«ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏԸ»ՙ ՀԱՅԱԶԳԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ Ա. Բ. «Վաշինգտոն փոստի» նոյեմբերի 2-ի համարում տեղ է գտել Վիլ Էնգլունդի եւ Քեթի Լալիի «Ուկրաինայի հակամարտության հետեւանքով արվեստագետն ապաստան է գտել Հելսինկիում» հոդվածը Ֆինլանդիայում հաստատված քանդակագործ Սպարտակ Խաչանովի մասին: Հոդվածում նշվում է, որ Կիեւի Գեղարվեստի եւ ճարտարապետության ակադեմիայի 35-ամյա ուսանողը ծնվել է Բաքվում, Ադրբեջանի հակահայկական հուզումների պատճառով ընտանիքով տեղափոխվել է նախ Հայաստան, այնուհետեւՙ Ուկրաինա: Ավարտել է Խարկովի գեղարվեստի ուսումնարանը: Անցյալ տարի Կիեւի Գեղարվեստի եւ ճարտարապետության ակադեմիայում ցուցադրած բաց թեմայով հակապատերազմական ինստալացիայի պատճառով Խաչանովը եւ նրա կին Անաստասյան ուկրաինացի ազգայնականներից ստացել են մահվան սպառնալիքով նամակներ: 2019-ի սկզբին «Արվեստագետներըՙ ռիսկի առարկա» կազմակերպության եւ խաղաղության պաշտպանության ֆիննական հանձնախմբի օգնությամբ Խաչանովները քաղաքական ապաստան են ստացել Ֆինլանդիայում եւ այժմ բնակվում են Հելսինկիի նավահանգստի մոտ կղզիներից մեկում: Նշենք, որ Սպարտակ Խաչանովի վաղ աշխատանքներում առկա է նաեւ Հայոց ցեղասպանության թեման, դրանք 2015-ին ցուցադրվել են Խարկովում կայացած Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսում: |