ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator) Ժամանակին «կապիտան» եւ «բազե» կոչումներ կրող վարպետ օդաչու, իսկ հետագայում միջազգային համբավի արժանացած լուսանկարիչ Հրայր Հոուկ Խաչերյանը (Հրայր Բազե) ծնվել է Բեյրութում, Զեյթունից գաղթած ընտանիքում: 1984-ին տեղափոխվել է Կանադա, որտեղ ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել: Վերջին 30 տարիների ընթացքում նա մեծագույն նվիրվածությամբ եւ կրքոտությամբ ձեռնամուխ է եղել արկածախնդրական արշավներիՙ լուսանկարելու եւ աշխարհին ներկայացնելու Հայաստանի, Արցախի, Երուսաղեմի եւ ավելի ուշ նաեւ Կիլիկիայի հրաշագեղ վայրերը, թաքուն անկյունները եւ դժվար հասանելի բարձունքներն ու ամրաշինությունները: Վրաստանի եւ Կարսի վրայով Կիլիկիա այցելությունը մտահղացել է Ռոբերտ Էդուարդսի «Հայկական Կիլիկիայի ամրաշինությունները» խորագրով գիրքը կարդալուց հետո: Ինքն էլ իր հերթին հրատարակել է իր գիրք-ալբոմը: Եթե Էդուարդսը կենտրոնացել էր Կիլիկիայի պատմության, տեղագրության եւ դեպքերի վերլուծության վրա, Խաչերյանը դժվարամատչելի վայրերի հազվագյուտ լուսանկարներով է ներկայացրել իր ալբոմը, որն իր իսկ խոստովանությամբ 22 տարիների շարունակական ճանապարհորդությունների արդյունք է: Հաջորդ գիրքը նույնպես նվիրված է լինելու Կիլիկիային եւ ներառելու է քարտեզներ, հայկական հին մետաղադրամների, ինչպես նաեւ ձեռագրերի եւ արձանագրությունների լուսանկարներ: «Արվեստը հզոր միջոց է: Լուսանկարները, քարտեզները, ֆիլմերը հեշտությամբ տպավորվում են մարդկանց ուղեղներում: Երեխա ժամանակ դժվար էր ինձ համար սովորել հայոց պատմություն առարկան, որովհետեւ դասագրքերում նկարներ չկային եւ ուսուցիչներն էլ այդ պատմական վայրերում չէին եղել, որ պատկերավոր մատուցեին նյութը: Հույս ունեմ, որ ալբոմս այդ բացը կլրացնի եւ սերունդներին կտա հնարավորություն ճիշտ պատկերացում կազմելու անցյալի մեր ժառանգության մասին»: Խաչերյանը ավելի քան 150 անգամ է եղել Հայաստանում: Ունի լուսանկարների հարուստ հավաքածու, որը նա օգտագործում է տարբեր երկրներում դասախոսություններ եւ ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Նման մի եզակի հանդիպում Թեքեյան մշակութային միությունն է կազմակերպել Նյու Յորքում անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, որի ընթացքում նա ներկայացրել է իր աշխատանքները: «Սիրում եմ արկածներ որոնել եւ բացահայտումներ անել: Ցանկանում եմ, որ Ճապոնիայից մինչեւ Անտարկտիդա մարդիկ իմանան, թե ինչպիսի ազգ ենք եղել եւ ինչ հարուստ անցյալ ենք ունեցել», ասել է նա: Խաչերյանի մյուս գրքերի շարքում կարելի է նշել «Արցախ: Ճանապարհորդություն լուսանկարների միջոցով», «Ղարաբաղ-100 լուսանկարներ», «Երկիր- 100 (1915-2015 թթ.»), «Խաչքար» եւ «Արմենիա: Դրախտ երկրի վրա» հատորները: Շրջադարձային է եղել նրա համար այն ժամանակահատվածը, երբ նրա մարմնում բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել: Նա հիվանդանոցի պատերին ամրացրել է Արցախում, Հայաստանում եւ Կիլիկիայում կատարած իր լուսանկարները, որոնց պարգեւած ներշնչանքի շնորհիվ կարողացել է հաղթահարել հիվանդությունը: Տեղեկությունըՙ Թալին Բաբայանի հոդվածից: |