ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՍԵՆՅԱԿՈՒՄ Գ.Գ. Սովետական շրջանում ակտիվ շրջանառության մեջ է եղել մի անեկդոտ, որում ասվում է, թե հայերը դիմում են Մոսկվային, թե ինչու՞ չունեն ռազմածովային նախարարություն: Մոսկվան պատասխանում է, որ ծով չունեք, այդ իսկ պատճառով չկա նաեւ տվյալ նախարարությունը: Փոխարենը հայերը պատասխանում են, թե այդ դեպքում Ադրբեջանը ինչո՞ւ ունի մշակույթի նախարարություն: Այս հպարտ եւ ակնածանքի առիթ տվող զավեշտը մեր օրերում հուզիչ, դրամատիկ եւ ոչինչ չխոստացող դիպվածի է վերածվել: Կեցցե~ մեր իշխանությունը, որ մեզ հավասարեցնում է Բաքվի մակարդակինՙ զրկելով մեր կարեւորագույն գենետիկ ժառանգությունիցՙ մշակույթից: Ինչպե՞ս կարելի է իրականացնել նման հիմար, անհեռատես արարք, ինչպե՞ս խտացնել ամբողջ մշակույթի նախարարությունը ընդամենը մեկ սենյակի մեջ: Գուցե ձեզ, մի քանի անփորձունակ պաշտոնյաներիդ, այնքան էլ կարեւոր չի թվում այդ նախարարության առանձին դերը, կոչումը մեզ համար, դա ինքնին պարզ է, բայց իմիջիայլոց ասեմ հենց ձեզՙ անմշակույթ դիպլոմավորներիդ, որ մշակույթի նախարարության գործառույթը երկրի ներսում նույնն է, ինչ պաշտպանության նախարարությանը երկրի վերջույթներում: Ամբողջ նախարարությանը մեկ սենյակի վերածելը ինչո՞վ կբացատրեք: Մենք չունե՞նք արդյոք բավականին մշակութային «հումք», կամ եղած «չնչինը» չարժե՞ ամեն գնով պահել ու վեր բարձրացնել: Վերջիվերջո դուք պարզապես տեղյակ չեք, որ Գրերի գյուտից անմիջապես հետո մենք առավել քան մշակութային ազգ դարձանք եւ մեզ համար եղածը պահպանելն ավելի բարդ խնդիր դարձավ, քան ստեղծելը նույնիսկ: Ո՞րտեղից պետք է իմանայիք, հարգարժան «կրճատողներ»: Իմացողն այդպիսի ողորմելի նախաձեռնություն չէր սկսի: Ի դեպ այս գործողություններին զուգահեռ սկսվեցին դադարեցվել ֆինանսավորումներըՙ պատմություն կերտած եւ անվանի մանկապատանեկան ու երիտասարդական մի շարք թերթերի, հանդեսների, որոնց գոյություն չունենալը դեռ իր անդառնալի հետքը կթողնի հայ իրականության վրա: Իսկ նախարարության «փակելը» ոչ միայն ապտակ էր ողջ մշակութային հանրույթին, այլեւ ապագային առնչվող խոստումների ի սպառ բացակայություն: Հ.Գ. Մեսրոպ Մաշտոցին ինձ թվում է գիտեք, հարգելիներս: Մաշտոցը, երբ իր փառահեղ առաքելությունն ավարտեցՙ սկսեց մեկ ուրիշը, ոչ պակաս փառահեղըՙ թարգմանեց առաջին հայերեն նախադասությունը. «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Իսկ ահա այս նախադասությունը մեր մշակութային գենետիկ կոդավորումն է, մեր միակ ժառանգությունըՙ սեր առ իմացություն: Եվ ահա՛ դուք մշակույթի նախարարությունը պարզապես մեկ սենյակի մեջ եք խտացնում: |