ասոցիացիան (HFPA) «Մեկ մոմ, երկու մոմ» ֆիլմը ներկայացրեց «Ոսկե գլոբուսի» մրցանակաբաշխությանը, այն ցուցակագրվեց որպես իրաքյան ֆիլմ, եւ միայն իմ համառ ջանքերի շնորհիվ հետագայում ասոցիացիան համաձայնվեց իմ ֆիլմը ներկայացնել «Քրդիստան» պիտակով: Ես, անշուշտ, Իրաքի դեմ ոչինչ չունեմ, բայց պարզապես ցանկանում եմ ամեն ինչ իր ճշգրիտ տեղը դնել: Իրականում Քրդիստանի շրջանում պատրաստված բոլոր ֆիլմերը Վիքիպեդիայում որպես իրաքյան են ներկայացված, որն անթույլատրելի եմ համարում: Որպես ճնշված ազգ մեր պարտքն է ներկայացնել մեր ինքնությունը, որն անքակտելի մասն է որպես որոշակիորեն այլ ազգության պատկանելու մեր իրավունքի:

Խմբ. կողմից.- Հոդվածագիրը թերեւս տեղյակ չէ քրդական թեմայով մեկ այլ ճանաչված ֆիլմի մասինՙ «Վոդկա լեմոնի», որ Հիներ Սալեմը նկարահանել է 2003-ին, Հայաստանում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ