ՄԻ ՀԱՅՈՒՀԻ ԵՐԿԱՐԱԳՈՒԼՊԱ ՊԻՊԻ.... 14-ՐԴ ԴԱՐՈՒՄ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Ինձ հայտնի չէ, թե շվեդական եւ համաշխարհային մանկագրության ամենահայտնի հերոսուհիներից մեկիՙ Երկարագուլպա Պիպիի մասնագետները գրե՞լ են արդյոք հանրահայտ հերոսուհու հնարավոր նախատիպ(եր)ի մասին եւ կամ ի՛նչ զուգահեռներ են անցկացրել պատմական կերպարների հետ: Սակայն 14-րդ դարի հայոց պատմությունից հայտնի է մի անանուն հերոսուհի, որի արարքները բավականաչափ հիշեցնում են 20-րդ դարում Աստրիդ Լինդգրենի ստեղծած աղջնակի սխրանքները... Լինդգրենի գրքի ամենահիշարժան էջերից է կրկեսի տեսարանը, երբ Պիպին մենամարտում է աշխարհի ամենաուժեղ մարդը համարված Ուժեղ Ադոլֆի հետ եւ հաղթում է նրան: «...Պիպին.... գնաց ուղիղ դեպի Ուժեղ Ադոլֆը: Բռնեց նրա հսկա ձեռքն ու սրտանց թափ տվեց : - Դե արի ես ու դու մի քիչ ըմբշամարտենք,- ասաց Պիպին : Ուժեղ Ադոլֆը նրան նայեց եւ ոչինչ չհասկացավ : - Մի րոպեից հարձակվում եմ,- նախազգուշացրեց Պիպին : Ասաց ու արեց: Ամուր բռնեց Ուժեղ Ադոլֆին, եւ նախքան մարդիկ կհասկանային, թե ինչ է կատարվում, պառկեցրեց գորգին: Ուժեղ Ադոլֆը վեր թռավ. դեմքն ամբողջությամբ կարմրել էր : ....Կրկեսի տնօրենը, պատնեշին նստած, կատաղությունից չգիտեր ձեռքերն ինչ անել: Իսկ Ուժեղ Ադոլֆն է՛լ ավելի կատաղած էր: Ողջ կյանքում նրան այդքան նվաստացուցիչ բան չէր պատահել: Եվ այժմ նա պատրաստվում էր ցույց տալ այդ կարմրամազ աղջկան, թե ո՛վ է Ուժեղ Ադոլֆը: Նա սլացավ դեպի Պիպին եւ ամբողջ ուժով գրկեց նրան: Բայց Պիպին ժայռի նման կանգնած մնաց : - Դե ցո՛ւյց տուր ուժդ,- խրախուսում էր Պիպին: Հետո դուրս պրծավ նրա գրկից, եւ մի ակնթարթում հսկան նորից հայտնվեց գետնին: Պիպին կողքը կանգնած սպասում էր: Հակառակորդը երկար չսպասեցրեց: Նա կատաղի մռնչալով բարձրացավ եւ նորից հարձակվեց Պիպիի վրա : Հանդիսատեսների բազմությունը ոտքերով խփում էր գետնին, գլխարկները օդ նետում ու գոռում. «Պի՛պի, քե՛զ տեսնենք»: Երբ Ուժեղ Ադոլֆը երրորդ անգամ սլացավ նրա վրա, Պիպին նրան վեր բարձրացրեց եւ այդպես ձեռքերի վրա պահած մի պտույտ կատարեց: Հետո վայր դրեց նրան, բայց բաց չթողեց» (Աստրիդ Լինդգրեն, Երկարագուլպա Պիպի, Երեւան, «Զանգակ», 2013, էջ 87-88, թարգմանությունըՙ Աշխեն Բախչինյանի): Երեւանյան Մատենադարանի թիվ 515 ձեռագիրը պատմում է 1387 թվականին Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում տեղի ունեցած մի իրադարձության մասին: Իսմայելացի մի ըմբիշ գալիս է Սսի իշխանի մոտ եւ գրազ գալովՙ պահանջում է, որ իրեն մենամարտի համար մեկի տրամադրեն: Այդ մեկը լինում է Կիլիկիայի ռազմական գործիչ Լիպարիտի հիսնամյա քույրը, որը ծնկի է բերում ըմբիշինՙ կյանքից զրկելով նրան եւ որպես պարգեւատրում ստանում է հարյուր լիտր բամբակ: Եգիպտոսի սուլթանն իմանալով, որ պատերազմում կիլիկյան քաջերից շատերն արդեն զոհված են, թագավորի մոտ է ուղարկում քառասուն ըմբիշՙ իմանալու, «թե արդյոք Սիս քաղաքում կա՞ն ուրիշ քաջեր եւս... Ըմբիշները գալով թագավորի մոտ` ասում են. «Եգիպտոսի Սուլթանը մեզ ուղարկեց քեզ մոտ, որպեսզի գոտեմարտենք քո քաջերի հետ»: Թագավորը պատասխանում է. «Թող այդպես լինի»: Այնուհետեւ կանչում է իր երկրի բոլոր բնակիչներին, բայց նրանց մեջ չի գտնվում այնպիսի մեկը, որն ի վիճակի լիներ դուրս գալ ըմբիշների դեմ: Այդ ժամանակ թագավորը հիշում է, որ իր երկրում կա ուժեղ ու քաջարի մի աղջիկ, որի մասին առասպելներ են պատմում: Հրամայում է գտնել նրան եւ բերել ասպարեզ: «Եկան քառասուն ըմբիշները եւ աղջիկը նրանց հետ գոտեմարտեց: Նախքան գոտեմարտելը` աղջիկը ամենամեծ ըմբիշին (ըմբշապետին) ասում է. «Ես կին եմ, իսկ դու տղամարդ ես. պատշաճ չի մեզ միմյանց հետ գոտեմարտել: Երեք անգամ ուժով դու եկ ինձ վրա, երեք անգամ ես կգամ քեզ վրա...»: Եվ մեծ ըմբիշը երեք անգամ եկավ աղջկա վրա եւ չկարողացավ հաղթել: Դրանից հետո աղջիկը հարձակվեց մեծ ըմբշապետի վրա, բարձրացրեց մեկ ձեռքով եւ հաղթեց: Մարդ ուղարկեց թագավորի մոտ, թե` սպանե՞մ արդյոք, թե գցեմ գետին: Թագավորը պատասխանեց, թե կին է, թող հոգին հանի : Այս ամբողջ ժամանակ, մինչ հարցումը գնաց եւ պատասխանը ետ եկավ, ըմբիշը գտնվում էր աղջկա բարձր պահած բազկի վրա: Թագավորի պատասխանը լսելովՙ զարկեց գետին եւ սպանեց նրան : Բոլորը զարմացան, իսկ մյուս երեսունինը ըմբիշները այլեւս չեկան, որովհետեւ վախեցան եւ ամոթով ետ դարձան Սուլթանի մոտ ու պատմեցին եղելությունը: Թագավորը եւ իշխանները աղջկան մեծամեծ պարգեւներ տվեցին: Մի ժամանակ այդպիսի քաջեր էին գտնվում Սիս քաղաքում եւ Կիլիկիայում, իսկ հիմա մենք զրկված ենք թե՛ թագավորներից եւ թե՛ իշխաններից : Այս եղավ 1387 թվականին» : Սույն հատվածը թարգմանաբար մեջբերել է ազգագրագետ Վարդ Բդոյանը 1980-ին հրատարակած իր «Հայ ժողովրդական խաղեր» ժողովածուի երկրորդ հատորում (էջ 70-71): Անշուշտ, Աստրիդ Լինդգրենը չէր կարող իմանալ 14-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ապրած այս աղջկա մասին, սակայն հետաքրքրական են այս պատահական նմանությունները: Անանուն հայ հերոսուհին մինչեւ գոտեմարտելն սկսելը մեծահոգաբար թույլ է տալիս, որ ըմբիշը երեք անգամ ինքը նախահարձակ լինի. Պիպին զգուշացնում է Ուժեղ Ալբերտին, որ մեկ րոպեից հարձակվելու է: Հայ աղջիկը բարձրացնում է ըմբիշին մեկ ձեռքով, ինչպես Պիպին վեր է բարձրացնում մրցակցին եւ այդպես ձեռքերի վրա պահած պտույտ է կատարում: Պատահական նմանություն է նաեւ այն, որ հայ աղջիկն ըմբշամարտում է եգիպտացու (արաբի) հետ, իսկ կրկեսում հայտարարողի լեզուն չհասկանալովՙ Պիպին հարց է տալիս, թե նա հո արաբերե՞ն չի խոսում... Թեեւ տվյալ դեպքում գործ ունենք սոսկ պատահական նմանությունների հետ, սակայն նշված իրողությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ գրողի երեւակայության մեջ ծնված կերպարները նույն հաջողությամբ կարող են լինել իրականՙ մինչեւ անգամ առանց հեղինակի իմացության... Ի դեպ, ֆիզիկական ահռելի ուժ ունեցող եւ տղամարդկանց հաղթող կանանց մասին ժողովրդական ավանդություններ ու լեգենդներ կան նաեւ վրացիների մեջՙ Աննա-բաջիի, ծղնեթցի Մայայի, ծավկիսեցի Թինայի եւ վաշլովանեցի Թամրոյի մասին զրույցները (տե՛ս Իոսեբ Գրիշաշվիլի , «Հին Թիֆլիսի գրական բոհեմը», Թբիլիսի, «Մերանի», 1989, էջ 126-128): Հիշենք նաեւ, որ կիլիկեցի աղջկա եւ Երկարագուլպա Պիպիի նման հսկայական ուժի տեր աղջիկներ ապրում են նաեւ մեր օրերում: Լեհ երիտասարդ մարզուհի, ծանր աթլետ Անետա Ֆլորչիկը կարողանում է մեկ րոպեում հինգ թավա ծալել, իսկ երկու րոպեում ձեռքերի վրա իրար հետեւից գլխավերեւում պահել տասներկու հասուն տղամարդկանց... |