RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019



ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Տեղադրվել է` 2019-11-07 19:54:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1203, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ «ԴԵՊԻ ԼՈՒՅՍ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Վարդուհի ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախումբը («Դեպի լույս» երգչախումբը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում) բազմաթիվ համերգների, փառատոների, միջոցառումների է մասնակցել Հայաստանում եւ արտերկրում: Երգչախմբերը համերգային ծրագրերով հանդես են եկել մանկատներում, ծերանոցներում, զորամասերում եւ այլուր: Առանձնահատուկ ոգեւորություն է իրենց պարգեւել Արցախի զորամասերի համերգները: Այս մասին է ստորեւ լույս տեսնող հոդվածը:

Ինձ համար շատ կարեւոր է ազգային արժեքները պահպանելը:Երեխաները պիտի շատ սիրեն իրենց հայրենիքը : Ինձ շատ է ոգեւորում, որ հայ փոքրիկները Հայաստանում եւ արտերկրում սիրով են երգում Հայաստանին, հայրենիքին նվիրված երգերը: «Արեւներ» անսամբլը անցած տարի Ֆրանսիայում, այս տարի Վիեննայում, Պրահայում, վերջերս` Բուլղարիայում երգել է իմ հեղինակած «Իմ քոչարի» երգը, որը նվիրված է Հայաստանին ու հային: Բոլոր մրցութային փառատոներում ընդգրկված է: «Արեւները» բոլոր փառատոներից հաղթանակած են վերադառնում Հայաստան:

2018թ. սեպտեմբերի 10-15-ը եղանք Արցախի զորամասերում. համերգները շատ ջերմ էին անցնում, երեխաները մեծ ուրախություն ապրեցին, երբ զինվորնեը նրանց հետ գրկախառնված պարեցին, երգեցին: Բոլոր զորամասերի կողմից պարգեւատրվեցինք պատվոգրերով: Մեր հուզմունքը ավելի մեծ էր, երբ այցելեցինք եւ համերգ ունեցանք Ստեփանակերտի անհայտ կորածների եւ զոհվածների հուշ-թանգարանում: Երեխաները շատ էին ոգեւորվել: Համերգ ունեցանք նաեւ Իվանյան վարժարանում, որտեղ ապրեցինք հիշարժան պահեր:

Այս տարի շատ էին մեր համերգային ծրագրերը:

Երեխաների համար շատ հետաքրքրական էր ու ոգեշնչող նաեւ Նորքի տուն-ինտերնատի համերգը: Կանանց տոնին նվիրված մարտի 1 1-ին համերգ ունեցանք, երեխաները ծաղիկներ նվիրեցին անյտեղ բնակվող տատիկներին եւ շնորհավորեցին նրանց տոնը: Աննկարագրելի զգացողություններ ունեցանք: Համերգը անցավ շատ բուռն ու ջերմ մթնոլորտում:

Ապրիլին Քառօրյա պատերազմին նվիրված համերգ ունեցանք «Շնորհակալ ենք քեզ, հայ զինվոր» խորագրով Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի դահլիճում: Շատ ջերմ անցավ համերգը: Զինվորները ձայնակցում էին երեխաներին եւ պարում նրանց հետ:

Հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ դահլիճում տեղի ունեցավ «Կանչ» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախմբի «Արեւաշող ժպիտներ» խորագիրը կրող մենահամերգըՙ նվիրված երեխաների պաշտպանության օրվան, Մեծն Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակներին: Երգչախմբերին իրենց ելույթներով ողջունեց Հայաստանի «Հայ արեւ» անսամբլը, նույն ինքը Հանրային ռադիոյի «Արեւիկ» անսամբլը, որը կատարեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանի հեղինակած «Հայաստան» երգը, որը շատ է հնչել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Իրենց ելույթներով երեխաներին ողջունեցին նաեւ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի մենակատար Էդգար Խաչատրյանը , Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, երգչուհի, ջութակահարուհի Անահիտ Գրիգորյանը :

«Համերգը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան, քանի որ մեր Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնըՙ ի դեմս երկարամյա տնօրեն, ներկայիս գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանի , հունիսի 1-ին անցկացրեց փողային նվագախմբերի 15-րդ հանրապետական շքերթ-փառատոնըՙ նվիրված Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում եւ հարակից բնակավայրերում: Մեր մենահամերգը տեղի ունեցավ հունիսի 8-ին, բայց կարծում եմ երեխաների օրը կարող ենք նշել ամեն օր, ամեն օր պետք է տոն լինի նրանց համար: Համերգային ծրագիրը բազմաժանր էր:

Այս տարի հոբելյանական է, քանի որ երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվանՙ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցը 80 տարեկան է: Ապրիլի 29-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում նշեցինք մեծ շուքով: Հունիսի 8-ին նույնպես նշեցինք հարազատ դպրոցի 80 ամյակը: Հնչեցին երգեր Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից ,հայրենասիրական երգեր, իմ հեղինակած երգերըՙ նվիրված Նիկողայոս Տիգրանյանի դպրոցին, երեխաներին, ինչպես նաեւ Սասուն Պասկեւիչյանի «Մեր լեզուն» երգը, որի խոսքերը գրել է Համո Սահյանը : Համերգին ներկա հեղինակը հիացած էր երեխաների ելույթներից: Համերգին ներկա էր նաեւ Կոնսերվատորիայի դասախոս, ժողովրդական արտիստուհի, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը , ներկա էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության պատանի երկրապահները եւ իրենց ղեկավարը եւ այլք:

Ոգեւորված ունկնդիրները ձայնակցում էին երգչախմբին, եւ ջերմ ծափահարությունները մեկ անգամ եւս վկայեցին, որ համերգը անցավ շատ ջերմ մթնոլորտում: Մոտ մեկ ժամ ու կես տեւած համերգային ծրագիրը, որտեղ երգչախումբը բոլոր երգերը միմիայն կենդանի հնչողությամբ էր կատարում, մեկ անգամ եւս կոտրեց այն կարծրատիպը, թե հաշմանդամությունը կարող է խանգարել: Նրանք հասարակության լիիրավ անդամ են:

Հուլիսի 24-ին մասնակցեցինք Վրաստանի Քոբուլեթի քաղաքում միջազգային փառատոնի, փայլուն ելութ ունեցանք: Ժյուրիի բոլոր անդամները, այդ թվում թուրք, մեզ տվեցին ամենաբարձր 10 միավորները, միաժամանակ ծափահարում էին մեզ ելույթի ընթացքում:

Ստացանք ոսկե մեդալ եւ դիպլոմ: Երեխաների համար կազմակերպվեց նաեւ էքսկուրսիա, որի համար շատ շնորհակալ ենք կազմակերպիչներին: Ամենուր նրանք երգում էին, այդ թվում ծովի ափինՙ արժանանալով բազմաթիվ հանգստացողների ուշադրությանը: Երեխաները շատ ոգեւորված էին, ամեն օր համերգ էինք ունենում այն հյուրանոցում, որտեղ անցկացրինք մեր հիշարժան օրերը: Բոլորը հավաքվում էին եւ ուզում, որ մեր երեխաները երգեն:

Մեր աշնանային համերգները նույնպես շատ են: Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի օգնական Դավիթ Դանիելյանը իր ծննդյան տարեդարձը նշեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում երեխաների հետ: Իմ «Դեպի լույս» երգչախումբը ելույթներ ունեցավ եւ արժանացավ ջերմ ընդունելության: Մենք ունեցանք անկրկնելի եւ հիշարժան պահեր:

Հոկտեմբերի 12-ին Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 14 հատուկ դպրոցի երեխաների նկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150 ամյակներին: Այդ օրը նույնպես «Դեպի լույս» երգչախումբը ելույթ ունեցավ:

Հոկտեմբերի 19-20ը «Դեպի լույս» երգչախումբը մասնակցեց «Ներառական պրակտիկաները Հայաստանում» միջազգային փառատոնին եւ փայլուն մասնակցության համար պարգեւատրվեց պատվոգրերով: Շատ ջերմ ընդունելության արժանացանք, օտարկրյա հանդիսատեսը նույնպես անդադար ծափահարում էր մեր երեխաներին: Մենք մեծ բավականություն ստացանք, իսկապես շատ բարձր մակարդակով կազմակերպված փառատոն էր, որը լինելու է ամենամյա:

Բոլորս պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատենք նրանց: Երգչախումբը դեռ շատ է իր ելույթներով հիացնելու հանդիսատեսին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ