RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2019-06-07 > #023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019



ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Տեղադրվել է` 2019-06-20 21:08:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 858, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՎ... ՔԱՅԼԸ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Թափառող մի լույս իջել է նրա ուսերին, երկար, գեղեցիկ, մազերին, հայացքի մեղմ խոնարհությանը, դալկահար դեմքին:

...կարոտն իմ ի երաժշտության

գործիք է եղե՜լ

քո անունով է երաժշտության

Հոգեւոր գործիքը:

Գրիգոր Տարագճյանը ծնվել է Լիբանանում, յոթ տարի սովորել է Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանում, ուսումը կիսատ է թողել, գնացել է աշխատելու, զբաղվել է ոսկերչությամբՙ ձգտելով կատարելության հասցնել արհեստը, ինչպես իր ապրած յուրաքանչյուր քայլ է փորձում անելՙ բյուրեղացող հոգու բանաստեղծությամբ: Բնակության է տեղափոխվել Հայաստանՙ հայրենիքի նկատմամբ տարօրինակ սիրուց: Սերն է շարժիչ այն ուժը, որ նրան դիմակայելու, դիմադրելու զորություն է տալիսՙ մեզանից շատ տարբեր այլընտրանքային իր ճանապարհն անցնելու: Կամավոր ընտրած ես-ի հոգեւոր ընթացք, դժվարությունների մի ուղի, որ հակասությունների այս իրականության մեջ հոգեմաշ ապրումների կարող է նաեւ տանել, եւ, այո, միջավայրի, սովորույթների, ընդունված կարգուսարքի մտայնությամբՙ անհամատեղելի, ավելինՙ հակացուցված լույսի միջով անցնող մարդուն:

...Ամեն դեռ չեղած կատարյալ

բան ոչնչանալուց հետո

կրկի՛ն

քեզ եմ եւ

քեզ եմ ուզում

դու արի՜ եւ մնա՜

Թող հայածին արեւդ ծագի՛

եւ օրհնի ինձ...

...Երբ խոսում է, գրիչդ ցած պիտի չդնես,- այդքանը մտապահել չի լինում, - պիտի գրառես, պիտի մտորես, պիտի զգաս: Բառըՙ խոսքը կարծես վերեւից իջնում, հանգչում է նրա սրտին, լեզվին, հանդարտ, մեղմ, մտածված, երբեմն աքսիոմատիկ- բանաձեւային, կարծես փոխանցող է, կապավոր: Յուրաքանչյուր բառՙ ճիշտ իր տեղում, զգացված, իմաստավորված, ապրված:

Նա բաց ու փակ տարածքում ապրում է միատեսակ, հաստատակամ է, գիտակցված, իր յուրաքանչյուր վերաբերմունք արտաքին աշխարհին իմպուլսիվ է, զգայական ու կշռադատված, հանուն մարդու է, մարդկայինի, ստեղծարար կյանքի: Միտքը քամու շարժման մեջ է, ձայնը անձրեւի երգի, աչքըՙ լույսի հետագծին: Բանաստեղծ է:

Միսաք Մեծարենցի բանաստեղծության աղոթքն այս ձայների մեջ է, այստեղ Ինտրայի խոհն է ու Դուրյանի տրտունջը, Վարուժանիՙ լույսին գնացող ցորյանի ոսկին, - արեւմտահայ բանաստեղծության փայլը, հմայքը, գեղեցկությունը Բառի: - Ինքը չգիտի:

Պատահական հանդիպում չի լինում, կյանքի թելերը հատվում են կանխագծված: Երբ կարծում ես, թե այլես դադարել են ժխորի մեջ լսվել մաքուր ձայներ, նրանք մարել կամ սեղմվել են կոկորդում, հասկանում ես, որ սխալվել ես. բացվում է հորիզոնը, գալիս են մարդիկ, անհրաժեշտությունը ի հայտ է բերում նրանց, ու թե բախտավոր եսՙ հանդիպում ես: Քիչ են, բայց կա՛ն: Նրանք, որ կարող են լսել անանձնական ուրախության ձայնը.- ես արդեն երկուսին գիտեմ, մեկըՙ մոտ, մյուսըՙ քիչ հեռու:

Գրիգորը այս տողերի կարիքը չունի, սակայն Հայաստանի սիրույն օտարությունից, ընտանիքը, մորը, հարազատներին թողած, հայրենիք վերադարձած հայ երիտասարդը երբ խոսում է երկրի ու մայրենիի մասին այսպիսի խնկարկումով, տեղի յուրաքանչյուրՙ ամենաաննշան թերությունն անգամ տեսնելով եւ իր ձեւովՙ մեղմորեն, խոսքի զուսպ տոնով, ասկետիկ ապրելակերպի իր օրինակով այն շտկելու մղումով ու ջանքով, եւ երբ հարց է ուղղում ինքն իրեն, թե ինքը ի՞նչ է տալիս հայրենիքին ու պատասխանն էՙ «Ես բանաստեղծություն եմ գրում հայերեն լեզվի համար»,- ոչ թե հայերեն լեզվո՛վ, այլՙ հայերեն լեզվի համա՛ր,- կանգ ես առնում մի պահ: Այսինքն, նա վերաստեղծում է մայրենին, նա մեր լեզվին բերում է իր հույզը, անհատական հոգեւոր փորձը, իրեն տրված շնորհի, իր զգացողության, ապրումի բանաստեղծացումը, իր հոգու շողարձակումը:

Ասում ենՙ

Ինչպես ես

Դիմանում

Հայաստանում,

...Ինչպես

Սեփական

Սիրտը

Թոքերում:

Գրիգոր Տարագճյանը բանաստեղծությունների երկու ժողովածու տպագրել էՙ «Արգելված չէ խենթանալ» եւ «Եթե երկու սիրտ ունենամ անգամՙ քեզ եմ սիրելու»:

Մենակյաց ասկետին բնորոշ խստակենցաղ ապրելակերպ ընտրած երիտասարդը իրերի աշխարհին եթե ոչ անհաղորդ, բայց եւ կարեւորություն չի տալիս: Իր փոքրիկ կացարանում դրանց ներկայությունը նվազագույնի է հասնում, կենսականորեն ամենաանհրաժեշտը, բայց իհարկեՙ Աստվածաշունչը, Նարեկը, գրաբարի բառարաններ եւ էլի ուրիշ գրքեր, ու տետրեր, տետրեր, բազմաթիվ, արկղների մեջ սեղմվածՙ համաչափ, գեղեցիկ ձեռագրով հայատառ իր քերթվածքները, որ հուսանք մի օր գրքի տեսք կունենան, կտպագրվեն, դուրս կգան նեղ պատերից, կդառնան նաեւ մերը:

Իր համար բառը հաց է, նա շատ ուշադիր է արտաբերված յուրաքանչյուր խոսքին, ոչ միայն իր, նաեւՙ դիմացինի: Բառը գեղարվեստական կերպարանք առնում է, թվում է տարերայնորեն, բանավոր խոսքի ընթացքում, միանգամից ու գրի է առնվում: Կարծես դադար չկա, հոսք է, ու դա գեղեցիկ է, քանի աֆորիստիկ է, խտացված է, միտքը եւ հույզը միաձույլ են: Ասես որսում է օդի մեջ թափառող մտքերը, գույները, որովհետեւ լսելու եւ տեսնելու նուրբ կարողություն ունի: Շնորհը ի վերուստ է, ստացածը վերադարձնում է նույն պահինՙ ապրած կյանքի ամեն ակնթարթը իմաստավորելով, հարստացնելով եւ փոխանցելով. - եւ սա ամենակարեւորն է...

Տերեւի շարժումից, անհայտ երեխայի սահմռկեցնող ողբերգությունից մինչեւ փողոցի անտունը կամ մի փետրավոր ու կենդանի, հայացքի ներքո են, ուրիշի ցավին կարեկից, անծանոթըՙ ծանոթ եւ ծանոթն անծանոթ է նրան: Այդպիսին է, հաղորդակից է, զգայուն է, մտածող է, խենթ է... Չնայած բանաստեղծական նուրբ ելեւէջումներով ներաշխարհին, միաժամանակ զինվորականի տոկունություն ու ներքին ամրություն ունի, սկզբունքները չզիջելու, արժանապատվության սուր զգացումով կյանքը ապրելու հաստատակամությունՙ հորից ժառանգած խառնվածքի գծեր... եւ ինչ խզված կարոտ կա ձայնում, երբ հիշում է նրան...

Լուսավոր խոհականություն, այսպես կարելի է բնորոշել հոգեկան այն վիճակը, որտեղ նա ապրում է, մտախույզ, զգայող, որի միջով նաեւ անց է կացնում կյանքի ստվերոտ կողմերն ու մարդու բնույթի ճմռթված ծալքերն ու շերտերը, ու հետաքրքրական է այն ձեւը, որ գտել եւ գործադրում է փոխելու դրանք, նաեւՙ սեփականը: Նա խոսում է մարդկանց հետ, բացատրում լավ ու վատըՙ փողոցում, խանութում, այգում, կանգառում, գործածում է նաեւ ֆեյսբուքյան հաղորդակցման միջոցը:

Ապրում է դժվար. կյանքի, ապրուստի համար նվազագույն անհրաժեշտությունների, ամենահամեստ կացարանի կարիքով: Նայում ես ու ափսոսում: Որտե՞ղ են թափվում այսքան միջոցները նյութական աշխարհի, ի՜նչ զուր վատնումներ, անհեթեթ շռայլումներ, երբ այնքան կարիք ու կարոտ կա շուրջը: Անմիտ կուրություն մարդու. կամ թե ձեւացնում ենՙ չտեսնել տալով, չփորձելով ձեռք մեկնել ըստ հարկիՙ ոչ միայն սոսկ կարիքավորին, այլ հե՛նց Արժանավորին, ստեղծարար մարդուն, բառը արարողին, աշխարհին գույն ավելացնողին, ժամանակը իմաստավորողին: (Հուսանքՙ արձագանքողներ լինեն):

Ախր, բանաստեղծի նրա աչքը լույսին է, կենարար հացը, սնունդը ստանում է Սուրբ գրքից, ու ստացածը լիուլի բաշխում: Իր խոսքը շարունակական է, բառը հոսում է տարերքի պես բնական, ջրի պես կենարար: Զգալ է պետք, լսել, գնահատել է պետք: Տպավորություն էՙ ասես ձուլված է օրվան, անձրեւին, տաքին ու ցրտին, հովին, տերեւին... Մեծարենցի պես:

Բանաստեղծությունըՙ հոգեկան ապրումների, խոհի, մտորումների արտահայտության այս միջոցը իր համար կենսաձեւ է, իր հետ է ամեն պահի, արթուն թե կիսարթուն, որովհետեւ ասում է, թե դրանց սահմանն էլ չգիտի... Այն արժեւորված է հոգեւոր սկզբի նշանակությամբ ու գիտակցմամբ.- ահա թե ինչու է նա բանաստեղծությանը խնկարկում ու զարմանում, որ բանաստեղծին չեն հասկանում, չեն գնահատում: Ու հենց դրա մեջ է արտացոլվում, արձագանքվում, բացահայտում իրեն, վերադառնում դեպի սկիզբըՙ իր եւ մեր...

...Այս է մնացել

հիմա ինձ թթվածին...

Այսպես նվագեց

առեղծված սրտիս

հետապնդված վերքե՛րը

Հույսը կորցրած աշխարհի

Մոռացկոտ

հիշողության մեջ...

Գրիգոր Տարագճյանի բանաստեղծության, բառի, իր ներսի ծավալվող տարածություններում Լույսը քայլում է իբրեւ բացարձակ Ճշմարտություն, իբրեւ բաց տեսողություն հավատավոր խոնարհության, որպես «հոգեւոր արտասուք» - իր միջամտությո՛ւնն է:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ