ՀԱՅԵՐԵՆԻ ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԵՐԿԱԿԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես Խզում կանոնների սահմանման եւ կիրառության միջեւ Երեւի ոչ մի լեզու այնքան առատ չէ կետադրական տարաբնույթ կանոններով, զուգաձեւություններով ու բացառություններով, որքան հայերենը: Եվ այս ամենի հետ միմյանց հակադրվող գիտական տարաբնույթ տեսակետների ու կարծիքների պակաս չկա: Շատ հարցերում լեզվաբանների կարծիքները խիստ տարբեր են, եւ յուրաքանչյուրը համոզված է իր պնդման մեջ: Մասնագիտական խոր իմացություն եւ նուրբ լեզվազգացողություն է պետք անվարան նավարկելու մայրենիի կետադրության բավիղներում, որ սեղմվել է քերականական խիստ կանոնների ու կաղապարների մեջ: Վերջին տասնամյակում հայերենի կետադրության մեջ հստակեցումների ու նոր կանոնների սահմանումը, անկասկած, նպատակ ունի մեղմացնել այն անհեթեթ իրավիճակները, որ հաճախ առաջանում են հայերենի ընդունելության քննությունների ժամանակ: Առաջներում ընդունելության քննությունների բողոքարկումների ընթացքում անարդարացի, ոչ ճիշտ որոշումներ կայացնելու հավանականությունը մեծ էր, եւ եթե հանձնաժողովի անդամները լեզու չէին գտնում դիմորդի բողոքարկած որեւէ հարցի շուրջ, բացառված չէր կամայական որոշման կայացումը եւ հաճախՙ ոչ դիմորդի օգտին: «Վերջին տարիների ընթացքում կետադրության կանոնները շատ են փոխվել: Խիստ կանոններ են սահմանվել, համարյա վիճելի բաներ չեն մնացել, եւ կարողանում ես դրանցով կողմնորոշվել»,- ասում է հայերենի երկարամյա ուսուցչուհի Մարինե Եփրեմյանը Արտաշատ քաղաքից: Սակայն լեզվական բոլոր իրողությունները հնարավոր չէ կաղապարի մեջ դնել, եւ ուսուցչուհին մատնանշում է նաեւ այլ հանգամանք. «Հաճախ է լինում այնպես, որ լեզվական երեւույթը քերականական որեւէ կանոնի տակ չի մտնում եւ ստիպված ես առաջնորդվել բացասման սկզբունքով: Ես իմ աշակերտներին հենց այդպես էլ ասում եմՙ տվյալ օրինակը մտնու՞մ է որեւէ կանոնի մեջ, դնում ես, ասենքՙ տրոհության որեւէ նշան, չի՞ մտնում ոչ մի կանոնի մեջ, չես դնում»: Այնուամենայնիվ նոր կանոնները հաճախ գրավոր խոսքում ծայրահեղությունների առաջացման պատճառ են դառնում, խոսքը ծանրաբեռնում կետադրական նշաններով եւ դրանք հայտնվում են այնպիսի տեղերում, ուր առանց իրենց էլ կարելի էր յոլա գնալ: Առաջներում կարճ, փոքր դերբայական դարձվածը կարելի էր տրոհել, կարելի էր ոչ: Հիմա ընդունվել է միայն տրոհելու տարբերակը: Համաձայն քերականական նոր կանոններիՙ տրոհվում են զեղչված դերբայով, չափազանց կարճ դարձվածները, որոնց գերադաս անդամը ոչ թե դերբայ է, այլ գոյական, ածական կամ այլ խոսքի մաս: Օրինակՙ Հայրիկն այդ ո՞ւր է գնումՙ կացինը ձեռքին —- (ձեռքին բռնած- զեղչված է բռնած դերբայը): Ձեռքերը գրպաններումՙ կանգնել էր ու չէր խոսում - (գրպանններում պահած): Շարունակում են տիրապետող մնալ նաեւ տարբեր կետադրական կանոնների վերաբերյալ տարակարծություններն ու զուգաձեւությունները: Համարվում է, որ բացի բացառման, հիմունքի, զիջման կապերից լրացյալին կապով կամ կապական բառով միացած դերբայական դարձվածները չեն տրոհվում: Սակայն պատճառի պարագա, նպատակի դերբայական դարձվածները ետադաս դիրքում կապի հետ կարելի է ե՛ւ տրոհել, ե՛ւ ոչ: Երկու տարբերակն էլ ճիշտ են համարվում: Մի այլ դեպքում (ըստ Յու. Ավետիսյանի եւ Հովհ. Զաքարյանի հեղինակած համատեղ ձեռնարկի) կապական նպատակի պարագա եւ վերջադաս դերբայական դարձվածը տրոհվում է միայն այն դեպքում, եթե ստորոգյալին չի հաջորդում, ինչպեսՙ Տիգրանը դուրս եկավ փողոցՙ գիշերվա զովը վայելելու համար : Մեկ այլ հայտնի լեզվաբանիՙ Լեւոն Եզեկյանի ձեռնարկում նման դեպքի համար տրոհում չի մատնանշվում, ինչպեսՙ Նա գնաց տուն հանգստանալու : Բայց այս եւ էլի այլ կանոնների, բացառությունների ու զուգաձեւությունների մասին դպրոցական դասագրքերում եւ կետադրական ձեռնարկներում տեղեկատվություն չկա կամ սուղ տեղեկություններ են ամեն ինչի վերաբերյալ: Միասնական կետադրական ձեռնարկ չկա, օրենքներն ու կանոնները, տարընթերցումներն ու տարակարծությունները ցրված են դասագրքերում, շտեմարան ուղեցույցներում, գիտական ուսումնասիրություններում ու հոդվածներում եւ իսկական շիլաշփոթ կարող են առաջացնել լեզվակիրառողի համար, եթե նա փորձի ճամփա գտնել այդ լաբիրինթոսում: «Իմ կարծիով, հայերենում չափազանց շատ են կետադրական նշաններն ու քերականական կանոնները, հանգամանք, որը դժվարություններ է առաջացնում գրավոր խոսքում: Ռուսերենում կամ անգլերենում, օրինակ, նման առատություն չկա: Քիչ կետադրական նշաններ ունեն եւ դրանով բավարարվում են: Ինչ կարիք կա այսքան մանրակրկիտ սահմանազատումներ անել տրոհության նշաններիՙ բութի, ստորակետի կամ միջակետի համար: Մյուս կողմից մամուլում, նաեւ տպագիր, արդեն խմբագրված գրքերում քերականական կանոնների կիրառման ազատություն է, ով ինչպես ճիշտ է համարում, կետադրում է կամ կետադրում է իր իմացած, սակայն շատ դեպքերում արդեն փոփոխված կանոններով: Բայց եթե ընդունելության քննություն հանձնողը նույն սկզբունքով կետադրի, հաստատապես դուրս կմնա մրցույթից»,- ասում է Կարինե Շարմազյանը ՙ մեկ այլ բազմավաստակ ուսուցչուհի Սպիտակ քաղաքից: Անկասկած նման իրավիճակում միայն դասագրքային կետադրության տեղեկություններով առաջնորդվող սովորողը չի կարող լիարժեք բավարարել հայերենի ընդունելության քննություններին ներկայացվող պահանջները: Երբեմն նոր կյանք մտած կանոնների քաջ իմացությունն անգամ կարող է չօգնել: Եվ եթե բութ կամ ստորակետ դնելու անհրաժեշտություն ես տեսնում, բայց քո օրինակը չի մտնում արդեն սահմանված կանոնների մեջ, պիտի հրաժարվես, չնայած լեզվի քո զգացողությունը հուշում է, որ ստորակետի կամ բութի կարիքը կա: «Առաջներում լավ էրՙ տերմինաբանական կոմիտեն հաճախակի որոշումներ էր կայացնում եւ անպայման տեղեկացնում դրանց մասինՙ առաջ այսպես է եղել, հիմա այսպես պիտի լինի: Հիմա ավելի շատ զբաղված են բառերի հայերեն համարժեքներ ստեղծելով», - իր դիտարկումներն է հայտնում Մարինե Եփրեմյանը: Այս պայմաններում գրավոր հայերենի ամենօրյա սպառողներըՙ տպագիր մամուլն ու գրահրատարակչությունները, շարունակում են ապրել կետադրական փոփոխություններից ու այս ասպարեզում տիրող մենամարտերից հեռու, ինքնուրույն կյանքով ու օրենքներովՙ հետեւելով լեզվազգացողությանը կամ հին կանոններին: Քերականական կանոնների համաձայնՙ եղանակավորող բառերը (վերաբերականներ), շաղկապները բութով չեն տրոհվում, բայց եթե աչք ածենք մեր մամուլի հրապարակումները, քերականական այս կանոնի համատարած խախտումներ են: Նույնկերպ սխալներով առատ են քերականական այլ անդամների` ստորակետներով ու բութերով տրոհումների օրինակները: Գրքեր են տպագրվում, մամուլում ամեն օր նյութեր են հրապարակվում հին կանոններով ու լեզվազգացողությամբ, եվ ստացվում է, որ քերականական կանոնները սահմանվում ու պարտադրվում են միայն ուսուցիչներին եւ ընդունելության քննություններին պատրաստվող շրջանավարտներին: Ընդունելության քննություններն ընթացքի մեջ են: Շրջանավարտները հերթական փորձությունը դիմագրավում են զուգաձեւություններով, բացառություններով, տրոհության նշանների հստակված ու չհստակված կանոններով հայոց լեզվի քննական թեսթերի խութերն ու թակարդները հաղթահարելով: |