ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶՈՒՄ Ա. Բ. Փարիզում գործող «Կոլաժ» հայկական թատերախումբը նրա անդամ Արմինե Գաբրիելյանի նախաձեռնությամբ «Ես ու դու սեր ենք» ներկայացումըՙ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, ներկայացվեց հոկտեմբերի 31-ին, Իսի-լը-Մուլինոյի «Էսպաս Իկար» մշակութային կենտրոնում: Գրականության, երգ-երաժշտության եւ պարային միաձուլմամբ միջազգային այս նախագծին մասնակցել են հայ արվեստագետներ տարբեր երկրներից: Ներկայացման բեմադրիչն էր Խորեն Չախալյանը (Ռուսաստան), երաժշտական ղեկավարըՙ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), բալետմայստերըՙ Արիկ Ասատուրյանը (Հայաստան), որոնք հանդես են եկել նաեւ որպես դերակատարներ: Նրանցից բացիՙ բեմադրության մեջ զբաղված էին նաեւ Արմինե Գաբրիելյանը , փարիզահայ 12-ամյա Րաֆֆի Ռաջաբյանը , վոկալ մասերը կատարում էր Վարդան Իշխանյանը (Ֆրանսիա), իսկ ֆլեյտահար Թամար Էսկենյանը (Շվեյցարիա) հանդես էր գալիս տարբեր փողային գործիքների կատարումներով: Ներկայացման մեջ հնչում էր հինգ լեզու (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն): Բեմադրությունը ոչ թե Կոմիտասի մասին էր, այլ ներշնչված էր նրա երաժշտությունից, որի շուրջ համախմբված էին հայեր տարբեր երկրներից: Հանդիսականի կողմից ջերմորեն ընդունված ներկայացումը նախատեսվում է ներկայացնել այլ երկրներում եւս: |