ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԳԵՐԸ ՄՐՑԱՆԱԿԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ՄԻՉԻԳԱՆՈՒՄ Հ.Ծ. Բիրմինգհեմ Բլումֆիլդի (Միչիգան) մշակութային խորհուրդը որոշել է իր նորաստեղծ «Partners with the Arts» (Արվեստների հետ գործընկերության) մրցանակը շնորհել Հակոբյանների «Գորգերի աշխարհ» հաստատությանը, իրենց բազմաբնույթ մարդասիրական աշխատանքների եւ մասնավորապես Դետրոյթի արվեստների ինստիտուտի հետ սերտ համագործակցության համար: Ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» լրատվության, Հակոբյանները լայնածավալ համայնքային գործունեություն են ծավալում: Ստեղծագործական ուսումնասիրությունների քոլեջի համագործակցությամբ հիմնել են գորգերի ձեւավորման տարեկան կրթաթոշակ-մրցույթ, իսկ «Interior Design» ամերիկյան ընկերության հետՙ տարեկան համանահանգային ուսանողական գեղարվեստական ձեւավորման մրցույթ: Նրանք նաեւ ուրբաթ օրերը կազմակերպում են արդեն լայն ճանաչում ստացած ջազային համերգներ: Բիրմինգհեմ Բլումֆիլդի մշակութային խորհուրդը իր այս տարվա 24-րդ տարեկան մրցանակը շնորհել է Բարբարա Հելերինՙ Դետրոյթի արվեստների ինստիտուտի տնօրենին եւ հատուկ ծրագրերի վարիչին, արվեստների խրախուսման բնագավառում իր երկարամյա նպաստի համար: Նա, մասնավորապես, մեծ ներդրում է ունեցել Դիեգո Ռիվերայի որմնանկարների պահպանման եւ քաղաքի տարբեր մասերում քանդակների տեղադրման գործերում: Նկար 1. Ձախից` Անժելա, էդուարդ եւ Սյուզան Հակոբյաններ |