ԾՈՎԱԶԱՐԴԻ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆԴՈՐՐԸ ԽԱԹԱՐԵԼՈՒ ՓՈՐՁ Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն-Երեւան Երբ սեպտեմբերի վերջին այցելեցի Բեաթե Քրեմփեի Վիլլիհում բացված ցուցահանդեսին, աչքս որսաց հյուրասիրության մեջ հայկական բաղադրիչըՙ ընկույզով սուջուխը, իսկ ուրախությունս կրկնապատկվեց, երբ գրաֆիկական նոր աշխատանքների մեջ տեսա Նորադուսի մեր խաչքարերի, դրանց տարածքում գուլպա գործող հայ տատիկների դիմանկարներ: Գիտեի, որ Բեաթեն օրեր առաջ է վերադարձել Հայաստանից, ուր Մոնիկա Վերհահն- Մեեսի, Մարտին Հենզելի, Անգելա Հարմայերի, ինչպես նաեւ Արթուր Ասոյանի, Սամվել Ղազարյանի հետ մաս է կազմել Մոնիկա Վերհահն- Մեեսի գերմանահայկական մշակութային փոխանակման հիմնադրամիՙ Երեւանի «Դալան» պատկերասրահում սեպտեմբերի սկզբին բացված միասնական ցուցահանդեսին: Նոյսի քաղաքային իշխանությունների ֆինանսական օժանդակությամբ այս նախաձեռնության հաջորդ փուլը նույն նկարիչների 2020 թվականի ապրիլին Նոյսում բացվելիք ցուցահանդեսը պիտի լինի: Բեաթեն, որ երկրորդ անգամ է ստեղծագործական հարթակ գտել Վերհահն- Մեես գերմանահայկական մշակութային հիմնադրամի Սեւանի ափին գտնվող Ծովազարդի կենտրոնում, ցուցահանդեսից թեեւ գոհ է, սակայն Հայաստանից իր տպավորություններն լիարժեք ուրախ չի պատմում. սեպտեմբերի 3-15-ին Ծովազարդում կեցության ընթացքում իրենց խմբի ստեղծարար անդորրը խաթարել է կենտրոնին հարեւանությամբ ապրող Լադոն, պարբերաբար վեճ ու կռիվ հրահրել: Ստեղծագործական հաճելի մթնոլորտի պակասը զգալի է եղել: Նույնն են հաստատում նաեւ մյուս մասնակիցները: Մեր զրուցակից Մոնիկա Վերհահն- Մեեսը, որ ամեն տարի նվազագույնը երկու անգամ լինում է Հայաստանում, Ծովազարդում, ինձ հետ անկեղծ զրույցում պատմում է, որ դրացինՙ Ղարիբյան Լադոն, խանգարել է հիմնադրամի աշխատանքը, քաշքշուկ հրահրել, դրամ պահանջել, վիրավորել նկարիչ Արթուր Ասոյանին, իսկ տեղի ոստիկանությանը սուտ ցուցմունք ներկայացրել, թե Արթուրը դանակով հարձակվել է իր վրա: 6 հոգանոց խմբից որեւէ մեկն այդ դանակը չի տեսել, փոխարենը ենթադրում են, թե հարեւանը, տեսնելով մշակութային կենտրոնի աշխույժ գործունեությունը, գերմանացի հյուրերի պարբերական ներկայությունն իրենց գյուղում, ֆինանսական ակնկալիքներ կարող է ունենալ: Մոնիկայի պատմելով, տեղի ոստիկանները բարեկիրթ տպավորություն են թողել, բայց կռվարարի հայհոյանքը, անհանդուրժող պահվածքը զսպելու մեծ ջանք ցույց չեն տվել: Լուծման սպասող այս տհաճ միջադեպը սակայն մոռացնել չի տալիս առավել կարեւորըՙ Մոնիկան ուրախությունը չի թաքցնում, երբ պատմում է, որ սկսել են իրականացնել Գեղարքունիքի Գանձակ գյուղի դպրոցներից մեկի դասասենյակների հիմնանորոգումը, իսկ առաջին դասասենյակն ավարտելուց հետո, իրեն ու իրենց խմբին պետական արարողակարգովՙ աղուհացով են դիմավորել գյուղապետն ու դպրոցի տնօրենությունն ու աշակերտությունը: Տարիների ընթացքում պարբերաբար մեր թերթի էջերում պատմել ենք նոյսաբնակ Մոնիկա Վերհահն- Մեեսի գերմանահայկական մշակութային փոխանակման հիմնադրամի մասին, որ 2007 -ից ի վեր երկու երկրներում բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել, նպաստել գերմանացի արվեստագետների, մտավորականների Հայաստան այցին, մեր երկրում ներշնչվելու, ստեղծագործելու առիթ ընծայել: Գրել ենք նաեւ, թե Վերհահն- Մեեսը Հայաստանի մասին բազմաթիվ դասախոսությունների, լուսանկարչական ցուցահանդեսների, համերգների, հայ մշակույթը գերմանացիներին ներկայացնելու շնորհիվ ընդլայնել է մեր երկրի բարեկամների շրջանակը: Նա դրամահավաք կազմակերպելով, գերմանացիների նվիրաբերած միջոցներով Սեւանի ափին գտնվող Ծովազարդ գյուղում կառուցված եռահարկ տունը դարձրել է հյուրընկալ օջախ, ստեղծագործական հարթակ գերմանացի եւ հայ բազմաթիվ արվեստագետների համար: Հայաստանն ու մանավանդ Ծովազարդը բազմիցս հայտնվել են գերմանական օրաթերթերի էջերում: Այս անգամ էլ գերմանացի եւ հայ արվեստագետների Ծովազարդում ստեղծագործական հանդիպման, համատեղ ծրագրերի, Գանձակի դպրոցի հիմնանորոգման սկզբի ու շարունակության մասին հրապարակում է լույս տեսել հոկտեմբերի 23- ին գերմանական «Ռայնիշե փոստ» թերթում: Դրական տպավորության հետ մտահոգություն էլ կա շարադրանքում: «Թեեւ խոչընդոտները մեր ճանապարհին շատ էին, բայց Հայաստանում մեր ժամանակը ստեղծարար ու արգասաբեր եղավ», գերմանական թերթին փոխանցում է Մոնիկա Վերհահն- Մեեսըՙ նկատելով. «2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո կարգը փոխվել է, ոչ ոք հստակ չգիտիՙ ինչն է արտոնված, ինչըՙ ոչ: Մարդիկ չեն ձերբազատվել սովետական, կոռուպտ ժամանակից, վախի մեջ են»: Հիմնադրամի հայաստանյան համակարգող նկարիչ Արթուր Ասոյանը վկայի կարգավիճակում մի քանի անգամ ներկայացել է Գավառի քննչական կոմիտե, հարցաքննվել: Նա չեղարկել է հոկտեմբերի կեսին Գերմանիա մեկնելու իր տոմսը, քանի որ առաջիկայում էլի են կանչելու առերեսման, հարցաքննության, իսկ չներկայանալու պարագայում հետախուզում են հայտարարելու: Ասոյանը ստեղծագործության վրա կենտրոնանալու, Գերմանիայում առաջիկա ցուցահանդեսին մասնակցելու ընթացքից շեղվել է,իր ասելովՙ անորոշ ժամանակով: Գավառի քննչական կոմիտեի ավագ քննիչ Մամիկոն Թորոսյանը «գործի գաղտնիությունից ելնելով» մեզ հեռախոսային զրույցի ընթացքում հրապարակման համար տվյալներ չտրամադրեց: Անորոշը մնաց անորոշ: Ծովազարդի գյուղապետ Արամայիս Ենգոյանը օրեր առաջ մեզ հետ կայացած հեռախոսազրույցում պատրաստակամ էր հարթել հիմնադրամի առջեւ ստեղծված խոչընդոտները: Հուսանք: |