ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՎԱԾ ԽԱՂԸ Նաիր ՅԱՆ Հունվարի 13-ից սկսած եվրոպական բարձր երաժշտական աշխարհը փոթորկվել էր. ամեն ինչ սկսվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի սենսացիոն հայտարարությունիցՙ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին Դրեզդենի Semper Opera Ball-ի հանդիսավոր արարողությանը; Էյվազովը համերգը բոյկոտել է, որովհետեւ պետք է երգեր հայ երգչուհու հետ: Հասմիկ Պապյանը նաեւ հայտարարել էր, որ պատրաստվում է բողոքի ձայն բարձրացնել, եւ իսկապես երգչուհին հետագա բոլոր օրերին հետեւողական եղավ իրադարձությունների ընթացքին: Այսինքնՙ եթե նա այս խնդիրը չբարձրաձայներ, միգուցե Յուսիֆ Էյվազովը, որը օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինն է, ազգայնամոլական իր քայլը մարսեր: Գաղտնիք չէ, որ Հասմիկ Պապյանը հատկապես Գերմանիայում մեծ ճանաչում ու հեղինակություն ունի, նրա բողոքի ձայնը լսել են աշխարհահռչակ երգիչներն ու երաժիշտները: Օրինակՙ Բեռլինի օպերային թատրոնի մեներգիչ Ռենե Պապեն հայտարարել է.«Որպես ծնունդով դրեզդենցի, ռասիզմի դեմ պայքարի դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլեգա Յուսիֆինՙ ատելություն չբերել իմ քաղաք կամ որեւէ այլ տեղ:...Հրավիրված լինել այստեղ երգելՙ շատ մեծ պատիվ է եւ առավելություն: Դու պետք է երջանիկ ու հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Դու կհիշվես որպես արտիստ, ոչ թե ատելության կրող»: Գերմանական, ֆրանսիական լրատվամիջոցները, նաեւ BBC-ն անդրադարձել են սկանդալային թեմային, ռուս հայտնի բլոգերները խնդիրը դիտարկել են որպես Աննա Նետրեբկո-Յուսիֆ Էյվազով զույգի հերթական կամակորություն ու խտրական քայլ: Դասական երաժշտության համաշխարհային անցուդարձի մեջ էլ ամեն բան մաքուր ու ազնիվ չէ: Այնտեղ էլ կան եղանակ թելադրողներ, մենաշնորհային դիրք ունեցող դեմքեր, որոնց կամքը, եթե անգամ արդար չէ, միեւնույն էՙ ընդունվում եւ կատարվում: Աննա Նետրեբկոն բարձր արվեստի աշխարհում հենց այդպիսին է: Նրա քմահաճությունները շատերին են հոգնեցրել, բայց դասական արվեստ մատուցող արվեստագետներն այս ամենի մասին խոսում են ոչ թե բացահայտ, այլ կուլիսներում: Բայցեւայնպես, խոսում են: Յուսիֆ Էյվազովի բեմական որակները թեեւ նույն բարձր արվեստի աշխարհին չեն գոհացնում, բայց երգիչն իր ցածր որակներին հակառակՙ տասներորդ պլանում չէՙ շնորհիվ իր կնոջՙ Աննա Նետրեբկոյի: Ռուսական լրատվամիջոցներն ուսումնասիրել են այս զույգի ամուսնության պատճառները եւ հասել շատ ավելի հեռուներՙ 2000-ականների սկիզբ, երբ էմիգրանտ ադրբեջանցին 24 տարեկանում ամուսնացել է 73 տարեկան իտալուհի Ադել Ֆերարիի հետ ու նրա հետ ապրել 17 տարի: Նույն լրատվամիջոցները հաղորդում են, որ Էյվազովը Ֆերարիի հետ ամուսանցել է շահադիտական նպատակներովՙ նախ Իտալիայի քաղաքացիություն ստանալու եւ երաժշտական աշխարհում կարիերա սկսելու համար, իսկ տիկին Ադելը փոքր ֆիգուր չէ եւ չափազանց երիտասարդ ամուսնու առնվազն այդ երկու նպատակներն իրականացնել կարողողացել է: Եվ այսպես, Էյվազովը մուտք է գործել օպերային աշխարհ, մի օր էլ երգել է Աննա Նետրեբկոյի հետ, ու սկսվել է «ծառայողական սիրավեպը»: 2017 թվականին Էյվազովը Ադել Ֆերարիից բաժանվել եւ ամուսնացել է իրենից 6 տարով մեծ Նետրեբկոյի հետ, որը որդի ունի: Առաջին հայացքից կթվա, թե այս զույգի անձնական կյանքի մանրամասներն առնչություն չունեն Ռուզան Մանթաշյանի հանդեպ Յուսիֆ Էյվազովի ազգայնամոլական ու հայատյաց քայլի հետ: Բայց դժվար է հավատալ, թե ադրբեջանցի երգիչը հրապարակավ կհրաժարվեր հայ երգչուհու հետ ելույթ ունենալ այն էլ այնպիսի կարեւոր համերգին, ինչպիսին է Semper Opera Ball-ն է, եթե թիկունք չունենար, եթե չիմանար, որ իր հայտարարության հետեւանքների համար պատասխանատվության չի ենթարկվելու: Ավելին, Semper Opera Ball -ի գեղարվեստական ղեկավար Հանս Յոահիմ Ֆրեյը պաշտպանեց ադրբեջանցի երգչինՙ ասելով, որ Ռուզան Մանթաշյանիՙ փետրվարի 7-ի համերգի մասնակցությունը չեղարկվում է, որովհետեւ տենոր Յուսիֆ Էյվազովը չի ուզում երգել նրա հետ: Գերմանացին հայտարարության մեջ կրկնել էր Էյվազովի բերած պատճառըՙ Ռուզան Մանթաշյանը հայ է: Բացի այդ, Հանս Յոահիմ Ֆրեյը նաեւ հայտարարել էր, թե իբր Դրեզդենի օպերային թատրոնը Ռուզան Մանթաշյանի հետ պայմանավորավածություն չունի: Դժվար չէ պատկերացնել Ռուզան Մանթաշյանի հոգեվիճակն այդ օրերին: Նրա կողքին չլինելով էլՙ հասկանալի է, որ երգչուհին շոկի մեջ է հայտնվել. բավական չէՙ նա դարձել հայատյացության զոհ, դեռ համերգի կազմակերպիչն էլ հայտարարել է, թե երգչուհու հետ պայմանագիր չի կնքվել: Դեպքերի ընթացքին ոչ թե ուղղակի հետեւած, այլ դեպքերին մեծապես միջամտած Հասմիկ Պապյանն ամենայն մանրամասնությամբ հետազոտել է ու հավաստիացել, որ Ռուզան Մանթաշյանի անունը հենց սկզբից ամրագրված է եղել մեծ համերգի ցանկերում: Բացի այդ, եթե նրա անունը չլիներ, Էյվազովն ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է բոյկոտեր համերգը: Ուղղակի խղճալ է պետք Էյվազովին: Նախՙ համաշխարհային դասական երաժշտարվեստը նա ստորադասում է ազգայնամոլական նկրտումներին, հետոՙ ո՞վ իմանաՙ միգուցե նա պարտավորված է եղել զեկուցել Ադրբեջանին, որ հեղինակավոր համերգային երեկոյին երգելու է հայ երգչուհու հետ: Իսկ գաղտնիք չէ, որ նրա երկիրը նման հարցերում հանդուրժող չէ: Ո՞վ գիտեՙ միգուցե այդ երկրից են հրահանգել, որ իրենց երգիչը հրապարակավ հրաժարվի հայ երգչուհու հետ բեմ բարձրանալՙ ազգամիջյան հակամարտության արձագանքները տեղափոխելով բարձրաշխարհիկ երաժշտության դաշտ: Հիվանդագին երեւույթները խորթ չեն այդ երկրին ու նրա ներկայացուցիչներին: Մեծ սպորտում էլ ենք հաճախ նման դրսեւորումների հանդիպում: Սկանդալային միջադեպի մասին շատերն են կարծիք հայտնելՙ մեծ մասամբ դատապարտելով ու ամոթանք տալով ոչ միայն Էյվազովին, այլեւ համերգի կազմակերպիչներին: Բայց հատկապես հայ հանրությանը ցնցել է ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հայ կնոջՙ Սաթի Սպիվակովայի հանրային հրապարակումը: Տիկին Սպիվակովան ասել է, որ ինքը պաշտպանում է Յուսիֆ Էյվազովին ու գիտե, որ նրան խաբել ու զրպարտել են: Նա նաեւ հորդորել է բոլորին հանգստանալ ու վերջ տալ «զառանցանքին»: Համաշխարհային մշակույթի բոլոր գործիչների մեջ Սաթի Սպիվակովան միակն է, որ պաշտպանել է Յուսիֆ Էյվազովին: Մյուսներն անգամ շատ խիստ վերաբերմունք են դրսեւորել: Գրող Նարինե Աբգարյանը եւս դատապարտել է Էյվազովի արարքն ու կոչ արել համաշխարհային երաժշտարվեստի ներկայացուցիչներին ազգայնամոլական դրսեւորումներն արմատախիլ անել: Կանխատեսո՞ւմ էին Էյվազովը, Նետրեբկոն, համերգի կազմակերպիչները, որ հայ ու օտարազգի գործիչների բողոքի ալիքը կվերաճի աղմուկի. այնպիսի աղմուկի, որը հանդարտեցնելու համար ստիպված են լինելու բանավոր ու գրավոր ներողություն խնդրել Ռուզան Մանթաշյանից ու նրա ներկայացուցիչներից: Միանշանակ պատասխանել այս հարցին հնարավոր չէ: Բողոքի ալիքը տեղին էր ու զուսպ, առանց ագրեսիայի ու կտրուկ քայլերի: Հայտնի է, որ եվրոպական երաժշտական հայտնի ընկերություններն աղմուկի ու կոնֆլիկտի կողմնակից չեն: Աղմուկը չէր բխի նաեւ Ռուզան Մանթաշյանի շահերից: Երիտասարդ աղջիկը, որը մեծ ջանքերի գնով է արժանացել աշխարհահռչակ օպերային դահլիճներում երգելու պատվին, կարող էր մեկ րոպեում կորցնել տարիների վաստակածը: Ի վերջո, օպերային թատրոնները սկանդալներից ու սկանդալային դեմքերից խուսափում են: Թեեւ այս ամբողջ ընթացքում Ռուզան Մանթաշյանը եւ ոչ մի հրապարակում չի կատարել, վիրավորված լինելու կամ իր հետ անարդար վարվելու մասին չի խոսել, բայց բացառված չէր, որ նա դառնար սկանդալի պատճառ, ինչը բացասաբար կազդեր նրա հետագա կարիերայի վրա: Թերեւս հենց այդ պատճառով է, որ երգչուհին մինչեւ հիմա որեւէ խոսք չի ասել, անգամ չի դատապարտել իր հետ կատարվածը: Բայց նա ունեցել է պաշտպանների մեծ բանակ, որը հավասարակշիռ, խելացի քայլերի միջոցով վերականգնեց արդարությունը: Այդ բանակը ոտքի կանգնեց Հասմիկ Պապյանի շնորհիվ: Սա նախադեպ կդառնա, որ այսուհետեւ որեւէ Էյվազով կամ եվրոպացի հայատյաց քայլ անելուց առաջ ծանութեթեւ անի, ավելի զգույշ լինի ու հետեւանքների մասին մտածի: Ռուզան Մանթաշյանը կերգի փետրվարի 7-ին Դրեզդենում կայանալիք մեծ համերգին, նա համաձայնությունը հայտնել է: Կերգի Չայկովսու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիան: |