ԿԱՐԵՆ ՍԱՄՈՒՆՋՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈԳՈՒ ԽՃԱՆԿԱՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ Է, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՔԸ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Կարեն Սամունջյանը բազմաշնորհ արվեստագետ է. ծնվել է 1967 թվականին, Թբիլիսիում, բնակվում է ԱՄՆ-ում: 1985-ին ընդունվել է Վրացական պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետ: 1990-ին արտագաղթել է Միացյալ Նահանգներ: Հեղինակ է «Այգեպան» եւ «Ճաշակի գործ» գրքերի: Նրա պոեզիան տպագրվում է litprichal.ru եւ ռուս գրականության այլ կայքերում... - Հարգելի Կարեն, սկզբում քո մասին իմացել եմ որպես բանաստեղծի, բայց պարզվեց, որ ներգրավված ես նաեւ դիզայնի, ճարտարապետական նախագծման, նկարչության եւ լուսանկարչության ոլորտներում:Ո՞ր մասնագիտությունն է քեզ առավել բնորոշ: - Ճարտարապետական նախագծումն ու դիզայնը, չնայած կերպարվեստը նույնպես մասամբ իմ մասնագիտությունն է: Իմ գեղանկարների մեծ մասը վաճառվում է: Լուսանկարչությունը բացառապես կիրք է ու անհրաժեշտություն, երբ ճանապարհորդում եմ: Բջջային հեռախոսս իմ միակ լուսանկարչական խցիկն է... դա մասնագիտությունից մի փոքր հեռու է թվում... ճիշտ չէ՞: - Ճիշտ է... Դու ծնվել ես Թբիլիսիում, հայկական հարուստ անցյալ ունեցող քաղաքում: Պատմի՛ր ընտանիքիդ ու Թբիլիսիիՙ քեզ տվածի մասին: - Ես մեծացել եմ հայ-ռուսական ընտանիքում: Ծնողներսՙ Ռաֆայել Սամունջյանը եւ Լիլյա Սամունջյանը, ծնյալ Գավրինա, ծնվել են Թբիլիսիում: Հայրս սովորել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայում: Պապսՙ Հակոբ Սամունջյանը, ծնվել է Ախալքալաքում: Սա ինձ դարձնում է երրորդ սերնդի հայ Վրաստանում: Ես քաջատեղյակ եմ վրացական մշակույթին եւ վրացի ազգին որպես իմ սեփականն եմ ընդունում: Թբիլիսին ինձ շատ բան է տվել, բայց ամենակարեւորըՙ երախտագետ լինելու զգացում: Բոլոր փոքր բաները գնահատելը... վայելել մի կտոր հաց, մի բաժակ գինի... ընկերների հետ անցկացնել լավ ժամանակ ու միմյանց հետ բարի կամք փոխանակել... Կյանքի պարզ հաճույքները: - Դու գրում ես ռուսերեն, որը քո մայրենի լեզուն է: Արդեն 30 տարի էՙ ապրում ես ԱՄՆ-ում ու գրում ես նաեւ անգլերեն: Ինչ-որ տեղ զբաղեցնո՞ւմ ես ժամանակակից ռուս եւ ամերիկյան պոեզիայում: - Սահուն խոսում եմ երեք լեզվովՙ ռուսերեն, վրացերեն եւ անգլերեն: Դժբախտաբար, հայերեն շատ քիչ եմ հասկանում: Ռուսերենն իմ մայրենի լեզուն է, ու ինձ հետեւողներից շատերը ռուսախոսներ են: Հազարից ավելի բանաստեղծություն եմ գրել, կարծում եմ, բավականաչափ սերմեր եմ ցանել: Կարծում եմՙ այժմ մեզ միայն բերքահավաք է անհրաժեշտ: Հենց հիմա դժվար է ասել, թե կոնկրետ ի՛նչ տեղ կգրավի իմ պոեզիանՙ ընթերցողներիս սրտում լինելուց բացի: Սահմանը երկինքն է: - Քեզ հետաքրքրում են կրոնական փիլիսոփայությունը, էզոթերիկ ուսմունքները եւ ժամանակի երեւույթը: Մեկ այլ առիթով ես կցանկանայի երկար զրուցել քեզ հետ հատկապես վերջինի մասին, բայց հիմա միայն մեկ հարց կտամ. նույնիսկ երեխաներն են արդեն դժգոհում, որ ժամանակն արագ է անցնում: Ունե՞ս որեւէ բացատրություն: - Սա իմ սիրելի զրույցի թեմա՛ն է: Ես հավատում եմ, որ ժամանակը հակամարտություն է մեր հավերժական հոգու եւ ժամանակավոր եսի միջեւ: Մարդ ո՞ր տեսակետն է ընտրում ժամանակի դիտարկման համար: Չկա մի գործիք, որը կարելի է գործածել ժամանակը չափելու համար: Գոյություն ունեցող վայրկյանի խորությունը չափազանց մեծ է այն սահմանափակելու համար: Մահանալուց առաջ եղած վայրկյանը... ծնվելուց հետո եղած վայրկյանը... անհամեմատելի են: - ԱՄՆ-ում ռուսալեզու հայերը սովորաբար կապ չունեն տեղի հայ համայնքի հետ: Իսկ դո՞ւ: - Հյուսիսային Ջերսիի շրջակայքում քիչ հայկական եկեղեցիներ ունենք: Ես այդ մեծ համայնքի մաս եմ կազմել երիտասարդությանս տարիներին: Ինչպես Թբիլիսիում, այստեղ եւս հայերի հետ իմ հարաբերությունները շատ բարեկամական, բայց պատահական են: - Քո գործունեության մեջ հայ մշակույթը որեւէ տեղ ունի՞: - Բացառիկ հայ մշակույթը մեծ պատմություն ունի: Ազգի հին լինելը մեծապես ազդել է ողջ աշխարհի հայ արվեստագետների վրա: Հայաստանի հոգու խճանկարն ավելի մեծ է, քան Հայաստանն ինքը: Այդ խճանկարում ես հազարավորներից մեկն եմՙ որպես նկարիչ, որպես բանաստեղծ եւ որպես անհատ... - Դու կազմել ես «Իմ Իտալիան» եւ «Իմ Արգենտինան» լուսանկարչական ալբոմները: Իսկ «Իմ Հայաստա՞նը»... - Դժբախտաբար, ես դեռ պատշաճ կերպով չեմ այցելել Հայաստան... անցյալ տարի իմ ուղեւորությունը շատ կարճ էր, որպեսզի անեիՙ ինչ կուզեի անել: Հաջորդ անգամ կցանկանայի ուսումնասիրել Հայաստանն այնպես, ինչպիսին ես հարկ եմ համարում: Սովորաբար իմ ուղեւորություններից հետո ես ոգեշնչվում եմ: Սկսում եմ գրել մտքերով: Իմ բանաստեղծություններին կցված լուսանկարչական շարքերը նպատակ ունեն ներգրավել նոր մարդկանց: Հայաստանը հատուկ է: Ես պետք է ծրագրեմ մի ճիշտ ժամանակ, որպեսզի նրան այցելեմ ճիշտ կերպ: - Դու մի քանի բանաստեղծություն ես նվիրել Հայաստանին: Խնդրեմ ներկայացրու մեկ-երկուսը: - Հաճույքով: Ահա երկուսըՙ Հենրիկ Բաբաջանյանի թարգմանությամբ: ԻՄ ՆԱԽԱՊԱՊԸ Դիպչելով եզրին սուրբ հողի Շնչելով ծաղկունքը դարի... Ես գիտեմ, որ իմ նախածնողը Նայել է արեւամարին... Կտրելով սահմանը բախտի Թռչում էր, թող հուշս չմարի, Կծկված իր մաշված թամբին, Տակով ղողանջող կամարի... Եվ բռնած սանձերի ծերերից Ու հեծած աշխետ խենթ ձին Նախապապս, բարբարոս վերեւից Կամք ուներ ազատածին: Վառելով սարերում հուր-բոցը Նայելով Գիշերվա բիբերին Լսել է սարսափի ոռնոցը Չի եղել նա ահի գերին: Օրը դար ապրելով անապակ Մերձացած բախտի հետ իր խոլ Սառ ձյուն է խմել նա պապակՙ Նախապապսՙ ափից իր գոլ: ԱԽ, ԵՐԵՎԱՆ Նրբանցքներում կենսառատ կարմրաերանգ սուտակով, Տերությունում վեհ կանանց եւ ֆիդայի այրերի, Իսկն երկիր տիրատուր եւ հայտնության կրակով, Կանչող տեսքով հրահուր դեպի հավատն հայրերի: Արծիվների չուն վերում հայեցությամբ ակնահատՙ Քամիներին ընդառաջ տանող իղձեր մարդկային, Քնի ժամին պանծալի - Արարատն է ձյունառատ, Այնտեղ գարուն խենթացածՙ հանդերձանքում ծիրանի: Ա՛խ Երեւան... Երեւան... Ունես հազար լիճք, գետեր, Բյուրեղյաակն դու Սեւան, փերիՙ նայող դեպ Աստված... Տաճարներդՙ քո որդիք... հնուց Աստված է կերտել: Քաղաք-հերոս այրերիՙ դժոխքներից համբառված: Դուՙ բուրմունք ձոր-սարերի, Որթՙ լույսի անապական, Դյուցազն քաղաք դարերիՙ Նայող դեպի ապագան... |