«ՀՈՒՇԱՐՁԱՆ» ՏԱՐԵԳՐՔԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ Գարեգին ՂԱԶԱՐՅԱՆ Նորերս լույս տեսավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ, «Պատմամշակութային ժառանգություն» մատենաշարով եւ պետպատվերով հրատարակվող «Հուշարձան» տարեգրքի ԺԴ հատորը (գլխավոր խմբագիր` պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյան): Տարեգիրքը գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհող Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է որպես սահմանված կարգավիճակ ունեցող գիտական պարբերական` հեղինակներին ընձեռած համապատասխան իրավունքներով: ԺԴ հատորի «Ուսումնասիրություններ», «Նորահայտ հուշարձաններ», «Հուշարձանների հաշվառում», «Ճարտարապետություն», «Գրախոսություն» գլխագրերի ներքո ժողովված են 8 ուշագրավ նյութեր : Հակոբ Սիմոնյանի, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի, Մերի Սաֆարյանի, Նանար Քալանթարյանի «Ստեփանոս Աղցից վանականի նորահայտ տապանագիրը» հոդվածը նվիրված է Աղցքի նշանավոր արքայական դամբարան-հուշահամալիրում հայտնաբերված` Ստեփանոս վանականի տապանաքարի, դրա արձանագրության ուսումնասիրմանը եւ թվագրմանը` պատմական իրույթների համատեքստում: Արման Նալբանդյանի «Նորահայտ վիմագրեր Հավուց թառից» հոդվածում լուսաբանվել են Հավուց թառ վանական համալիրի «Բլրի» եկեղեցուն հարակից միջնադարյան գերեզմանոցում Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի հետազոտություններով եւ նշյալ ՊՈԱԿ-ի արշավախմբի պեղումներով բացահայտված վիմագրերն ու նոր` մատուռանման կառույցը, որն արդեն վկայագրվել է եւ ընդգրկվել հուշարձանների պետական ցանկում: Պատմական գիտությունների թեկնածու Նյուրա Հակոբյանի «Լուսավորության միջնադարյան կավակերտ միջոցները» հոդվածը յուրուրույն ջատագովքն է Հայոց 3 մայրաքաղաքներում (Արտաշատ, Դվին, Անի) օգտագործված լուսավորության միջոցների (ճրագ, ճրագակալ, աշտանակ, ջահ), որոնց վաղագույն օրինակները Հայկական լեռնաշխարհում հայտնի են տակավին Ք.ա. IV հազարամյակից: Պատմական գիտությունների թեկնածու Աղավնի Ժամկոչյանը «Արցախի Տիգրանակերտ քաղաքի միջնադարյան խեցեղենը» ուսումնասիրության մեջ տասնյակ արտեֆակտների լուսանկարաշարով հանգամանորեն ներկայացնում է 2005 թ. հայտնաբերված եւ պարբերաբար պեղվող մեր հին նոր Տիգրանակերտի V-XIV դդ. բազմատեսակ խեցեղենը` լայն տարածաշրջանային զուգահեռներ անցկացնելով: Կարեն Ծերեթյանի եւ Հակոբ Սիմոնյանի «Ամուլսարի 2017 թ. պեղումների նախնական արդյունքները» հոդվածում գիտական բարձր մակարդակով արծարծված են Ամուլսարում (Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի հողատարածք) նշյալ ՊՈԱԿ-ի եւ «Մշակութային ժառանգություն» ՀԿ-ի միացյալ արշավախմբի կատարած հնագիտական հետազոտությունների արդյունքներն ու առավել նշանակալի գտածոները (վանակատի մշակման արհեստանոց, աշտարակատիպ կառույց): Կարեն Ծերեթյանի մեկ այլ` «Հայտնաբերումներ Սյունիքում եւ Վայոց ձորում» հոդվածի ատաղձն է մեր այդ երկու մարզերում նույն ՊՈԱԿ-ի արշավախմբի 2016 թ. ուսումնասիրություններով հայտնաբերված 9 նորահայտ հուշարձանները (ժայռապատկերներ, քարայրեր, բնակատեղիներ, խաչքարեր): Ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մարիետա Գասպարյանն իր «Արդի ժամանակաշրջանի երեւանյան ճարտարապետության զարգացումները» հոդվածում լայն անդրադարձներ է կատարում, մայրաքաղաքի գլխավոր հատակագծի կտրվածքով, 1990-ական թթ. եւ 2000-2017 թթ. ճարտարապետական եւ շինարարական կյանքի նորույթներին` վերլուծելով հիմնական նորակառույցների, բազմագործառական համալիրների, տրանսպորտային ցանցի տիպաբանությունը, միտումներն ու հեռանկարները: ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ` «Պատմամշակութային ժառանգություն» մատենաշարով տպագրվել է նաեւ Երվանդ Սիմոնյանի «Ախալցխան կրակե օղակում» գիրքը (2-րդ, լրացված հրատարակություն, Եր., 2019 թ.), որն ամփոփում է ականատես հեղինակի հուշերն Առաջին աշխարհամարտի տարիների մասին եւ հատկապես 1918-1921 թթ. իրադարձալից Ախալցխա քաղաքի եւ հարակից 13 հայաբնակ գյուղերի նիստուկացը, ավանդույթներն ու սովորույթները, ազգամիջյան հարաբերությունները: Հատորում զետեղված է «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն-գլխավոր խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր, ծագումով Ջավախք աշխարհից Հովհաննես Այվազյանի գրախոսությունը` «Հերոսական ինքնապաշտպանության մի փառավոր էջ» վերտառությամբ: «Հուշարձան» տարեգրքի ԺԴ հատորը հարուստ պատկերազարդված է (22 գունավոր էջեր), հանդերձված է անձնանունների, տեղանունների, հուշարձանների ցանկերով, որոնք դասդասվել են ըստ հայերենի եւ 4 օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն): Նկար 1. «Հուշարձան» տարեգրքի նոր համարը |