RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020



30-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2020-01-30 20:33:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2307, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՓԱՆԻՇԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է

Նազենիկ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող

«Նարեկ» պարային համույթ

Նախորդՙ 2019 տարվա նոյեմբերին եւ դեկտեմբերին Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթը նշեց իր 30-ամյա հոբելյանը Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում: Նոյեմբերի 25-ին համույթը հանդես եկավ վերջին չորս տարվա ընթացքում բեմադրված հինգ ներկայացումների դրվագներից կազմված յուրօրինակ գեղարվեստա-վավերագրական ծրագրով: Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Նարեկ» համույթի պարային դպրոցի հաշվետու ավարտական համերգը, որի ընթացքում դպրոցի սաները հանդես եկան տարբեր պարային ոճերով բեմադրված համարներով:

Նախ եւ առաջ պետք է նշել, որ 90-ականներից ի վեր Երեւանում (նաեւ, անշուշտ, Հայաստանի այլ շրջաններում եւ քաղաքներում) սկսեցին ձեւավորվել բազում պարային դպրոցներ, ստուդիաներ, համույթներ: Անշուշտ, դրանցից միայն հատ ու կենտը պատշաճ մակարդակ ունեն եւ կարող են գնահատվել որպես պրոֆեսիոնալՙ Հայաստանը այլ երկրներում ներկայացնելու արժանի: «Նարեկ» պարային համույթը պատկանում է վերջիններիս շարքին:

Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ ստեղծված եւ ներկայումս գործող Հայորդյաց տուն անվանումը կրող բազում կազմակերպությունների նպատակն է հայ երեխաներին ներգրավել արվեստի աշխարհը: Այստեղ դասավանդվում են արվեստի ամենատարբեր ձեւերը: Նորքի Հայորդյաց տան պարային համույթը հիմնադրել է 1989 թ. Լյուդվիգ Բուլղադարյանը : Հետագայում հայ պարարվեստի ամենափայլուն ներկայացուցիչների թվին պատկանող Փայլակ Սարգսյանի կողմից համույթին կից կազմավորվել է պարային դպրոցը: Նա ձեւավորեց պրոֆեսիոնալ պարային ուսուցման պահանջներին համապատասխանող համակարգը: Դպրոցն ընդունվում են նախնական քննություն անցնելով, ամեն ուսումնական տարվա կիսամյակին եւ ավարտին սաները քննություններ են հանձնում: Ուսման տեւողությունը վեց տարի է, որից հետո լավագույն աշակերտներն անցնում են պահեստային խումբ, իսկ այնուհետեւ արդեն դառնում պարային համույթի դերասան-պարողներ: Դպրոցում դասավանդվում է երեք առարկա: Որպես հիմնականըՙ դասական պար, այնուհետեւՙ հայ ժողովրդական պարային ֆոլկլորի, ինչպես նաեւ այլ ժողովուրդների ժողովրդական պարերի բեմական տարբերակների հիմունքները, եւ վերջապեսՙ այսպես կոչվածՙ contemporary (ազատ, մոդեռն) պարի դասընթացը: Պարային համույթում ընդգրկվում են դպրոցն ավարտած լավագույն սաները:

2004 թ. Նորքի Հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի ղեկավարը դարձած Արման Ջուլհակյանը շարունակեց եւ զարգացրեց իր ուսուցիչ Փայլակ Սարգսյանի ավանդույթները:

Արմանը ծնվել եւ մեծացել է դերասանական ընտանիքում: Հայրըՙ Հրաչ Ջուլհակյանը, ավարտել է Երեւանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժինը: Կարճ ժամանակ աշխատել է Սպենդիարյանի անվան թատրոնում որպես բալետի արտիստ, սակայն ստացած վնասվածքի պատճառով ստիպված դադարեցրել է կատարողական գործունեությունը: Մայրըՙ Աիդա Անդրեասյանը, ավարտել էր Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը: Նրա ղեկավարն էր Վարդան Աճեմյանը: Մանկուց Արմանը ցուցաբերեց ունակություններ արվեստի տարբեր ոլորտներում, որոնցից առաջինը գեղանկարչությունն էր: Երեք տարի սովորել է Թերլեմեզյանի անվան գեղանկարչական ուսումնարանի դիզայնի բաժնում, այնուհետեւ ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսուրայի բաժինը, Ալեքսանդր Գրիգորյանի կուրսը: 2002 թ., ինստիտուտն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ, որտեղ ծառայել է որպես «Սարդարապատ» պարային համույթի կատարող: Ծառայության ավարտից հետո ընդունվել է «Բարեկամություն» պետական պարային համույթ: Մեկուկես տարի անց դարձել է այդ համույթի մենակատար: Հանդես է եկել «Ճանապարհ», «Նոկտյուրն», «Չինար ես», «Արշիլ Գորկու վերջին նամակը» եւ այլ մենապարային համարներում: 1996-ից նաեւ աշխատել է Նորքի Հայորդյաց տանը որպես նկարիչ-ձեւավորող, այնուհետեւ դարձել պարի դպրոցի պարուսույց-մանկավարժ: 2004-ից մինչ այսօր (արդեն շուրջ 16 տարի) համույթի եւ դպրոցի գեղարվեստական ղեկավարն է: Մինչեւ 2015 թ. բեմադրել է բազում պարային համարներ, իսկ 2016-ից 2018-ըՙ հինգ բալետային ներկայացում:

Այժմ անդրադառնանք խաղացանկին: Երեւի թե Հայաստանի ոչ մի պարային համույթ (նույնիսկ մեր օպերայի եւ բալետի թատրոնը) չունի այնքան բալետային ներկայացումներՙ նվիրված Մեծ եղեռնի թեմային, որքան «Նարեկ» պարային համույթը:

Նախասկիզբը հանդիսացավ 2015 թ. ստեղծված «Ո՞ւր է, մա՛հ, հաղթանակը քո» ներկայացումը, որտեղ Արման Ջուլհակյանը հանդես եկավ որպես գաղափարի հեղինակ եւ երկու գլխավոր դերակատարներից մեկը: Պլաստիկ ներկայացման ռեժիսորն էր Գրիգոր Խաչատրյանը , բալետմայստերըՙ Արա Ասատուրյանը : Ներկայացման մեջ ներգրավված էին «Նարեկ» պարային համույթի ցածր դասարանի վեց աշակերտ...

Արդեն հետագա ներկայացումները, ինչպես ընդգծեց ինքըՙ Արմանը, ստեղծվել են ռեժիսոր Գ. Խաչատրյանի, բալետմայստերներ Ջուլհակյանի եւ Արա Ասատրյանի համագործակցությամբ:

Առանձնակի պետք է նշենք, որ Արմանը հանդես է գալիս նաեւ որպես ներկայացումների հանդերձանքի եւ մեծ մասամբ բեմահարդարման բեմադրող նկարիչ:

Արդեն 2016 թ. հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի որդուՙ Պատրիկ Մալաքյանի նախաձեռնությամբ բեմադրվեց «Հավերժություն» բալետը, որի հիմքում ընկած է հայ ժողովրդի պատմությունը հինավուրց ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հիմնական շեշտը դրված է 1915 թ. Հայոց ցեղասպանության եւ տեղահանման թեմայի պարային մեկնաբանման վրա: Ներկայացումը ցուցադրվեց Մարսելի «Կոնգրե» պալատում:

Հետագա տարիներին բեմադրվեցին եւս չորս ներկայացումներՙ «Հոգիս», «Ամեն», «Մեր խոստումը», «Սասունցիների պարը», որոնք տարբեր տեսանկյուններով բացահայտում են Մեծ եղեռնի թեման, սակայն ոչ մեկը ըստ սցենարի եւ պարային լուծման չեն նմանվում իրար:

Այսպես, 2016 թ. բեմադրված «Հոգիս» բալետի հիմքում ընկած է մի սիրո պատմություն: Տեղահանության զոհ երկու մանուկներՙ աղջիկ ու տղա, որոնք շատ կապված են իրարՙ բաժանվում են: Աղջիկը մեկնում է Նյու Յորք, իսկ տղանՙ Հայաստան: Ողջ կյանքի ընթացքում նրանք հոգեպես կապված են մնում, եւ երազում են հանդիպման մասին, սակայն հանդիպում են իրար արդեն պատկառելի հասակումՙ Հայաստանում, մեր «մութ» 90-ներին: Երկրագնդի տարբեր ծայրերում գտնվող սիրահար զույգի կյանքը պատկերված է բեմի երկու հարթակում: Վերեւի բեմահարթակում Նյու Յորքն է, որտեղ ապրում է աղջիկը: Այստեղ ընդհանուր առմամբ ներկայացված է ամերիկյան կյանքը, հնչում է ջազը, կատարվում են ամերիկյան հատուկ ոճով բեմադրված պարեր: Ներքեւի մասում Հայաստանն է, զինվորական կյանքը, ռազմական տեսարաններ:

Աղջիկը եւ տղան հետզհետե մեծանում ենՙ ուստի գլխավոր դերակատարները փոխվում են համաձայն տարիքիՙ երեխա, երիտասարդ եւ արդեն հասուն մարդիկ:

Երեւի թե բալետի ամենավառ տեսարանն է արդեն Հայաստանում միացած զույգի կացությունը «մութ» 90-ականներին, որտեղ մարդիկ բոլորված են վառարանի եւ նավթի լամպի շուրջը: Հանկարծ այդ բոլոր առարկաները վերածվում են երաժշտական գործիքների եւ սկսվում է խմբային ուրախ տեսարանՙ խորհրդանշող հայ մարդու անսասան լավատես եւ դժվարությունները հաղթահարող անմահ ոգին: Բալետը ստեղծվել է Անի Մանուկյանի եւ Պատրիկ Մալաքյանի նախաձեռնությամբ եւ ներկայացվել Նյու Յորքի «Սիթի սենթր» թատրոնումՙ ՀԲԸՄիության 110-ամյա հոբելյանին նվիրված միջոցարումների շրջանակում:

2017 թ. երկու պրոդյուսերների եւ գաղափարի հեղինակ կոմպոզիտոր Արաքսի Մուշեղյանի եւ Հասմիկ Չաքմաքչյանի առաջարկով «Նարեկ» համույթը դարձավ «Ամեն» ներկայացման մասնակից եւ պարային-շարժական տեսարանների հեղինակ: Ինչպես հայտնի է, մասնակցության համար հրավիրվեցին լավագույն երգիչներն աշխարհի տարբեր երկրներիցՙ Հովհաննես Այվազյանը , Բարսեղ Թումանյանը , Ջուլիետ Գալստյանը , Հրաչուհի Բասենցը ... Ներկայացմանը մասնակցում էր Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ժողովրդական գործիքների համույթի եւ ջազային նվագախմբի հետ համատեղ: Անշուշտ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հիմնականում ողջ արարողությունը պարային էր եւ նշված հանրահայտ երգիչները իրենց դրվագները կատարելիս նույնպես ներգրավված էին շարժական տեսարաններում: Ինչպես հայտնի է «Ամեն»-ը ցուցադրվել է Մարզահամերգյին համալիրում:

2017 թ. կրկին Պատրիկ Մալաքյանի պատվերով ստեղծվեց հայտնի «Խոստումը» ֆիլմի բեմական պարային մեկնաբանությունը «Մեր խոստումը» խորագրով, կինոնկարում հնչող երաժշտության հիմքով: Երաժշտական մասի կատարումը կրկին ապահովեց Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուրադ Թոփչյանի ղեկավարությամբ եւ «Հովեր» երգչախումբը Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

2018 թ. բեմադրվեց կանադահայ կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանի երաժշտությամբ «Սասունցիների պարը» ըստ Գեւորգ Էմինի համանուն պոեմի: Այստեղ ամենակարեւորը առաջին պլան բերվեց հայոց այբուբենը եւ գիրքը, որոնք միավորում ու պահպանում են հայ ժողովրդի միասնականությունը եւ երկարակեցությունը: Ներկայացումը բեմադրվել է 2018 թվականին եւ 2019-ին ներկայացվել է Ստամբուլում:

«Նարեկ» համույթի մոտակա պլաններից են Մաժակ Թոշիկյանի երաժշտությամբ «Ախթամար» բալետի բեմադրությունը եւ Պատրիկ Մալաքյանի կողմից Անրի Վեռնոյի մասին պարային ներկայացման ստեղծումը կինոռեժիսորի ֆիլմերում օգտագործված երաժշտության հիմքով: Դժվար է, անշուշտ, ստեղծել այդքան բալետային ներկայացումներՙ նվիրված Մեծ եղեռնին, ոչ միայն լուսաբանելով տարբեր տեսանկյուններով, այլեւ չկրկնելով պարային լեզուն: Եվ իրոք, վերը նշված ներկայացումները հիմնվել են հայ պարային ֆոլկլորի տարրերի յուրօրինակ մեկնաբանման վրա, բալետի եւ ազատ պարի համակարգին պատկանող տարրերի բազմազան համակցությունները երբեք չեն կրկնում իրար:

Վերջում կցանկանայինք ընդգծել, որ «Նարեկ» պարային համույթի 30-ամյա գործունեությունը ապացուցում է, որ հաջողության ամենակարեւոր գրավականն է բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 31-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ