ՀԱՅ ԲԱՌԱՐԱՆԱԳՐԻ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Ա. Բ. Լույս է տեսել Գերմանիայում հրատարակվող «Թուրքական ժողովուրդների լեզվի, պատմության եւ մշակույթի ուսումնասիրություններ» մատենաշարի 23-րդ պրակըՙ «Ջովաննի Մոլինոյի «Իտալերեն-թուրքերեն բառարանը», 1641» ՙ լեհ թուրքագետ Էլժբետա Շվիենչիցկայի աշխատասիրությամբ: Ջովաննի Մոլինոն հայ մատենագիտությանը ծանոթ տպագրիչ եւ թարգմանիչ Հովհաննես Անկյուրացին է, որի ներդրումները թուրքերենի պատմությանն ու օսմանյան թուրքական մշակույթին մինչ օրս անհայտ էին: 17-րդ դարում Հռոմում նրա հրատարակած եւ իր տեսակի մեջ առաջին թուրքերեն բառարանի շուրջ 8000 բառերը վերցված են խոսակցական թուրքերենից: Շվիենչիցկան ոչ միայն քննական հրատարակության է ենթարկել Մոլինոյի բառարանը, այլեւ վերակազմել է հակադարձ եղանակովՙ թուրքերեն-իտալերեն: Մոլինոյի բառարանի միավորները ներկայացված են ըստ ձեւաբանական եւ հնչյունաբանական սկզբունքների, իրենց ուղղագրական տարբերակներովՙ բացահայտելով ժամանակաշրջանի օսմաներենի ձեւաբանա-հնչյունաբանական օրինաչափությունները: Մոլինոյի գրառած լատինատառ թուրքերենի հնչումը գրեթե նման է ժամանակակիցին ու կարող է համարվել կամուրջ դեպի ժամանակակից թուրքերենը: Աշխատասիրողը ներկայացրել է նաեւ Մոլինոյի կենսագրությունը, նրա աշխատանքի համատեքստը, կապը նախորդների ու հաջորդների հետ եւ կատարել նախնական լեզվաբանական նշումներ: Էլժբետա Շվիենչիցկան թուրքագիտություն է ուսանել Կրակովի Յագելոնյան համալսարանում: Հաստատվելով Շվեդիայումՙ տարիներ շարունակ թուրքերեն, թուրքական պատմություն եւ գրականություն է դասավանդել Ուփսալայի եւ Ստոկհոլմի համալսարաններում: Հեղինակ է թուրքերենին, թուրք-լեհական եւ թուրք-շվեդական պատմական կապերին նվիրված հոդվածների, որոնք լույս են տեսել գիտական հրատարակություններումՙ լեհերեն, անգլերեն եւ շվեդերեն: 2000-ին հրատարակել է ծավալուն հոդված 17-րդ դարի լեհահայ ազնվական, դիվանագետ Զակարիաշ Գամոցկիի մասին: |